Ծակքարում մեկնարկել են մի շարք փողոցների հիմնանորոգման աշխատանքները
2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծակքար գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են մի շարք փողոցների հիմնանորոգման աշխատանքները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշծխատակազմից, Ծակքարի փողոցների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազում է 147 միլիոն 968 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսվում է ասֆալտապատմամբ հիմնանորոգել 5-րդ փողոցը, 7-րդ փողոցի 1-ին նրբանցքը, 8-րդ փողոցի 1-ին, 2-րդ փողոցի առաջին ու 4-րդ փակուղիները, 10-րդ փողոցից 6-րդ փողոցին միացվող ճանապարհահատվածը՝ 1875 մետր ընդհանուր երկարությամբ և 8437 քմ մակերեսով։ Նախատեսված է նաև 200 մետր երկարության հենապատի կառուցում 7-րդ փողոցում, ջրահեռացման համակարգի տեղադրում։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են հունիսի 10-ից՝ հենապատի կառուցմամբ, որի ավարտից անմիջապես հետո կձեռնարկվեն ճանապարհների հողային հարթեցման, ավազակոպճային հիմքի տեղադրման, որոշակի հատվածներում մետաղյա խողովակներով կամ կիսախողովակներով ոռոգման ու ջրահեռացման առուների կառուցման, ասֆալտապատման ու այլ կարգի աշխատանքներ։
Շինարարական աշխատանքները, որոնք իրականացնում է «Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ն, նախատեսված է ավարտին հասցնել 2025 թվականի ընթացքում։