Եթե Սիրիայում ներքաղաքական ճգնաժամն ու բախումները շարունակվեն, այդ երկիրը կվերածվի նոր Լիբիայի. արաբագետն անդրադարձել է վերջին զարգացումներին

8 րոպեի ընթերցում

Արաբագետ Արաքս Փաշայանը կարծում է, որ Սիրիայի և Իսրայելի կառավարությունների միջև այժմ հարաբերությունների բավականին լարված շրջան է և դեռ շուտ է պնդել, որ կողմերը խնդրահարույց հարցերի շուրջ մոտ ապագայում կգան այնպիսի համաձայնության, որը կբերի իրավիճակի կայունացման։  

«Արմենպրես»-ի հետ զրույցում Արաքս Փաշայանն անդրադարձավ Իսրայելի և Սիրիայի միջև վերջին օրերի սրացումներին, Սիրիայի ներսում տիրող իրավիճակին և այդ երկրի շուրջ ընթացքող աշխարհաքաղաքական զարգացումներին։  

«Այնպիսի տպավորություն է, որ Իսրայելի կառավարությունը ցանկանում է, որպեսզի Սիրիայի որոշ շրջաններ անջատվեն և դառնան կանտոններ։ Խոսքը մասնավորապես Սիրիայի հարավ-արևմտյան հատվածների, այդ թվում՝ աս-Սուեյդայի նահանգի մասին է, որը բնակեցված է դրուզներով, որոնք պատմականորեն Իսրայելի դաշնակիցներն են։ Սիրիայի և Իսրայելի կառավարությունների միջև հակամարտությունը բավականին սրվել է և առճակատումն արտահայտվում է ռազմական գործողություններով, ինչի ապացույցը մի քանի օր առաջ Իսրայելի կողմից Դամասկոսում գտնվող նախագահական պալատի  և Սիրիայի զինված ուժերի գլխավոր շտաբի դրոնային թիրախավորումն էր, որոնք գնացել էին աս-Սուեյդայի նահանգ՝ տեղում իրավիճակը լիցքաթափելու և բեդվինների ու դրուզների միջև հակասությունները կարգավորելու նպատակով»,- մանրամասնեց Փաշայանը։    

Նա վկայակոչեց իսրայելական կողմի պնդումներն առ այն, որ Սիրիայի հարավում դրուզների անվտանգությունը կասկածի տակ է, ուստի ստանձնել է իր դաշնակիցներին պաշտպանելու պարտավորություն։  

«Կան նաև տարածաշրջանային ուժային կենտրոններ ու տերություններ, որոնց գործողությունները փաստացի միտված են Սիրիայի տարբեր հատվածներն անջատելուն։ Թուրքիան արդեն իսկ օկուպացրել է հյուսիսային շրջանները, իսկ Իսրայելն իր հերթին ընդլայնել է իր դիրքերը թե՛Գոլանի հատվածում, թե՛ Սիրիայի հարավային շրջաններում»,- նշեց արաբագետը։  

Անդրադառնալով Սիրիա-Իսրայել բանակցություններին, Փաշայանը նշեց, որ դրանք շահեկանորեն առաջ չեն գնում, ճիշտ հակառակը՝ Դամասկոսի և Թել-Ավիվի միջև հարաբերությունների լարումը հետզհետե ավելի է խորանում, և առաջիկայում կայունացման միտումներ չեն նշմարվում։    

«Բաքվում օրեր առաջ բանակցություններն ավելի շատ դիտարկվում են Թուրքիա-Իսրայել երկխոսության համատեքստում, թեև Բաքու էր ժամանել նաև Սիրիայի անցումային շրջանի կառավարության ղեկավար, Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան, ով դատապարտել էր Իսրայելի հարձակումը Սիրիայի տարածքների վրա։ Չնայած որոշ հակասություններին և լարված հարաբերությունների առանձին փուլերին՝ Թուրքիայի և Իսրայելի միջև փոխգործակցությունը երբեք չի ընդհատվել, բայց հատկապես «սիրիական քեյսի» վերաբերյալ բանակցություններում դեռ առաջընթաց չկա, թեև կողմերը խոսում են կոնֆլիկտները հանգուցալուծելու, լարվածությունը հաղթահարելու և փոխգործակցությունը շարունակելու մասին»,- ասաց մեր զրուցակիցը։ 

Արաբագետը հիշեցրեց, որ նախապես ձեռք էր բերվել պայմանավորվածություն, ըստ որի՝ պետք է լինի մի հարթակ, որը կաշխատի թեժ գծի տրամաբանությամբ և կողմերը կկարողանան մշտապես տեղեկատվություն ունենալ՝ կանխելով բացասական միտումները։ Փաշայանի հավաստմամբ՝ թե՛ միջնորդական ուժերի ջանքերը, թե՛ սիրիական կառավարության հետ համագործակցության փորձերն, ընդհանուր առմամբ, ձախողվել են, որովհետև Սիրիայի կառավարությունը նույնիսկ միջազգային աջակցության պայմաններում չի կարողանում երկրում լիովին վերահսկել իրավիճակը։

«Ամենանուրբ խնդիրն, ըստ էության, առնչվում է էթնիկ փոքրամասնություններին, քանի որ Սիրիան էթնոդավանական փոքրամասնությունների խճանկար է, ուստի ամենակարևոր հարցը, որ պետք է աշ-Շարաան լուծի, ներքին հասարակական համերաշխության և բոլոր համայնքների ու խմբերի շահերի պաշտպանության ու անվտանգության ապահովումն է։ Այդուհանդերձ, ամիսներ առաջ տեղի ունեցավ ալավիների կոտորածը, իսկ վերջին օրերին արձանագրվեցին արյունալի բախումներ դրուզների և բեդվին ցեղերի միջև։ Այս գործընթացները ստեղծում են անվստահության մթնոլորտ և չեն նպաստում ներքաղաքական իրավիճակի կայունացմանը։ Հնչում են կարծիքներ, որ եթե իրադարձությունները շարունակվեն նման կերպ, ապա Սիրիան կվերածվի Լիբիայի, այսինքն՝ բոլոր կողմերը կկռվեն միմյանց դեմ»,- ասաց Փաշայանը։ 

Նա հավելեց, որ «Ջաբհաթ ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորումը, որը հետո դարձավ Սիրիայի պաշտպանական բանակ, նույնպես ի զորու չէ կայունացնել իրավիճակը երկրում, իսկ աշ-Շարաան իր հերթին անզոր է համախմբել հակամարտող խմբավորումներին, որպեսզի Սիրիան իսկապես դառնա պետություն, այլ ոչ թե ծառայի իսլամիստական խմբավորումների կամ առանձին օղակների շահերին։ 

«Բավականին ազդեցիկ է մնում նաև արտաքին ազդեցությունը, որովհետև Սիրիայի նկատմամբ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Թուրքիան, Իրանը, Ծոցի արաբական երկրները և Իսրայելը, որոնք կոնկրետ միջամտություններով ազդարարում են իրենց հավակնությունների մասին։ Թե՛ ներքին, թե՛ արտաքին գործոններով պայմանավորված՝ Սիրիայում վիճակը մնում է ծայրահեղ ծանր։ Իսկ ինչ վերաբերում է նրան, որ օրեր առաջ բանակցություններ տեղի ունեցան Բաքվում, ապա պետք է ասել, որ Ադրբեջանին նույնպես չի հաջողվի էական առաջընթաց արձանագրել իր միջնորդական ջանքերում»,- նշեց մեր զրուցակիցը։

Արաբագետի կարծիքով՝ չնայած այն հանգամանքին, որ որոշ ժամանակ առաջ հնչում էին տեսակետներ, թե Սիրիայում ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման հիմք կարող են լինել համապետական նոր ընտրությունները, այդուհանդերձ, հաշվի առնելով առկա իրադրությունը՝ առաջիկայում հնարավոր չի լինի կազմակերպել ու անցկացնել որևէ ընտրական գործընթաց։ 

«Ահմեդ աշ-Շարաան աշխատելու է հինգ տարի, սակայն Սիրիան այժմ գտնվում է այնպիսի ներքաղաքական սուր ճգնաժամում, որ շատ վաղ է խոսել համապետական ընտրությունների մասին»,- եզրափակեց Փաշայանը։

Սիրիայի մարդու իրավունքների դիտորդական կենտրոնի տեղեկություններով՝ Սիրիայի հարավային աս-Սուեյդայի նահանգում դրուզների և բեդվին ցեղերի միջև բախումների հետևանքով զոհվել է 356 մարդ։ Սիրիայի պաշտպանության և ներքին գործերի նախարարությունների ուժերը մտել էին աս-Սուեյդա՝ փորձելով վերահսկողություն հաստատել խնդրահարույց թաղամասերի նկատմամբ։ Իսրայելը թիրախավորել էր Դամասկոսում գտնվող Սիրիայի զինված ուժերի գլխավոր շտաբի տարածքը, ինչպես նաև ավիահարվածներ էր հասցրել աս-Սուեյդայի նահանգի տարբեր շրջանների՝ պահանջելով դադարեցնել դրուզների դեմ գործողությունները։ Սիրիայի բանակը հայտարարել է, որ սկսել է դուրս գալ աս-Սուեյդայից։  

Հայերեն Русский

ՀՀ կառավարությունը Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին կազատի մի շարք վարկային պարտավորություններից

Արդյոք սահմանին ՀՀ քաղաքացիները ստանում են վարժական հավաքների ծանուցում. Պապիկյանի անդրադարձը

Նոր Խարբերդում կառուցվում է նոր մանկապարտեզ

Եվրամիության օգնությամբ հայկական ծաղիկները կարտահանվեն Լատվիա. քննարկումներ կան նաև Նիդեռլանդների հետ

Եվրոպական երկրները պահանջել են ռուսաստանցիների համար խստացնել մուտքը Շենգենյան գոտի

Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg

Լիբանանի նախագահը հնարավոր է համարում հրադադարի հաստատումն առաջիկա 24 ժամվա ընթացքում

ԵՄ-ն ավելի քան 50 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ռուսական սահմանափակումների ֆոնին

Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը

Շիրակի մարզում աշնանացան ցորենի մշակության համար կտրամադրվի ավելի քան 1 միլիարդ դրամ փոխհատուցում