Երգչախումբը 25 տարի վատ չի ապրել, հուսով ենք՝ լավ կյանքը կշարունակվի. Հայաստանի պետական կամերային երգչախումբը համերգով կտոնի հոբելյանը
12 րոպեի ընթերցում

Քսանհինգ տարի շարունակ Հայաստանի պետական կամերային երգչախումբը Հայաստանում և արտերկրում հանրահռչակում է հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, աչքի ընկնում կատարողական բարձր մակարդակով, ինքնատիպությամբ։
Ստեղծման օրից ի վեր այն ղեկավարում է ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյանը։ Նա կարծում է՝ յուրաքանչյուր հարաբերություններում մեծ դերակատարություն ունի սերը։ Հենց սիրո, միմյանց նկատմամբ հարգանքի շնորհիվ է երգչախումբը ճանաչված և գնահատված։
Երգչախումբը 25-ամյակը տոնելու է համերգով, որը տեղի կունենա հունիսի 27-ին Կամերային երաժշտության ազգային կենտրոնում։ Երեկոյին կհնչեն ստեղծագործություններ՝ Ռոբերտ Մլքեյանի մշակմամբ։
Հոբելյանի առթիվ «Արմենպրես»-ի թղթակիցն ու Ռոբերտ Մլքեյանը զրուցել են երգչախմբի ստեղծման, առանձնահատկությունների մասին։
-Մաեստրո, շնորհավորում եմ երգչախմբի հոբելյանի առթիվ։ Հիմնադրման տարվանից՝ 2000 թվականից, Դուք եք այն ղեկավարում։ Հիշո՞ւմ եք, թե ինչպես ստեղծվեց երգչախումբը, ի՞նչ խնդիր պետք է լուծեր այն։
-Շատ շնորհակալ եմ շնորհավորանքի համար։ Երգչախումբը հիմնադրվել է «Վաչէ և Թամար Մանուկեան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ։ 2000 թվականին Լոնդոնում պետք է հայկական եկեղեցի բացվեր. անգլիական եկեղեցին, որի շենքը գնել էր Վաչե Մանուկյանը, պետք է դառնար հայկական։ Մանուկյանը ցանկանում էր, որ այնտեղ անպայման պատարագ մատուցվի։ Լոնդոնում հրաշալի երգչախմբեր կան՝ սկսած սիրողականից, վերջացրած պրոֆեսիոնալով, սակայն Արմեն Սարգսյանը, որն այդ ժամանակ դասավանդում էր Օքսֆորդի համալսարանում, Մանուկյանին առաջարկում է պատարագի համար Լոնդոն հրավիրել երգչախմբի Հայաստանից։
Երբ Արմեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության վարչապետն էր, ես Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի ղեկավարն էի։ Արմեն Սարգսյանն այցելել էր Գյումրի, և մենք մի փոքրիկ համերգով հանդես եկանք։ Նա հիացած էր։ Արարողակարգի համաձայն՝ նա պետք է այլ քաղաք գնար, սակայն ասաց. «Մաեստրո, հնարավո՞ր է՝ էլի երգեք»։ Շատ գեղեցիկ համերգ ստացվեց։ Սարգսյանը խոստովանեց՝ չգիտեր, որ Հայաստանում նման հրաշալի երգչախումբ կա։
Հավանաբար, այդ համերգից ոգևորված է նա առաջարկում Հայաստանից երգչախումբ հրավիրել Լոնդոն՝ նշելով, որ այն պետք է ղեկավարի Ռոբերտ Մլքեյանը։ Գյումրիում փորձի էի, երբ մի մեծ պատվիրակություն եկավ ինձ հետ զրուցելու։ Պարզվեց՝ ցանկանում են, որ երգչախումբը Երևանից լինի։ Այդ ժամանակ արդեն այնպիսի իրավիճակ էր, որ ցանկանայի, թե ոչ, պետք է վերադառնայի Երևան։ Ինձ ասացին, որ երգչախումբ ստեղծելու պարագայում Վաչե Մանուկյանը կհոգա բոլոր ծախսերը։ Եկա Երևան։ Իրականում մինչ օրս մեծ ցավ եմ ապրում Գյումրիի համար։ Ծանր օրեր էին, Գյումրին էլ չէր կարողանում լիարժեք հաղթահարել խնդիրները, սակայն ես պետք է գայի Երևան։ Մրցույթ կազմակերպվեց, և հավաքվեց երգչախումբը։ Պատարագին ներկա էին լինելու տարբեր երկրների ղեկավարներ, սրբազաններ, համաշխարհային ճանաչում ունեցող աստղեր, պատարագը պետք է անցկացներ Վեհափառը։ Նա կլիներ պատարագիչը, մենք՝ դպիրները։
Հանդիպեցի Վեհափառին ու խնդրեցի հնարավորություն տալ սարկավագներին ինձ մոտ պարապել։ Նա զարմացավ, սակայն վեց սարկավագի գործուղեց Երևան մեկ ամիս պարապելու։ Ամեն օր աշխատել ենք։ Նրանք հրաշալի երգեցին. երգեհոնահարն Արթուր Բոբիկյանն էր։ Պատարագը փառահեղ էր։ Հետո Վաչե Մանուկյանն ասաց, որ բոլոր հյուրերն են խոսում մեր երգչախմբի մասին, և ինքը ցանկանում է՝ երգչախումբը դառնա իրենը։ Այդ օրվանից «Վաչէ և Թամար Մանուկեան» հիմնադրամը մեր կողքին է, ինչի համար անչափ շնորհակալ եմ։ 2008-ից երգչախումբը պետական կարգավիճակ ձեռք բերեց, ուստի պետությունը մեզ ևս աջակցում է։
-Կա՞ն երգիչներ, որոնք երգչախմբի հիմնադրման օրից երգում են այստեղ։
-Կան երգիչներ, որոնք մասնագիտական, առողջական կամ այլ պատճառներով հեռացել են, սակայն հիմնական կորիզը դեռ կա։ Երգչախումբը 33 հոգի էր, բայց երեք երգիչ ինչ-ինչ պատճառներով հեռացան, ինչի համար շատ վատ եմ զգում։ Այժմ 29 հոգի ենք, բայց շարունակում ենք աշխատել։ Փորձում ենք այնպես անել, որ փոփոխությունները չազդեն երգչախմբի գործունեության ու որակի վրա։
-Ներկա եմ եղել երգչախմբի համերգներին ու նկատել, որ հարուստ երգացանկ ունեք, սակայն երգչախմբի կարևորագույն առաքելություններից է հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների տարածումը Հայաստանում և արտերկրում։ Կա՞ն կոմպոզիտորներ, որոնց մշտապես անդրադառնում եք։
-Շատ են կոմպոզիտորները, և մեծ է մեր երգացանկը։ Այն հազարից ավելի պարտիտուրա է պարունակում։ Պարտիտուրաներ կան, որ տասը, տասներկու մասից են բաղկացած՝ ռեքվիեմներ, մեսաներ և այլն։ Այդ ամբողջի հետ միասին հազարից ավելի ստեղծագործություն ենք երգել։ Հնարավոր չէ, որ շատ հաճախ կրկնվեն կոմպոզիտորները։ Տարվա ընթացքում ունենք երեսուն կամ քառասուն համերգ, և մեր հայ կոմպոզիտորները գերակշռում են։ Մշտապես անդրադառնում ենք Կոմիտասին։ Տարվա ընթացքում հիսուն անգամ ելույթ ունենալու պարագայում էլ Կոմիտաս կատարում ենք։ Ամենաքիչը իմ ստեղծագործություններն ենք հնչեցնում։ Որոշեցինք երգչախմբի 25-ամյակին կատարել իմ մշակումները։ Շատ ենք կատարում Տիգրան Մանսուրյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Դավիթ Հալաջյանի, Էդգար Հովհաննիսյանի, Երվանդ Երկանյանի, Արթուր Ահարոնյանի և այլոց ստեղծագործությունները։
-Տիգրան Մանսուրյանը երգչախմբին անդրադառնալու առիթը բաց չի թողնում։ Նա հաճախ է նշում, որ բարձր է գնահատում Ձեզ, Ձեր աշխատանքը, երգիչներին և իր գործերի՝ Ձեր մեկնաբանությունը։ Կարծում եմ՝ դա շատ կարևոր է։
-Ուրախ եմ, որ այդպես է, և հաճելի է, որ լսում եմ այդ մասին։ Երգչախումբը կատարել է Տիգրան Մանսուրյանի ամբողջ երգչախմբային ժառանգությունը՝ վոկալ սիմֆոնիկ գործեր, ռեքվիեմ, հայրեններ, Իսահակյանի, Չարենցի և այլոց գործերի հիման վրա գրված շարքեր։ Նախատեսում ենք ձայնագրել նրա հայրենները։ Մեր հաջողություններից մեկն այն եմ համարում, որ ECM ձայնագրման ստուդիայում, որը համաշխարհային կարևորություն ունի, ձայնագրել ենք Մանսուրյանի գործերը։ Հավանաբար կրկին այնտեղ կձայնագրենք։ Դա օգտակար է, քանի որ ամբողջ աշխարհում ավելի ճանաչված ենք դառնում։ Համեստ չենք լինի. երգչախումբը 25 տարի վատ չի ապրել։ Հուսով ենք՝ լավ կյանքը կշարունակվի, և մենք կշարունակենք հայ երաժշտությունը տարածել ամբողջ աշխարհում։
-Բազմաթիվ մշակումներ եք արել երգչախմբի համար։ Գրելուց շատ տարիներ անց եք երգչախմբին հնարավորություն տվել կատարել դրանք։ Ինչո՞ւ։
-Մի անգամ Տիգրան Մանսուրյանն ասաց. «Այ մարդ, կոմպոզիտորություն են անում։ Կոմպոզիտորություն անել պետք չէ, պետք է սրտից, մտքից գրվի և կդառնա կոմպոզիցիա»։ Երբեք կոմպոզիտորություն չեմ արել։ Արել եմ մշակումներ, որոնք երաժշտական ստեղծագործություններ են։ Կոմպոզիտոր չեմ, մասնագիտությամբ դիրիժոր եմ, բայց ունեմ շատ ինֆորմացիա և արել եմ մշակումներ, բայց դա կոմպոզիտորություն չէ։ Ի հայտ չեմ եկել որպես կոմպոզիտոր։ Մանսուրյանը երբեմն ինձ հետ վիճում է և ասում, թե ինչպես կարող եմ թողնել դա, հորդորում է շարունակել։ Իմ երգչախումբն էլ մի քիչ նեղացած էր, որ այդպիսի հրաշալի գործեր կան ավելի քան երեսուն տարի, բայց իրենք չեն կատարում, ընդամենը մեկ կամ երկուսն են երգել։ Առաջարկեցին երգչախմբի 25-ամյակին կատարել իմ մշակումները, համաձայնվեցի։
-Մի առիթով նշել եք՝ որքան էլ մարդը տարիների ընթացքում պրոֆեսիոնալ դառնա, միշտ պետք է հիշի, որ կա կատարյալը ու ձգտի հասնել դրան։ Երգչախմբի պարագայում և՞ս նույն տրամաբանությամբ եք առաջնորդվում։
-Միշտ ասում եմ, որ կյանքում կատարելության հասնել հնարավոր չէ։ Աստծո գործերն են կատարյալ, մարդը պետք է ձգտի լինել կատարյալ, եթե ձգտում եք, աշխատում եք, երբեմն էլ բարկանում եք, դա լավ է, այսինքն՝ աշխատանքն ընթանում է հարթ, գեղեցիկ և կստացվի։ Համերգին, հավանաբար, 12 ստեղծագործություն կհնչի, որոնք ես եմ մշակել։ Կան նաև հեղինակային գործեր՝ Արամ Սաթյանի «Մարտիկի երգը», Սայաթ-Նովայի գործերից, որոնք հեղինակային են, սակայն ես դրանք մշակել եմ, իսկ մյուս ստեղծագործությունները ժողովրդական են, նաև վրացական երգեր կլինեն։
-Նշեցիք, որ Ձեր իմացությունը Ձեզ թույլ է տվել մշակումներ անել, գրել այն, ինչ սրտից է բխում, իսկ պատահե՞լ է, որ ցանկանաք մի կողմ դնել դիրիժորական փայտիկն ու երգեք երգչախմբի հետ։
-Եթե ազնիվ լինեմ, պետք է ասեմ, որ երգում եմ նրանց հետ։ Երգչախմբի մեջ չեմ երգում, բայց նրանց հետ եմ երգում, առանց դրա չես կարող, երբեմն թվում է, թե նրանց օգնում եմ, բայց իրականում այդպես չէ։ Հիմնական մասնագիտությունս այդ ամբողջը վարելն է, բայց չես կարող չերգել, որովհետև սիրտդ, հոգիդ պահանջում են դա, մանավանդ, երբ հայկական ժողովրդական երգեր են հնչում։
-Համերգի փորձին նկատեցի, որ բավականին խիստ եք։ Ի՞նչ մասնագիտական, մարդկային որակներ, հմտություններ պետք է ունենա դիրիժորը, որ կարողանա լինել և՛ ընկեր, և՛ ղեկավար, և՛ բարեկամ։
-Հետաքրքիր բան կա. ինձ հաճախ են ասել, որ իմ պես մարդու համար դժվար կլինի նման մասնագիտական գործունեություն ծավալել, քանի որ բարի եմ ու ինձ շահագործելու են։ Մարդիկ կան, որ այդպես են մտածում, իսկ ես՝ ոչ։ Ինձ համար բոլոր հարաբերություններում առաջնային նշանակություն ունի սերը։ Բոլորին սիրում եմ ու գիտեմ, որ նրանք էլ ինձ են սիրում։ Այլ երգչախմբերի անդամները գուցե չընկալեն, երբ բարկանում եմ, բայց այս երգչախումբն ամեն բան հասկանում է ու լռում, որովհետև գիտի, որ երբեմն բարկանում եմ միայն հանուն երաժշտության։ Միշտ այդպես է լինելու, ես չեմ փոխվելու։ Այն մարդկանցից չեմ, որ կարող է դիմացինին նեղացնել, սխալ երգելու համար դահլիճից դուրս հրավիրել և այլն։ Կարծում եմ՝ սիրելու մեծագույն գաղափարն Աստծո գաղափարն է։ Աստված սեր է, իրար հետ լավ փոխհարաբերություններ կառուցելը սեր է, երգելը սեր է։ Առանց դրա ինչպե՞ս է հնարավոր։ Մենք միմյանց շատ ենք սիրում։ Ղեկավար բառն ինձ չի սազում, ղեկավար եմ, երբ գործին ինչ-որ բան վնասում է, բայց բարկությունս միայն այդ պահին է արտահայտվում և արագ անցնում է։
-Մաեստրո, ևս մեկ անգամ շնորհակալ եմ զրույցի համար։ Թող երգչախումբն առավել ծաղկի, բարգավաճի և երկար ու կանաչ ճանապարհ անցնի։
-Շնորհակալ եմ։