Իրավունք

ՀՀ գլխավոր դատախազը և Եվրաջասթի ներկայացուցիչը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր

2 րոպեի ընթերցում

ՀՀ գլխավոր դատախազը և Եվրաջասթի ներկայացուցիչը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Դատախազության՝ Դիլիջանում գտնվող նստավայրում ընդունել է Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) ներկայացուցիչ Էրիկ Ֆոգելսբոյին։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազությունից, Եվրաջասթի ներկայացուցիչը Հայաստան է ժամանել մասնակցելու ՀՀ դատախազության հիմնադրման 107-ամյակի և Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ Դիլիջանում հուլիսի 1-ին մեկնարկող «Դատախազների անկախությունն ու անաչառությունը՝ հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համատեքստում. կոռուպցիա և փողերի լվացում» թեմայով միջազգային երկօրյա բարձրաստիճան համաժողովին։

Նշվում է, որ Հայաստանի և Եվրոպական միության միջև շուրջ երկու տարի տևած բանակցությունների արդյունքում՝ 2024 թվականի ապրիլի 5-ին կնքվել է «Հայաստանի Հանրապետության և Եվրաջասթի միջև համագործակցության մասին» համաձայնագիրը, իսկ նույն տարվա սեպտեմբերի 23-ին ստորագրվել է համաձայնագրի իրականացման վերաբերյալ աշխատանքային պայմանավորվածությունը: Ներպետական ընթացակարգերն ավարտելուց հետո Հայաստանը Եվրաջասթ կգործուղի լիազոր դատախազին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 2024 թվականի մարտի 7-ին և նոյեմբերի 6-ին Նիդեռլանդների Թագավորություն կատարած աշխատանքային այցերի շրջանակում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ Եվրաջասթում ունեցած հանդիպումներին:

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

Համաժողովը կազմակերպվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի՝ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրով համաֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող՝ «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» և «Հայաստանում տնտեսական հանցագործությունների արդյունավետ կանխարգելման և դրանց դեմ պայքարի ազգային կարողությունների հզորացում» ծրագրերի շրջանակում:

 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում