Սևան համայնքի ավագանին ավարտել է աշխատանքային 7-րդ նստաշրջանը
3 րոպեի ընթերցում

Տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ավագանու 7-րդ նստաշրջանի վերջին՝ 5-րդ նիստը, որը վարել է համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Մարգարյանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, օրակարգային հարցերի հաստատումից հետո ներկայացվել է համայնքում 2026 թվականին նախատեսված բնապահպանական ծրագրի բովանդակությունը, որով կիրականացվի Սևան համայնքի 2-րդ և 3-րդ միկրոթաղամասերի միջնամասում գտնվող Պրահա-Վինոր կոչվող այգու տարածքի ամբողջական բարեկարգում և կահավորում։ Համայնքի ավագանու որոշմամբ հաստատվել է ներկայացված ծրագիրը։
Համայնքի ավագանու մեկ այլ որոշմամբ փոփոխվել է Սևան համայնքի Զովաբեր բնակավայրում գտնվող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը:
Սևան համայնքի ավագանին հերթական որոշմամբ «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամին և «Սևան բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել է տարածքներ՝ մեծահասակների և երեխաներրի վերականգնողական կենտրոնների գործունեությունը կազմակերպելու համար:
Ավագանու մեկ այլ որոշմամբ նախնական համաձայնություն է տրվել «ՌԵՄԼՈՒՔՍ» ՍՊԸ-ի կողմից ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Լճաշեն բնակավայրում՝ Պլտինի փողոց 5/1 հասցեում, նախատեսված հանդիսությունների սրահի կառուցման նախագծային փաստաթղթերի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությանը:
Ավագանին հաստատել է նաև Սևան համայնքի կողմից 2025 թվականի ապրիլ-հունիս ամիսներին համայնքային սեփականություն հանդիսացող օտարված գույքի գույքագրման փաստաթղթերը:
Նիստի վերջում ներկայացվել և քննարկվել են ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից հասցեագրված դիմումները, որոնց տրվել են սպառիչ պատասխաններ:
Համայնքի աշխատակազմի կողմից ներկայացվել են Սևան քաղաքում հուլիսին սպասվող իրադարձությունները. տեղի է ունենալու Սևանի Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի նոր շենքի բացման արարողությունը, մեկնարկելու է «Թափոնների տեսակավորումը սկզբնաղբյուրում» ծրագրի գործնական փուլը, այն է՝ քաղաքում տեղադրվելու են տեսակավորման աղբարկղեր, քաղաքը ստանալու է հատուկ տրանսպորտային միջոց:
Սևան համայնքի ավագանու 8-րդ նստաշրջանը կմեկնարկի սեպտեմբերին։