Կատարում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունների փուլն ավարտվել է առանց էական առաջընթացի

3 րոպեի ընթերցում

 Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև Գազայում հրադադարի և պատանդների վերաբերյալ հնարավոր համաձայնագրի շուրջ Կատարում անցկացվող անուղղակի բանակցությունների հինգերորդ փուլն ավարտվել է առանց էական առաջընթացի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Times of Israel-ը։

Պաղեստինցի պաշտոնյան, որի անունը չի նշվում, պնդել է, որ հարցերը «փակուղու մեջ են»՝ մեղադրելով Իսրայելի բանակցային թիմին «լսելով սահմանափակվելու, այլ ոչ թե բանակցելու», ինչպես նաև Իսրայելում գտնվող պաշտոնյաների հետ «յուրաքանչյուր հարցի» շուրջ խորհրդակցելու մեջ։

Պաշտոնյան խոսքով՝ Իսրայելի թիմը չունի իրական որոշումներ կայացնելու լիազորություններ։ Ըստ  նրա՝ սա «վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմից ցանկացած հնարավոր համաձայնագրի խոչընդոտելու և ձգձգման քաղաքականության շարունակությունն է»։

Միաժամանակ, բրիտանական Sky News հեռուստաալիքը, հղում անելով աղբյուրներին, հաղորդում է, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև միակ չլուծված խնդիրը մնում է Իսրայելի պաշտպանության ուժերի (IDF) կարգավիճակը և ներկայությունը Գազայի հատվածում։

Sky News Arabia-ի տեղեկացմամբ՝ Կատարի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաջեդ ալ-Անսարին հուլիսի 8-ին հայտարարել է, որ Դոհայում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև Գազայում հրադադարի վերաբերյալ ընթացող բանակցությունները «ժամանակ են պահանջում»։

«Չեմ կարծում, որ այս պահին կարող եմ ժամկետ սահմանել, բայց կարող եմ ասել, որ դա ժամանակ կպահանջի», - Դոհայում կայացած մամուլի ասուլիսում նշել է ալ-Անսարին՝ համաձայնության հասնելու հնարավորության մասին հարցին ի պատասխան։

Կատարը Միացյալ Նահանգների և Եգիպտոսի հետ միասին միջնորդում է Գազայում հրադադարի հաստատմանն ուղղված բանակցությունները 2023 թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի վրա հարձակումից հետո բռնկված պատերազմի առաջին օրերից ի վեր։

Պաղեստինյան աղբյուրների համաձայն՝ առաջարկվող համաձայնագիրը ներառում է 60-օրյա հրադադար, որի ընթացքում ՀԱՄԱՍ-ը կազատի տասը ողջ մնացած պատանդի և կհանձնի մի քանիսի աճյունները՝ Իսրայելում բանտարկված պաղեստինցիների ազատ արձակման դիմաց։

ՀԱՄԱՍ-ը նաև պահանջում է որոշակի պայմաններ Իսրայելի ուժերի դուրսբերման համար, ինչպես նաև երաշխիքներ, որ բանակցությունների ընթացքում մարտերը չեն վերսկսվի, և ՄԱԿ-ը կգլխավորի օգնության բաշխման համակարգը։

Հայերեն Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ