Պուտինը Սիրիայի նախագահի հետ քննարկել է հարաբերությունների զարգացման հեռանկարները
2 րոպեի ընթերցում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի անցումային ժամանակաշրջանի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի հետ ունեցած հեռախոսազրույցում քննարկել է երկու երկրների հարաբերությունների զարգացման հեռանկարները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Երկուստեք նշվել է Հմեյմիմի ավիաբազայի և Տարտուս նյութատեխնիկական ապահովման կետի վերակառուցման վերաբերյալ օգոստոսի 9-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրի կարևոր նշանակությունը», - նշված է հաղորդագրության մեջ։
Ղեկավարները պատրաստակամություն են հայտնել խորացնելու երկխոսությունն ու համագործակցությունը, այդ թվում՝ առևտրի, տնտեսական և հումանիտար ոլորտներում։ Պուտինը հաստատել է իր աջակցությունը Սիրիայի միասնությանը, տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ Նախագահները նաև պայմանավորվել են շարունակել շփումները։
Ըստ «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Սիրիայի արտաքին գործերի նախարարությունում հաղորդել են, որ Հմեյմիմի և Տարտուսի ռազմաբազաները պլանավորում են վերափոխել պատրաստման և ուսուցման համատեղ կենտրոնների։ Քաղաքացիական նշանակության օբյեկտները պետք է անցնեն սիրիական պետության կառավարման ներքո։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում ընդգծել են, որ այս պայմանագիրը խթան կհաղորդի Մոսկվայի և Դամասկոսի հարաբերությունների զարգացմանը։