Մարզեր

Սևան համայնքում ամփոփվել են «ԵՄ կայուն էներգիա-2025» ծրագրի միջոցառումների մրցույթների արդյունքները

3 րոպեի ընթերցում

Սևան համայնքում ամփոփվել են «ԵՄ կայուն էներգիա-2025» ծրագրի միջոցառումների մրցույթների արդյունքները

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում ամփոփվել են «ԵՄ կայուն էներգիա-2025» ծրագրի միջոցառումների շրջանակներում հայտարարված մրցույթների արդյունքները։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, արդեն ավանդական դարձած «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ» ծրագրին Սևան համայնքը 5-րդ անգամ է միացել։ Թեմային համահունչ նախապատրաստվել և անցկացվել են մի շարք միջոցառումներ, որոնց մեկնարկը տրվել էր դեռևս մայիսի 14-ին: 

Սևան համայնքում անցկացվել է շուրջ 20 միջոցառում և նախաձեռնություն, որոնց արդյուքներն ամփոփվել են հունիսի 19-ին:

Սևանի Հովհ. Այվազովսկու անվան արվեստի դպրոցում հավաքվել են «ԵՄ կայուն էներգիայի օրեր»-ի մասնակիցները, մրցույթների հաղթողները, որոնց շնորհվել են համապատասխան մրցանակները։

Սևանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմենուհի Ղուկասյանը շնորհակալություն է հայտնել  բոլոր մասնակիցներին՝ կարևորելով «ԵՄ կայուն էներգիայի օրեր»-ի անցկացումը և դրա նշանակությունը, որից հետո ներկայացրել այն աշխատանքներն ու միջոցառումները, որոնք անցկացվել են տարբեր հաստատություններում,  կազմակերպություններում:

Սևանի համայնքապետարանի կողմից պատվոգրեր և հուշանվերներ են ստացան այն կազմակերպությունները, հաստատությունները և անհատները, որոնք ցուցաբերել են նախաձեռնություն և հեղինակել տարբեր միջոցառումներ:

Շնորհակալագրերի են արժանացել մրցույթներին հայտ ներկայացրած և հաղթած երեխաների ուսուցիչները: Նրանց ևս հանձնվել են հուշանվերներ:

Հավաստագրեր և հուշանվերներ են հանձնվել նաև Սևան համայնքում մեկ ամսվա ընթացքում հայտարարված տեսանյութերի, նկարչական և լուսանկարչական աշխատանքների մրցույթներում լավագույն արդյունքներ ապահոված հեղինաներին:

Պարգևատրված մասնակիցները ներկայացրել են իրենց աշխատանքները:  

Նույն օրը Սևանի Հովհ․ Այվազովսկու անվան արվեստի դպրոցում տեղի է ունեցել տարեվերջյան հաշվետու ցուցահանդես։ Ճեմասրահում ցուցադրվել են  ուսումնական տարվա ընթացքում ստեղծված նկարչական և ձեռագործ աշխատանքներ։

Ցուցահանդեսի ընթացքում դպրոցի տնօրեն Հ. Խանդանյանի կողմից պատվոգրեր են հանձնվել  մրցույթներին մասնակցություն ունեցած և բարձր հորիզոնականներ զբաղեցրած աշակերտներին և մրցույթներին բարձր ցուցանիշներ ապահոված նկարչության դասատու Գայանե Գասպարյանին։

Ցուցահանդեսի ընթացքում համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի կողմից պատվոգիր է  հանձնվել Հովհ․ Այվազովսկու անվան արվեստի դպրոցին՝ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ» միջոցառումներին ակտիվ մասնակցության և նախաձեռնության համար։ 

Շնորհակալագրեր են հանձնվել նաև նկարչական դասարանների դասավանդողներ Գայանե Գասպարյանին, Սյուզի Ավետիսյանին և Էմմա Գալստյանին։

Համայնքի ղեկավարի կողմից հավաստագրեր են ստացել նաև դպրոցի աշակերտներ Միշել Գրիգորյանը, Լաուրա Թովմասյանը, Սոնա Բադալյանը, Լիլիթ Ղարիբյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում