Մշակույթ

Մեկնարկել է «Թանգարանի կրթական հնարավորությունները ֆորմալ կրթության ոլորտում» վերապատրաստման դասընթացը

2 րոպեի ընթերցում

Մեկնարկել է «Թանգարանի կրթական հնարավորությունները ֆորմալ կրթության ոլորտում» վերապատրաստման դասընթացը

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիա» ՀԿ-ն «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի հետ համատեղ իրականացնում է «Թանգարանի կրթական հնարավորությունները ֆորմալ կրթության ոլորտում» վերապատրաստման դասընթացը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ հնգօրյա դասընթացին մասնակցում են 36 մենթոր դպրոցի ուսուցիչ և 14 թանգարանային մանկավարժ։ Նպատակն է ընդլայնել և զարգացնել թանգարանների դերը ֆորմալ կրթության գործընթացում՝ ամրապնդելով թանգարան-դպրոց համագործակցությունը, ներկայացնել թանգարանները որպես կրթական ռեսուրս և հարթակ՝ դպրոցական ուսուցման արդյունավետությունն ու ընկալելիությունը բարձրացնելու նպատակով։ 

Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան թանգարանային մանկավարժության հիմունքներին, թանգարան-դպրոց համագործակցության տեսակներին, մեթոդներին, տեղական և միջազգային փորձին:

Դասընթացի մեկնարկին մասնակիցներին ողջունել է ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը: Մատնանշելով ժամանակակից աշխարհում թանգարանների վերափոխվող առաքելության և կրթամշակութային ներուժի հնարավորությունները՝ նա կարևորել է ինչպես թանգարանային մանկավարժության դերը, այնպես էլ թանգարան-դպրոց համակարգված երկխոսությունը: Աստղիկ Մարաբյանը նաև շեշտել է, որ նշյալ ծրագիրն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության մշակութային քաղաքականության լայն համատեքստում, որի նպատակն է ընդլայնել մշակույթի դերը կրթական գործընթացներում, ձևավորել թանգարանների և ուսումնական հաստատությունների ինստիտուցիոնալ համագործակցություն:

Ծրագրի արդյունքում ուսուցիչների  և թանգարանային մանկավարժները համատեղ  կմշակեն դպրոցական ուսումնական ծրագրերին համապատասխան թանգարանային կրթական ծրագիր՝ ԿԶՆԱԿ-ի չափորոշիչներին համապատասխան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում