Կայացել է «Մասսայական ուսուցում» բաղադրիչի շրջանակում մի շարք մարզերում տեխնոլոգիական անվճար դասընթացների մեկնարկի պաշտոնական արարողությունը
3 րոպեի ընթերցում

«ԻննոԻջևան» նորարարական հանգույցում հունիսի 20-ին տեղի է ունեցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «Մասնագետների պատրաստման բարձրագույն ուսումնական հաստատություններ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի «Մասսայական ուսուցում» բաղադրիչի շրջանակում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի և Տավուշի մարզերում տեխնոլոգիական անվճար դասընթացների մեկնարկի պաշտոնական արարողությունը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, ծրագրի մասնակիցներին ողջունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը: Նա իր խոսքում անդրադարձել է ծրագրի կարևորությանը, ընդգծել, որ մասնակցության համար տարիքային սահմանափակում չկա, քանի որ հետաքրքրությունը տեխնոլոգիաների նկատմամբ օրեցօր աճում է, և գրագիտությունը տեխնոլոգիաների, դրանց կիրառման ոլորտում անհրաժեշտ է անկախ տարիքից։
Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև տեխնոլոգիական կրթության կարևորությանը՝ շեշտադրելով մարզերում տեխնոլոգիաների զարգացման անհրաժեշտությունը։
«Այսօր ճարտարագիտությունն ամենապահանջված մասնագիտություններից է։ Եթե ձեզ ասեն, որ արհեստական բանականությունը դուրս է մղում ծրագրավորողների, ինժեներների մասնագիտությունները, վստահաբար իմացեք, որ այդպես չէ։ Արհեստական բանականությունը գալիս է օգնելու, աջակցելու։ Իսկ այն մասնագետները, որոնք կարողանալու են լուծել բարդ խնդիրներ և ունենալու են խորը գիտելիք, նրանք միշտ պահանջված են լինելու»,- ասել է Ռուբեն Սիմոնյանը։
Ըստ աղբյուրի՝ միջոցառման ընթացքում մասնակիցները տեխնոլոգիական խաղի միջոցով իրենց գիտելիքներով մրցել են միմյանց հետ: Հաղթողներին տրվել են խրախուսական մրցանակներ:
«Այս տարի ծրագիրն իրականացվում է Տավուշի, Շիրակի, Լոռու, Արմավիրի, Արագածոտնի, Արարատի և Կոտայքի մարզերի շուրջ 700 մասնակիցների համար։
Դասընթացները տվյալ մարզերում կանցկացնի դրամաշնորհային մրցույթը հաղթած Business Development Group ընկերությունը: Մասնակցության համար կարող եք գրանցվել՝ անցնելով հետևյալ հղումով՝ https://bdg.am/hy/courses/bdg-is-coming-regional-project/։
Ծրագրին կարող են դիմել ավագ դպրոցի աշակերտները, ուսանողները, ոլորտով հետաքրքրված անձինք»,- հայտնում են ՀՀ ԲՏԱ նախարարությունից՝ հավելելով, որ ծրագրի նպատակն է նպաստել մարզերի բնակչության տեխնոլոգիական գրագիտության բարձրացմանը, իրազեկել ոլորտում իրականացվող ծրագրերի և դրանց մասնակցության հնարավորությունների մասին, ինչպես նաև աջակցել մասնագիտական կողմնորոշման հարցում: