Մշակույթ

Դանիել Դանիելյանը հետևել է երաժշտական լսումների և մրցույթ-ստուգատեսի երևանյան փուլին

5 րոպեի ընթերցում

Դանիել Դանիելյանը հետևել է երաժշտական լսումների և մրցույթ-ստուգատեսի երևանյան փուլին

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ընկերակցությունն իրականացնում է «ՀՀ երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցներում ուսումնամեթոդական և գործնական օգնություն, մանկավարժների դասալսումներ» ծրագիրը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ 

Ծրագրի շրջանակում անցկացվում է «Հայրենիքը, արվեստն ու ես» մրցույթ-ստուգատեսը, որը բաղկացած է երեք փուլից։ Մրցույթի 2-րդ փուլն ընթանում է հունիսի 19-21-ը Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցում: 

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հետևել է մրցույթ-ստուգատեսի ընթացքին, զրուցել հանձնաժողովի անդամների և մասնակիցների հետ՝ քաջալերելով և հաջողության մաղթելով նրանց: Նա անդրադարձել է նախարարության աջակցությամբ տարիներ ի վեր իրականացվող դասալսումների ծրագրի կարևորությանը՝ ընդգծելով, որ լսումների արդյունքում ՀՀ բոլոր երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցներում կատարվում է մոնիթորինգ, որի արդյունքում քարտեզագրվում են ոլորտում առկա բացերն ու կարիքները: 

Նախարարի տեղակալի նշմամբ՝ թե՛ մարզերում, թե՛ Երևանում զուգահեռ անցկացվում է «Ազգային, փողային, լարային նվագարանների գծով ուսուցում» պետական ծրագրի շրջանակում ընդգրկված աշակերտների ունկնդրում՝ կազմակերպված համապատասխան մասնագիտական հանձնախմբերի կողմից։

«Ծրագրի իրականացման միջոցով կարողանում ենք հասկանալ, թե որտեղ և որ  գործիքի ուսուցումը ինչ մակարդակում է գտնվում, ուսուցանման գործընթացներն ինչպես են ընթանում հանրապետության տարբեր դպրոցներում: Նախարարությունը յուրաքանչյուր տարի գումարներ է հատկացնում  ազգային նվագարանների, փողային, լարային գործիքների պետական պատվերին՝ դրանցով ուսուցումը և հավասարապես զարգացումն ապահովելու նպատակով: Այս լսումների արդյունքում կարողանում ենք հստակ պատկեր ունենալ գործընթացների վերաբերյալ, գույքագրել և հանձնախմբերի միջոցով տեղում տրամադրել մեթոդական, գործնական և կազմակերպչական աջակցություն, վարպետաց դասերով գործնական օգնություն ցուցաբերել դպրոցներին, մանկավարժներին և սաներին»,- ասել է Դանիել Դանիելյանը: 

Նախարարի տեղակալը վստահեցնում է՝ այս ծրագիրը միաժամանակ աջակցություն  է դասավանդող անձնակազմին՝ գնահատելու աշակերտների պատրաստվածության մակարդակը և ձևավորելու հետագա մասնագիտական աջակցության ուղղությունները: 

«Պետության նպատակն է ՀՀ բոլոր մարզերում ունենալ բարձր մակարդակով ազգային նվագարանների ուսուցանում և կատարողական արվեստի զարգացում»,- ասել է Դանիել Դանիելյանը։

«ՀՀ երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցներում ուսումնամեթոդական և գործնական օգնություն, մանկավարժների դասալսումներ» ծրագրի ղեկավար Մարինե Մարգարյանի տեղակացմամբ՝ ծրագիրը, որը նախարարության կողմից անցկացվում է ավելի քան մեկ տասնամյակ,  մեծապես նպաստել է հանրապետությունում մշակութային կրթության զարգացմանը: 

«Այս տարի ծագրի իրականացումը վստահվել է «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ընկերակցությանը, և նախարարության կողմից դրվել է հստակ ուղերձ, որպեսզի այն իրականացվի նոր գաղափարներով, արդի մոտեցումներով և լայն թափով, ինչին մենք հետամուտ ենք: Մրցույթի առաջին փուլն ընդգրկում էր Հայաստանի բոլոր մարզերն ու քաղաքները։ Մասնագիտական հանձնախմբերը՝ կազմված հանրապետության առաջատար մասնագետներից, այցելել են երաժշտական, արվեստի, կերպարվեստի և պարարվեստի բոլոր դպրոցներ՝ ունկնդրելով շուրջ 5100 աշակերտի, ինչպես նաև ուսումնական գործընթացի դիտարկման և օգնության նպատակով աշխատելով դպրոցների մանկավարժների, տնօրենների և աշխատակազմերի հետ»,- նշել է ծրագրի ղեկավարը՝ հավելելով, որ գրեթե բոլոր մարզերում եղել են։ 

Մարինե Մարգարյանի խոսքով՝  ընթանում է նաև ծրագրի շրջանակում անցկացվող «Հայրենիքը, արվեստն ու ես» մրցույթի 2-րդ փուլը՝ երևանյան լսումները:  

Մրցույթի 3-րդ՝  հանրապետական եզրափակիչ փուլը, անցկացվելու է աշնանը, որին կմասնակցեն մարզերը և մայրաքաղաքը ներկայացնող, նախորդ փուլերում ընտրված լավագույն մենակատարներն ու խմբերը։ Եզրափակչում հաղթող մասնակիցները, նրանց մանկավարժներն ու աչքի ընկած երաժշտական հաստատությունները կարժանանան դրամական պարգևների։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում