ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է «Ֆինանսավորելով զարգացման նոր տասնամյակը Դեպի ծով ելք չունեցող երկրների համար» խորագրով նախարարական հանդիպմանը
2 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Սևիլիայում ընթացող Զարգացմանն ուղղված չորրորդ միջազգային համաժողովի շրջանակներում մասնակցել և ելույթով հանդես է եկել «Ֆինանսավորելով զարգացման նոր տասնամյակը Դեպի ծով ելք չունեցող երկրների համար» խորագրով նախարարական հանդիպմանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳ նախարարությունից հայտնում են, որ իր ելույթում ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է դեպի ծով ելք չունեցող երկրների (LLDC) համակարգային խոցելիությանը՝ կարևորելով ՄԱԿ մարմինների կողմից թիրախային գործողությունների իրականացումը՝ ուղղված վերջիններիս զարգացման կարիքների պատշաճ հասցեագրմանը։ Այս համատեքստում ընդգծվել է նաև միջազգային հանրության կողմից համակարգված ջանքերի գործադրման կարևորությունը՝ LLDC խմբի ենթակառուցվածքների զարգացման և ներառական տնտեսական աճի խթանման հարցում:
ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում նշել է, որ Ավազայի Գործողությունների ծրագիրը սահմանում է միջոցառումների և հանձնառությունների հստակ շրջանակ LLDC խմբի սոցիալ-տնտեսական խնդիրների հասցեագրման համար՝ շեշտադրելով ծրագրի գործնական իրականացման հարցում տրանսպորտային ենթակառուցվածքներին հատկացվող ոչ բավարար ֆինանսավորման խնդիրը։
Անդրադառնալով ներառական փոխկապակցվածության, բաց սահմանների և փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցության գաղափարին՝ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը՝ վերահաստատելով տարածաշրջանում խաղաղության և համագործակցության հաստատմանն ուղղված Հայաստանի հանձնառությունը: