«ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքում նորից հաղթանակ տոնեց Կապանի թիմը
4 րոպեի ընթերցում

Դպրոցականների շրջանում սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացման խթանման նպատակով անցկացվող «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարի 4-րդ խաղարկությունում ևս հաղթանակ տոնեց Կապանի թիվ 9 դպրոցը, ինչպես նախորդ բոլոր տարիներին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 4-րդ տարին անընդմեջ հաղթեց Սյունիքի մարզի Կապանի Հունան Ավետիսյանի անվան թիվ 9 դպրոցը: Երկրորդ և երրորդ տեղերը, համապատասխանաբար, զբաղեցրեցին Վայոց ձորի մարզի Արենիի միջնակարգ դպրոցը ու Արարատի մարզի Ուրցաձորի միջնակարգ դպրոցը:
Եզրափակիչ փուլին մասնակցեցին հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող էին ճանաչվել մարզային և համայնքային փուլերում: Մրցաշարի վերջին փուլին մասնակցեց 11 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ (5 տղա, 2 աղջիկ), որոնք հաղթահարեցին 5000 մետր մրցատարածությունը:
Եզրափակիչ փուլին մասնակցեցին Հայ-չինական բարեկամության դպրոցի (Երևան), Ագարակի միջնակարգ դպրոցի (Արագածոտն), Ուրցաձորի միջնակարգ դպրոցի (Արարատ), Ջրառատի Թաթուլ Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցի (Արմավիր), Ծակքարի միջնակարգ դպրոցի (Գեղարքունիք), Վանաձորի Վահան Տերյանի անվան թիվ 5 ավագ դպրոցի (Լոռի), Հրազդանի թիվ 11 հիմնական դպրոցի (Կոտայք), Առափի միջնակարգ դպրոցի (Շիրակ), Կապանի Հ. Ավետիսյանի անվան թիվ 9 ավագ դպրոցի (Սյունիք), Արենիի միջնակարգ դպրոցի (Վայոց ձոր) և Սևքարի միջնակարգ դպրոցի (Տավուշ) թիմերը:
Պարգևատրման պաշտոնական արարողությունը կատարեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով` յուրաքանչյուր տարի մասնակից թիմերի ու դպրոցների թիվն աճում է: Նպատակ կա մի քանի մրցաշարեր վերափոխել ու այդ կերպ հնարավորություն տալ այլ մարզաձևերով մարզվող երեխաներին մասնակցելու մրցաշարին:
«Բոլոր հարցերի լուծումն անցնում է կրթության միջոցով: Մենք ուզում ենք մեր կյանքի ոճի մեջ ավելի շատ տեղ տրամադրել սպորտին ու ֆիզկուլտուրային, որպեսզի կյանքի մնացած հատվածն ավելի երկար ու հաճույքով կարողանանք վայելել»,- ասաց վարչապետը:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ևս կարևորեց մրցաշարի անցկացումն ու ընդգծեց, որ տարեցտարի մասնակիցների քանակն ու դպրոցների աշխարհագրությունը մեծանում է:
«Կան դպրոցներ, որոնք առաջին տարին չէ, որ մասնակցում են: Ու արդեն նաև ներքին մրցակցություն կա: Ունենք նաև առաջին անգամ մասնակցող թիմեր: Գնալով՝ խճուղավազքի այս մրցաշարը դառնում է ավելի տարածված մեր դպրոցների շրջանում: Այս տարի 380-ից ավելի դպրոց է մասնակցում, իսկ երեխաների քանակը 2600-ից շատ է»,-ասաց Անդրեասյանը:
«ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարի առաջին տեղը զբաղեցրած դպրոցը ստացավ 4 մլն դրամ, երկրորդ տեղը` 2 մլն 500 հազար դրամ, երրորդ տեղը` 1 մլն 500 հազար դրամ: Առաջին տեղ գրաված թիմի ֆիզկուլտուրայի ուսուցիչը արժանացավ 700 հազար դրամ, իսկ թիմում ընդգրկված 7 աշակերտից յուրաքանչյուրը` 150 հազարական դրամ: Երկրորդ և երրորդ տեղերի համար սահմանված է համապատասխանաբար 500 հազար դրամ ուսուցչի, 100 հազարական դրամ՝ աշակերտների, 300 հազար դրամ՝ ուսուցչի և 75 հազարական դրամ՝ աշակերտների համար (հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն):