Ո՞րն է Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների սրման իրական առիթը. մանրամասնում է քաղաքագետը
6 րոպեի ընթերցում

Տարիների ընթացքում Ռուսաստանի վերնախավում ձևավորվեց ռազմաքաղաքական ու փիլիսոփայական մի ուղղություն, որը Հարավային Կովկասը դիտարկում էր այն տրամաբանության մեջ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընտրություն կատարելիս՝ պետք է առավելություն տալ տարածքով ավելի մեծ և ռեսուրսներով ավելի հարուստ Ադրբեջանին, ինչը հանգեցրեց նրան, որ շատ գործընթացների համատեքստում ռուսական կողմը կոշտ չէր պատասխանում Ադրբեջանին։ Սակայն մի բան է զուտ տեսական գնահատականը, բոլորովին այլ բան է գետնի վրա առկա իրողությունների հանրագումարը։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում Ռուսաստանի և Ադրբեջանի միջև սրված հարաբերություններին։
Նրա խոսքով՝ ռուսական պետությունն ավելի քան 250 տարի իր հարավային սահմանների շուրջ կառուցել է որոշակի անվտանգային համակարգ, որի բաղկացուցիչ մասերը տարբեր շրջաններում տարբեր են եղել, սակայն հիմքում եղել են պետություններ, որոնց քաղաքական էլիտաները լոյալ են վերաբերվել ռուսական կենտրոնական իշխանությանը։
«Կար այն ընկալումը, որ Ադրբեջանին առավելություն տալու պարագայում ռուսական կողմն Ադրբեջանի միջոցով կկարողանար Եվրասիական մեծ ընտանիքին ինտեգրել նաև թուրքական աշխարհի զգալի հատվածը։ Բայց իբր պրոռուսական հանդիսացող Ադրբեջանը ներկա պահին անում է այն, ինչ պետք է աներ, այսինքն՝ կարողացել է իր համար կենսական նշանակություն ունեցող հարցեր կարգավորել, հետևաբար Ադրբեջանին առավելություն տալու հաշվարկն այն նկատառությամբ, որ Ադրբեջանը ՌԴ-ի համար կլինի դաշնակից, տապալվել է։ Ադրբեջանը վաղուց ոչ թե Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, այլ Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի պրոքսին, որը տարբեր ժամանակներում օգտագործվում է տարբեր երկրների դեմ։ 2020 թվականին՝ օգտագործվեց Հայաստանի դեմ, իսկ վերջին 12-օրյա պատերազմի ընթացքում՝ Իրանի դեմ»,- նշեց Մաթևոսյանը։
Նրա դիտարկմամբ՝ պետք է տարանջատել ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացման բուն պատճառն ու առիթը։ Ըստ այդմ՝ առիթն իրականում ուկրաինական Կրեմենչուկի նավթամշակման գործարանին ռուսական կողմից հասցված հարվածներն էին, որոնց արդյունքում Ադրբեջանի եկամտային աղբյուրներից մեկը պարզապես ոչնչացվեց։ Ռուսական կողմին վաղուց հայտնի էր, որ գործարանը փաստացի շահագործվում էր ադրբեջանցիների կողմից, սակայն ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ որոշեցին իրականացնել այդ հարվածները։ Դրանից հետո ակնառու դարձավ սրացումների շղթան՝ Ադրբեջանում ռուս լրագրողների ձերբակալում և ՌԴ-ում ադրբեջանցի էթնիկ հանցավոր խմբերի դեմ ուղղորդված գործողություններ։
Մաթևոսյանի տեղեկացմամբ՝ Ռուսաստանում արդեն սկսել են ձերբակալել նույնիսկ այն պաշտոնյաներին, որոնք նպաստել են ադրբեջանական էթնոկրիմինալ խմբերի ձևավորմանն ու նրանց գործողությունների ծավալմանը։
«Այժմ Ռուսաստանում ոչ միայն տեսնում են զարգացումները, այլև հասկանում են դրանց էությունը, ուստի թեկուզ որոշ չափով ուշացած, բայց փորձում են կանխարգելիչ քայլեր ձեռնարկել, որպեսզի ադրբեջանական պրոքսին չօգտագործվի նաև Ռուսաստանի դեմ։ Քանի որ ՌԴ-ն մեծ և ուժեղ պետություն է, հետևաբար ունի սխալվելու ժամանակային լիմիտներ։ Եթե նույնիսկ կորցնի ամբողջ Հարավային Կովկասը, դա չի նշանակում, որ Մոսկվան իսկույն կընկնի։ Այստեղ ներգրավված են շատ խաղացողներ՝ ՌԴ վերնախավի տարբեր թևերը, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Թուրքիան, Իրանը։ Ռուսներն ադրբեջանցիների դեմ պայքարը սկսել են իրենց երկրի ներսում, քանզի գիտակցում են, որ Ադրբեջանի դեմ ավելի կտրուկ գործողությունների դեպքում վերոհիշյալ խմբավորումները կարող են օգտագործվել ՌԴ-ում իրավիճակն ապակայունացնելու համար»,- պարզաբանեց քաղաքագետը։
Քաղաքագետի խոսքով՝ ՌԴ-ի հետ հարաբերությունները կարգավորելու փոխարեն Ադրբեջանը գնում է ավելի մեծ սրացման՝ զուգընթաց խորացնելով փոխգործակցությունն Ուկրաինայի հետ և օգնություն տրամադրելով վերջինիս։
«Ուկրաինայի իշխանություններն իրենց հերթին Ալիևին առաջարկել են, որ ադրբեջանական գազը պահվի ուկրաինական ստորգետնյա պահեստներում։ Չի բացառվում, որ այդ դեպքում Ռուսաստանը հարվածներ կհասցնի նաև այդ պահեստներին, ասել է թե՝ նաև ադրբեջանական էներգետիկ համակարգին, ինչն ավելի կմեծացնի լարվածությունը»,- ասաց Մաթևոսյանը։
Անդրադառնալով ռուս-ադրբեջանական սրված հարաբերությունների համատեքստում հատկապես Թուրքիայի գործոնին և վերաբեմունքին՝ մեր զրուցակիցը նշեց, որ կոշտ առճակատման պարագայում Անկարայի համար երկընտրանք չի կարող լինել։
«Հաշվի առնելով թուրքական քաղաքականությունը՝ շատ հավանական է, որ Թուրքիան կարող է, այսպես ասած, վաճառքի հանել Ադրբեջանին՝ դրա դիմաց ինչ-որ բան պահանջելով կամ կորզելով Ռուսաստանից։ Բանակցային դաշտն այստեղ բավականին լայն է։ Մեզանում կա այն ընկալումը, որ Թուրքիան և Ադրբեջանն առաջնորդվում են մեկ ազգ, երկու պետություն հայեցակարգով, բայց ի վերջո չպետք է մոռանալ, որ անկախ ամեն ինչից՝ Թուրքիայի համար առաջնային է իր շահը, ուստի կարող է նույնիսկ Ադրբեջանի հաշվին գնալ որոշակի սակարկումների՝ ինչ-որ բան ստանալու ակնկալիքով»,- եզրափակեց քաղաքագետը։
