Մշակույթ

Մշակութային գործիչները Մհեր Մկրտչյանի 95-ամյակի կապակցությամբ այցելել են պանթեոն

3 րոպեի ընթերցում

Մշակութային գործիչները  Մհեր Մկրտչյանի 95-ամյակի կապակցությամբ այցելել են պանթեոն

Այսօր թատրոնի և կինոյի դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի ծննդյան 95-ամյակն է: Օրվա կապակցությամբ՝ Հայաստանի կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, Թբիլիսիի հայկական թատրոնի, ինչպես նաև մշակույթի ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ և արվեստասերներ Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում ծաղիկներ են խոնարհել մեծանուն դերասանի շիրիմին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, շնորհակալություն հայտնելով ներկաներին Մհեր Մկրտչյան դերասանի հիշատակը պատվելու համար՝ փոխնախարար Դանիել Դանիելյանը նշել է. 

«Մհեր Մկրտչյանն իր թատերական գործունեությամբ կերտել է տարբեր ժողովուրդների բարեկամության և համամարդկային արժեքներ փոխանցող կերպար: Արժևորելով նրա թողած ժառանգությունը՝ կարևոր է, որ մերօրյա երիտասարդները ոգեշնչվեն նրա գործերով, չվախենան երազելուց և շարունակեն համամարդկային արժեք ունեցող գործը»:

Մեծարանքի խոսքով հանդես է եկել նաև Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը: 

«Մհեր Մկրտչյանը մեր հայելին է. նրա միջոցով մենք տեսնում ենք ինքներս մեզ: Չկա ընտանիք, որտեղ նա իր հետքը թողած չլինի՝ նպաստելով աշխարհայացքի ձևավորմանը, հայ մարդու խորը կերպարի ստեղծմանն ու բացահայտմանը»,- ասել է նա՝ հավելելով, որ ոլորտում ապագայի ծրագրերը պետք է իրականացվեն նաև Մհեր Մկրտչյանի հիշատակի առջև պատասխանատվությամբ:  

Գնահատանքի խոսքեր հնչեցնելով մեծանուն արվեստագետի հիշատակին՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը նշել է. «Մհեր Մկրտչյանն իր արվեստով որևէ դպրոցի չի պատկանում. նրա ստեղծած արվեստը վեր է բոլոր սահմաններից»:

Օրվա շրջանակում  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Վրաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ հուլիսի 4-ին ժամը 19:30-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Սիրո կամուրջ» խորագրով հիշատակի միջոցառում՝ նվիրված Մհեր Մկրտչյանին և Սոֆիկո Ճիաուրելիին: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում