Իրավունք

ԱԺ-ն քննարկում է Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդությունը

4 րոպեի ընթերցում

ԱԺ-ն քննարկում է Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդությունը

Հայաստանի Ազգային ժողովը քննարկում է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը։ 

Ներկայացնելով միջնորդությունը՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընդգծել է, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում 2017 թվականին նախաձեռնվել է քրեական վարույթ և փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված, պետական սեփականություն հանդիսացող Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցեում գտնվող 10 հազար 526 քառակուսի մետր հողատարածքը զավթվել և 2010-2015 թվականներին առանց կառուցապատման իրավունքի հայտարարագիր ներկայացնող պարտականություն ունեցող անձի կողմից ինքնակամ կառուցվել է առանձնատուն։ 

Նրա խոսքով՝ նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերը նշված հողատարածքը և դրա վրա կառուցված առանձնատունը 2010 թվականից փաստացի տիրապետվում է Սեյրան Օհանյանի կողմից։ 

«2025 թվականի հունիսի 9-ին քրեական վարույթի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից ներկայացվել է առաջարկություն՝ քրեական հետապնդման անձեռնմխելիությունից օգտվող անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ իրավասու մարմնին դիմելու վերաբերյալ։ Հսկող դատախազի ներկայացրած առաջարկության համաձայն՝ կատարված քննությամբ ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ, որոնք հիմք են տալիս Ազգային ժողովի պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել այն բանի համար, որ նա 2008-2016 թվականներին, զբաղեցնելով պաշտպանության նախարարի պաշտոնը, 2010-2015 թվականների ընթացքում զավթել, առանց իրավական հիմքերի զբաղեցրել է բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցեում գտնվող 10 հազար 526 քառակուսի մետր մակերեսով հողատարածքը։ Կառուցապատման իրավունքի բացակայության պայմաններում Սեյրան Օհանյանը հանձնարարել է իր ենթակա, Պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Աշոտ Գրիգորյանին և այլ անձանց Պաշտպանության նախարարության կողմից իրականացված գնումների գործընթացներին մասնակցած շինարարական կազմակերպությունների և դրանց ծառայողների ներգրավմամբ կազմակերպել և ապահովել հիշյալ տարածքում իր համար առանձնատան կառուցումը։ Նշված տարածքի և այնտեղ գտնվող գույքի պահպանությունը, Սեյրան Օհանյանի հանձնարարությամբ, իրականացվել է Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության կողմից, որոնց 2011-2016 թվականներին պահպանության ծառայության համար պետական բյուջեի միջոցներից վճարվել է առնվազն 13 միլիոն 120 հազար դրամ աշխատավարձ»,- մանրամասնել է ՀՀ գլխավոր դատախազը։

Աննա Վարդապետյանը, պատասխանելով պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին, ընդգծեց, որ Սեյրան Օհանյանը պնդում է, որ ինքն օգտագործել է նշված գույքը, պնդում է, որ այդ գույքը կառուցել է իր անձնական միջոցներով։ «Սեյրան Օհանյանը չի հերքում, որ պարբերաբար օգտագործել է տվյալ գույք»,- ասել է Վարդապետյանը։ 

Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ՝ անցնելով հղմամբ։  

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարեցին, որ միջնորդության քննարկմանը չեն մասնակցելու և դատախազի ելույթից առաջ լքեցին դահլիճը։ 

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում