Ինտերակտիվ, որակյալ և արդյունավետ կրթության հետքերով. մեկնարկել է «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին 2025» ծրագիրը
6 րոպեի ընթերցում

Ինտերակտիվ, որակյալ և արդյունավետ կրթության հետքերով. մեկնարկել է «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին 2025» ծրագիրը, որի արդյունավետ իրականացումն ու ընդլայնումը մեծապես կնպաստի մրցունակ դպրոցների և նոր ու հետաքրքիր կրթական միջավայրի ձևավորմանը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի տնօրեն, «Աշխարհացույց» կրթական հարթակի հեղինակ Հովհաննես Ղազարյանը նշեց՝ ծրագրի նպատակն է Հայաստանի հանրակրթական դպրոցներին զինել նոր սերնդի կրթական սմարթ-էկրաններով՝ որպես ժամանակակից կրթական միջավայր ձևավորող թվային ենթակառուցվածքի առանցքային բաղադրիչ։
Ղազարյանի խոսքով՝ մրցութային ծրագիրը «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի այլ հեղինակային ծրագրերի նման մշակվել և առաջնահերթություն է ստացել կարիքի հիման վրա արված վերլուծության արդյունքում։ Հայաստանի դպրոցներին ժամանակակից շունչ տալուն միտված խիստ կարևոր այս ծրագիրը երրորդ տարին անընդմեջ հնարավոր է դարձել իրականացնել «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի, իսկ այս տարվանից նաև «Հ. Հովնանյան» ընտանեկան հիմնադրամի ֆինանսավորման շնորհիվ։
Նա նշեց, որ «Աշխարհացույց» ծրագրի փորձարարական փուլի ընթացքում հանրակրթական երկու դպրոց ստացել է սմարթ-էկրան, որի հիման վրա կառուցվել է «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին» մրցութային ծրագիրը։ Արդյունքում, 2023-2024 թվականներին հանրապետության 147 դպրոցների որպես մրցույթի պարգև տրամադրվել է նորագույն տեխնիկա:
«Երբ մենք «Աշխարհացույց»-ը սկսեցինք ներդնել դպրոցներում, հասկացանք թե ինչ բացեր ունենք, որոնք թույլ չեն տալիս, որպեսզի ոչ միայն մեր ստեղծած նախագիծը, այլև նմանատիպ այլ հարթակները կիրառվեն, որոնք կարող էին ավելի էֆեկտիվորեն օգտագործվել հենց դասապրոցեսի ընթացքում. դրանցից մեկը հենց սմարթ-էկրանների բացակայությունն է, որովհետև մենք համարում ենք, որ լավագույն գործիքը, որը հնարավորություն է տալիս դասի ընթացքում առավելագույնս արդյունավետ օգտագործել մեր ստեղծած համակարգը, սմարթ- էկրանն է:
Եվ առաջին անգամ դպրոցներից մեկի հետ փորձնական իրականացրեցինք ծրագիրը՝ պայմանով, որ իրենք կներկայացնեն իրենց նախագծային աշխատանքները, ինչի դիմաց նրանց պարգևատրեցինք սմարթ-էկրանով: Դրանից հետո գաղափար ծագեց այն դարձնել շարունակական, որը հնարավորություն կտա մեր դպրոցներին վաստակել նմանատիպ էկրան»,-ասաց Ղազարյանը:
Նա ընդգծեց՝ քանի որ ընտրությունը բարդ կլիներ, սկսեցին մտածել սկզբունքները, ինչի արդյունքում ծրագրում ներդրեցին վաստակելու սկզբունքը, որ բոլորը հավասար հնարավորություն ունենան, ներկայացնեն նախագծային աշխատանք և, իհարկե, «Աշխարհացույց» հարթակից կարողանան օգտվել:
«Ամեն մրցույթի նախագծային աշխատանքը իրականացվել է հատուկ թեմայով.այս տարվա խորագիրն է «Քարտեզագրելով ազգային կամ համաշխարհային ժառանգություն ստեղծած անհատի ուղին»: Լավագույն 50 աշխատանքներ ներկայացրած դպրոցները կվաստակեն նոր սերնդի սմարթ-էկրան: Արդարության սկզբունքը պահելու համար այս տարի հնարավորություն ենք տալիս այն դպրոցներին, որոնք դեռ չեն վաստակել սմարթ-էկրաններ, երկրորդ՝ նրանք պետք է պարտադիր կիրառած լինեն «Աշխարհացույց» կրթական հարթակը դասապրոցեսներում, գրեն մոտիվացնող նամակ և այլն»,- ասաց «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի տնօրենը:
Ղազարյանն ընդգծեց՝ «Աշխարհացույց» կրթական նորարարական ծրագրի շրջանակներում պետական հանրակրթական դպրոցներին տեխնիկական աջակցություն ցուցաբերելու նպատակն է նպաստել կրթության որակի և արդյունավետության բարձրացմանը, որի արդյունքում առաջին հերթին կձևավորվի «Աշխարհացույց» կրթական հարթակից օգտվելու և դրա օգնությամբ ինտերակտիվ դասեր կազմակերպելու հմտություններ ունեցող, մեթոդամանկավարժական նոր կարողություններ զարգացնող ուսուցչական համայնք, ապա նաև՝ «Աշխարհացույց»-ում դեռևս չներառված առարկաների դասերի ու տարատեսակ միջոցառումների արդյունավետ և հիշարժան կազմակերպում։
«Քանի որ նորագույն սմարթ-էկրանները բազմաֆունկցիոնալ են և կիրառելի տարբեր առարկաների համար, տեխնիկական նման հագեցվածություն ունեցող դպրոցները, որտեղ առկա են նաև վերապատրաստված և վերապատրաստվող մանկավարժներ ու կրթության կազմակերպիչներ, կարող են լիարժեքորեն ստանձնել մրցունակ սերունդ կրթելու առաքելությունը՝ քայլելով ժամանակի պահանջներին համընթաց»,- նշեց նա:
Մրցույթին դիմելու վերջնաժամկետը 2025 թվականի հունիսի 30-նն է։ Դիմումի ամբողջական փաթեթը անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ «Թեմա» բաժնում նշելով «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին 2025»: Երկրորդ փուլ անցած դպրոցներն այդ մասին կտեղեկացվեն օգոստոսի 20-ին էլեկտրոնային հասցեի միջոցով, որից հետո կմեկնարկի 2-րդ՝ բուն նախագծի իրականացման և վերապատրաստումների փուլը։