Իրանի և Եվրամիության միջև բանակցությունները կանցկացվեն ԱՄՆ-ի հետ խորհրդակցությամբ. լրատվամիջոց
1 րոպեի ընթերցում

Իրանի և եվրոպական երկրների միջև հունիսի 20-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում կայանալիք բանակցությունները կանցկացվեն ԱՄՆ-ի հետ խորհրդակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով արևմտաեվրոպական երկրներից մեկի դիվանագետին, որի անունը չի նշվում:
«Իրանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Եվրամիության միջև վաղը Շվեյցարիայում նախատեսված բանակցությունները կանցկացվեն Թրամփի վարչակազմի հետ խորհրդակցությամբ»,- հաղորդել է հեռուստաալիքը։
Լրատվամիջոցի զրուցակիցն այդ բանակցությունները որակել է որպես «ճանաչողական»: Նա նշել է, որ դրանք անցկացվում են հասկանալու համար, թե ինչի կարող են հասնել կողմերը:
Հունիսի 19-ին Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հաստատել է Ժնևում եվրոպական երկրների հետ կայանալիք բանակցությունների փաստը։ Նա հայտնել է, որ բանակցությունները կանցկացվեն Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարներ Յոհան Վադեֆուլի, Ժան-Նոել Բարոյի և Դևիդ Լեմիի մասնակցությամբ։ Կմասնակցի նաև Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։