Տեսանյութ

Ուրոգինեկոլոգիան Հայաստանում. միջազգային համագործակցություն՝ ուղղված կնոջ առողջության բարելավմանը

6 րոպեի ընթերցում

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը հունիսի 24-ից հերթական անգամ հյուրընկալել է պրոֆեսոր, Բասեթ (ԱՄՆ) բժշկական կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ծառայության ղեկավար, ուրոգինեկոլոգ Սամվել Բադալյանին: 

Պրոֆեսորի հետ համագործակցությունը տարիներ առաջ է մեկնարկել՝  Հայաստանում զարգացնելով  նոր ձևավորված ուրոգինեկոլոգի մասնագիտությունը:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պրոֆեսոր Բադալյանն արդեն 15 տարի է մշտապես այցելում է Հայաստան՝ կնոջ առողջությանն ուղղված բուժօգնության նոր որակ և հեռանկարներ զարգացնելու առաքելությամբ ու փոխանցելով միջազգային առաջատար փորձն ու գիտելիքը հայ մասնագետներին։  Ըստ պրոֆեսորի՝ դա առավել արդյունավետ է մասնագիտական համայնքի  շարունակական կրթության շնորհիվ: 

«Երկար տարիներ հետո ես զգացի, որ դժվար է տարբեր հիվանդանոցներ գնալու եղանակով ստեղծել այնպիսի համակարգ, որ բոլորը ստանան համապատասխան բուժում։ Եվ որոշեցինք, որ պետք է կենտրոնանալ մի հիվանդանոցի վրա: 2021 թվականին մենք ստեղծեցինք fellowship (Urogynecology fellowship՝ կրթական ֆորմալ ծրագիր ուրոգինեկոլոգիա նեղ մասնագիտացումով/հաստատված է Հայաստանի ԱՆ կողմից) ծրագիրը և աշխարհի 7 երկրներից հավաքեցինք ուրոգինեկոլոգների, որոնք կենտրոնացան Հայաստանում մասնագետներին վերապատրաստելու աշխատանքների վրա: Ընտրեցինք հինգ fellow-ների Երևանից, որոնք այս վերջին չորս տարվա ընթացքում վերապատրաստվեցին և կարողանում են կատարել բոլոր վիրահատությունները, միջամտությունները, որոնք պետք են կոնքի հատակի հիվանդությունների համար»,- ասաց ուրոգինեկոլոգ, պրոֆեսոր Սամվել Բադալյանը:

Մասնագետը նշեց՝ ծրագիրը տևեց երկար, բաց ուրախությամբ փաստեց, որ ծրագրի հինգ fellow-ները դարձան միջազգային մակարդակի ուրոգինեկոլոգներ, իսկ «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը իրենց հնարավորություն տվեց մատուցել ժամանակակից մոտեցումներով և նորագույն սարքավորումներով հագեցած ուրոգինեկոլոգիական ծառայություններ՝ ներառյալ վիրահատական, հետվիրահատական և նեղ մասնագիտական խնամքը։  

Ժամանակակից տեխնոլոգիաների և մեթոդների տեղայնացումը նպաստում է ոչ միայն Հայաստանում կանանց առողջության և կյանքի որակի բարելավմանը, այլև համայնքի մասնագիտական ձևավորմանը, ամրապնդմանն ու աճին։ 

«Մինչ պրոֆեսոր Բադալյանի այցը Հայաստան, տվյալ նեղ մասնագիտական կողմը բավականին թերի էր զարգացած: Տվյալ նեղ մասնագիտացումը շատ նրբություններ ունի, որոնց մենք բուհերում չէինք ծանոթացել և մեր պրակտիկ աշխատանքի ընթացքում դրանց չէինք տիրապետում: Երբ սկսվեց համագործակցությունը «Բասեթ բժշկական կենտրոն»-ի հետ, որտեղ պրոֆեսոր Բադալյանը աշխատում է, «Ուիգմոր»-ում ստեղծվեց ուրոգինեկոլոգիական ծառայությունը, որը հագեցած է այն ամենով, ինչ բնորոշ է աշխարհի նորմատիվներին: Այսինքն՝ մենք ունենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է կնոջը, որպեսզի չվիրահատվի և ստանա կոնսերվատիվ բուժում՝ անգամ լուրջ խնդիրների դեպքում։ Նաև ունենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է վիրահատության գնալու համար»,-ասաց «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի  ուրոգինեկոլոգիական ծառայության պատասխանատու Զարուհի Գրիգորյանը:   

«Ուիգմոր»-ում գործող ուրոգինեկոլոգիական ծառայությունները եզակի են Հայաստանում․ մասնագետները վստահեցնում են՝ իրենց թիմը ձգտում է ապահովել ոչ միայն որակյալ բուժում, այլև ձևավորել և կրթել մասնագիտական համայնքը, կիսվել  մասնագիտական գիտելիքներով, ընդլայնել միջազգային համագործակցությունը և նպաստել Հայաստանում կանանց առողջության բարելավմանը։

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի զարգացման գծով փոխտնօրեն Տաթևիկ Քոլոյանն էլ ընդգծում է՝ միջազգային համագործակցություններն ու փորձի փոխանակումը «Ուիգմոր»-ի զարգացման ռազմավարության առանցքային բաղադրիչներն են. կրթական ծրագրերն ու fellowship-երը հնարավորություն են տալիս մասնագետներին ոչ միայն մշտապես թարմացնել իրենց գիտելիքները, այլև պրակտիկ փորձ ձեռք բերել միջազգային լավագույն կենտրոններից և գործող մասնագետներից։ 

«Ուրախ ենք պրոֆեսոր Բադալյանին հերթական անգամ մեր հաստատությունում հյուրընկալելու և համագործակցությունը շարունակելու համար։ Մենք շարունակում ենք նրանից սովորել և զարգացնել ոչ միայն նոր մասնագիտությունը, այլև ընդհանրապես կնոջ առողջությանը հետևելու այս նոր մշակույթը: Պրոֆեսոր Բադալյանից վերցրել և նաև մեր կարգախոսն ենք դարձրել այն, որ առողջ հասարակության հիմքում առողջ կինն է։ Ուրախ ենք, այդ ուղղությամբ բուժսպասարկումը մեր երկրում զարգացնելու  հնարավորություն ունենք»,- նշեց Քոլոյանը:

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը համագործակցում է աշխարհի լավագույն բժշկական կենտրոնների և առաջատար մասնագետների հետ՝ տեղայնացնելով միջազգային լավագույն փորձը․ պրոֆեսոր Բադալյանի հետ գործակցությունը նաև ինստիտուցիոնալ հիմք է դրել։ «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը և ԱՄՆ Նյու Յորքի «Բասեթ բժշկական կենտրոն»-ը նախորդ տարի համագործակցության հուշագիր ստորագրեցին, որի շրջանակում հիվանդանոցի բժիշկները և բուժքույրերն ԱՄՆ-ում վերապատրաստվելու հնարավորություն ունեն։  

Այցի շրջանակում պրոֆեսոր Բադալյանը «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում անցկացրեց կրթական հանդիպում տարբեր բժշկական կենտրոնների  մանկաբարձ-գինեկոլոգների համար։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում