Ադրբեջան

Մոսկվան պատրաստ է աջակցել Ադրբեջանին ԵԱՏՄ ճանապարհին.  ՌԴ ԱԳՆ

2 րոպեի ընթերցում

Մոսկվան պատրաստ է աջակցել Ադրբեջանին ԵԱՏՄ ճանապարհին.  ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը պատրաստ է ամեն կերպ նպաստել Ադրբեջանի մերձեցմանը Եվրասիական տնտեսական միության հետ, ինչը կամրապնդի տնտեսական կապերն ընդհանուր տարածքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ NEWS.ru-ի թղթակիցը տեղեկացնում է, որ այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում:

Գալուզինի գնահատմամբ՝ սա դրական ազդեցություն կունենա Ադրբեջանի տնտեսության վրա՝ ընդհանուր ապրանքների շուկա մուտք գործելու և տրանսպորտի, ծառայությունների ու ներդրումների ոլորտներում ընդլայնված համագործակցության միջոցով:

«Մենք պատրաստ ենք ամեն կերպ նպաստել Ադրբեջանի մերձեցմանն այս ինտեգրացիոն միավորման հետ, քանի որ կարծում ենք, որ դա կնպաստի մեր ընդհանուր եվրասիական տարածքում առկա տնտեսական կապերի հետագա ամրապնդմանը: Ավելին, մենք կարծում ենք, որ դա դրական ազդեցություն կունենա Ադրբեջանի տնտեսության վրա, քանի որ երկիրը կստանա ընդհանուր ապրանքների շուկայի առավելություններից օգտվելու հնարավորություն և կկարողանա ընդլայնել համագործակցությունը տրանսպորտի, ծառայությունների և ներդրումների ոլորտներում», - ասել է Գալուզինը:

Փոխնախարարը նաև նշել է, որ լինելով Ռուսաստանին սահմանակից երկիր՝ Ադրբեջանը կարող է դառնալ եվրասիական մեծ տարածքում կարևոր տրանսպորտային և լոգիստիկ հանգույցներից մեկը: Նա ընդգծել է, որ ռուսական կողմը նպատակ ունի հասնել Հարավային Կովկասի մայրուղիների ներդաշնակ և փոխլրացնող կապակցվածության:

Իր հերթին, ՏԱՍՍ-ը նշում է, որ Գալուզինը ֆորումի շրջանակներում նաև հայտնել է Բաքվի հետ հարաբերություններն ամեն կերպ զարգացնելու տրամադրվածության մասին:

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան նույնպես հայտարարել է, որ Մոսկվան նպատակադրված է հետևողականորեն զարգացնելու Ադրբեջանի հետ երկկողմ կապերի ամբողջ համալիրը:

Կարդացեք հոդվածը` Englishفارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում