Մշակույթ

Մինաս Ավետիսյանի «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարները կտեղափոխվեն Ջաջուռ

2 րոպեի ընթերցում

Մինաս Ավետիսյանի «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարները կտեղափոխվեն Ջաջուռ

Մինաս Ավետիսյանի «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարները Կառավարական տուն 1 հասցեի վարչական շենքի նիստերի դահլիճից կտեղափոխվեն Ջաջուռում գտնվող Մինաս Ավետիսյանի թանգարան («Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ):

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տարածած հաղորդագրությունից, որմնանկարների տեղափոխման աշխատանքները սկսվել են գարնանը, և այդ նպատակով մշակվել է որմնանկարների՝ տեղում ապամոնտաժման, մասնատման, տեղափոխման և նոր վայրում վերականգնման սխեմատիկ նախագիծ: 

Որմնանկարների՝ Մինաս Ավետիսյան թանգարան տեղափոխումն ու վերականգնումը պայմանավորված է նշյալ գործերը հանրայնացնելու անհրաժեշտությամբ: Այն հնարավորություն կտա որմնանկարները ցուցադրել թանգարանային միջավայրում՝ հեղինակի այլ ստեղծագործությունների հետ համատեղ, ինչպես նաև հանրության համար հնարավորություն կստեղծվի թանգարան այցելելով՝ տեսնել որմնանկարները:

Նշված աշխատանքների ֆինանսավորման նպատակով սխեմատիկ նախագծի հիման վրա կազմվել է նախահաշիվ (փորձաքննված), ապա սահմանված կարգով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2025 թվականի հունիսի 27-ին բաց ընթացակարգով հայտարարել է որմնանկարների ապամոնտաժման, տեղափոխման և վերականգնման աշխատանքների իրականացման մրցույթ։ Մրցույթի վերջնաժամկետը 2025 թ․ հուլիսի 1-ն է:

Մինաս Ավետիսյանի «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարները ՀՀ կառավարության 2010 թ. հունիսի 17-ի N 734-Ա որոշման համաձայն՝ Գյումրի քաղաքի «Էլեկտրատեխնիկական գործարան» ՓԲԸ-ի նախկին ճաշարանի շենքից տեղափոխվել են ՀՀ կառավարական N 1 շենքի 3-րդ հարկի նիստերի մեծ դահլիճ և վերականգնվել՝ 1988 թ. ավերիչ երկրաշարժի հետևանքով անմխիթար վիճակից փրկելու նպատակով։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում