2 րոպեի ընթերցում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է հուլիսի 7-ին Սպիտակ տանը հյուրընկալել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներից մեկին, որի անունը չի նշվում։
Հունիսի 30-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Սպիտակ տան մամուլի խոսնակ Քերոլայն Լևիթը հայտնել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավոր խորհրդական Ռոն Դերմերը այս շաբաթ Վաշինգտոնում է՝ ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաների հետ հանդիպելու նպատակով։
Լևիթը լրագրողներին հայտնել է, որ Թրամփի վարչակազմը մշտական կապի մեջ է եղել Իսրայելի կառավարության հետ՝ նշելով, որ Թրամփը Գազայում պատերազմի ավարտը և պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող մնացած պատանդների վերադարձը համարում է գերակա խնդիր:
Վաշինգտոնում գտնվող իսրայելցի պաշտոնյան, որի անունը չի նշվում, նույնպես հաստատել է հուլիսի 7-ին կայանալիք հանդիպման մասին: Պաշտոնյան հավելել է, որ երկու առաջնորդները կքննարկեն Իրանը, Գազան, Սիրիան և այլ տարածաշրջանային մարտահրավերներ:
Իսրայելը հունիսի 30-ին սաստկացրել է իր հարձակումները Գազայի հյուսիսային հատվածի վրա։ Դրանից ընդամենը մեկ օր առաջ Թրամփը կոչ էր արել դադարեցնել 20 ամիս տևած պատերազմը՝ սոցիալական ցանցերում գրառում կատարելով. «Կնքեք համաձայնագիր Գազայում և վերադարձրեք պատանդներին»:
Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի կողմից Գազայի հատվածում իրականացված ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 56 500-ի, իսկ վիրավորներինը՝ 133 419-ի։
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։