Ազգային երիտասարդական համաժողովն այս տարի տեղի կունենա օգոստոսին՝ համախմբելով Հայաստանի և սփյուռքի 800 երիտասարդների
5 րոպեի ընթերցում
Արդեն երկրորդ անգամ անցկացվող Ազգային երիտասարդական համաժողովն այս տարի տեղի կունենա օգոստոսի 5-ից 7-ը՝ Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում և հարակից Անգլիական այգու տարածքում։ Համաժողովը հնարավորություն կտա մեկ հարթակում համախմբել սփյուռքի և Հայաստանի երիտասարդներին՝ նոր առաջարկների, խորհուրդների, խնդիրների և մարտահրավերների վեր հանման և դրանց լուծումներ տալու նպատակով:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի խորհրդական, համաժողովի համակազմակերպիչ և պատասխանատու Արամ Ոսկանյանը նշեց՝ այս տարի համաժողովը համախմբելու է 800 մասնակցի, որոնցից 600-ը կլինեն սփյուռքի տարբեր համայնքներից, 200-ը՝ Հայաստանից:
«Մասնակիցները ամենատարբեր ոլորտներ ու բնագավառներ ներկայացնող 18- 35 տարեկան երիտասարդներ են: Այս պահի դրությամբ ունենք 1200 հայտ-դիմում: Մասնակիցներին ընտրում ենք՝ ելնելով ներկայացված հայտերից և այն չափանիշներից, որոնք վերաբերում են համայնքում երիտասարդների ակտիվությանը, հասարակական գործունեությանը, Հայաստանին առնչվող նախագծերում որևէ կերպ ներգրավվածությանը և այլն: Այս տարի կա մի առանձնահատկություն՝ հայտեր ներկայացրած մասնակիցների գրեթե 60 տոկոսն առաջին անգամ է լինելու Հայաստանում: Սա նաև հնարավորություն է, որպեսզի սփյուռքահայ երիտասարդներն առաջին անգամ գան Հայաստան ու իրենց ծանոթությունը հայրենիքի հետ սկսեն հենց այս համաժողովի միջոցով»,- ասաց Արամ Ոսկանյանը:
Նա նշեց՝ Ազգային երիտասարդական համաժողովն առաջին անգամ կազմակերպվել է 2023 թվականին և անցկացվում է 2 տարին մեկ:
Ոսկանյանի խոսքով՝ 2023 թվականին ունեցել են 600 մասնակից, այս տարի որոշել են ներգրավել ավելի շատ մասնակիցների, քանի որ միշտ ստանում են ավելի շատ հայտեր, քան կարող են ընդունել:
«Համաժողովն անցկացվելու է ինտերակտիվ ձևաչափերով, որոնց մեջ են մտնում վարպետության դասեր, կլոր-սեղան քննարկումներ, բաց դասախոսություններ, պանելային նիստեր, բայց բոլոր ձևաչափերը կառուցված են այնպես, որ մասնակիցներն առավելագույն հնարավորություն ունենան մասնակցելու բոլոր քննարկումներին:
Երիտասարդական համաժողովի յուրաքանչյուր օրն ունենալու է թեմատիկ ուղղվածություն, որի ընթացքում ձևավորվելու է միասնական նպատակների և գաղափարների քննարկման հարթակ: Քննարկվելու են ամենատաբեր հարցեր, այդ թվում՝ ազգային ինքնությանը վերաբերող, Հայաստանին և սփյուռքին առնչվող։ Անդրադառնալու ենք նաև արևմտահայերենի և արևելահայերենի առանձնահատկություններին: Նպատակը ոչ թե ակադեմիական զրույց տանելն է, այլ սփյուռքի երիտասարդների շրջանում հայերեն սովորելու և զարգացնելու ուղղությամբ հետաքրքրություն առաջացնելը»,-ասաց նա:
Ոսկանյանը նշեց՝ համաժողովի շրջանակում փորձելու են փնտրել ճանապարհներ, թե ինչպե՞ս սփյուռքի հայ երիտասարդները կարող են ներգրավվածություն ունենալ Հայաստանի ամենատարբեր բնագավառներում՝ ինչպես մասնագիտական, այնպես էլ այլ առումներով՝ լինի դա պետական համակարգում, մասնավոր կամ հասարակական ոլորտներում։
«Նաև փորձելու ենք նոր նախաձեռնություններ ու ուղղություններ մշակել, որոնք հետագայում մեզ համար հիմք կհանդիսանան երիտասարդների հետ աշխատանքում»,- ասաց Ոսկանյանը:
Խոսելով առաջին համաժողովից՝ համակազմակերպիչը նշեց, որ այն միտված էր ցանցի ստեղծմանը, այսինքն՝ կապերի հաստատմանը երիտասարդական տարբեր համայնքների միջև:
Նրա խոսքով՝ տարբեր ոլորտներ ներկայացնող երիտասարդներ անցած համաժողովի ժամանակ ծանոթացել են և սկսել են համատեղ տարբեր ծրագրեր իրականացնել: Այսինքն՝ սա հարթակ է, որը նաև նոր կապեր հաստատելու մեծ հնարավորություն է:
«Համաժողովից հետո դրական արձագանքը բավականին մեծ էր, այդ իսկ պատճառով մենք որոշեցինք այն շարունակել և այդ հարթակը դարձնել ավելի ընդգրկուն»,- եզրափակեց Արամ Ոսկանյանը:
Ազգային երիտասարդական համաժողովը կազմակերպում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը: