AHA collective-ի ժամանակակից կարմիր գորգի երկրորդ հավաքածուն ամբողջությամբ կներկայացվի «Ոսկե ծիրան»-ի բացման արարողությանը

4 րոպեի ընթերցում

AHA collective-ը հատուկ «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի համար ստեղծել է ժամանակակից կարմիր գորգի երկրորդ հավաքածուն։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ AHA collective-ը հավաքածուն դիտարկում է ոչ թե որպես բացառիկության խորհրդանիշ, այլ՝ մշակութային երկխոսության, ստեղծագործության և տեղական հզորացման հարթակ։ 

Այն միավորում է ժամանակակից դիզայնն ու սերնդեսերունդ փոխանցված հայկական գորգագործական հմտությունները։ AHA Collective-ի թողարկած առաջին հավաքածուն՝ «Տեղորոշում»-ը, ստեղծվել էր արվեստագետ Դավիթ Քոչունցի ձևավորմամբ։ Այն բաղկացած էր յոթ եզակի կարպետներից, որոնք հյուսել էին Woolway Studio-ի և Goris Handmade-ի կին գորգագործները։ 

Հավաքածուն միջազգային ճանաչում ստացավ և ներկայումս ցուցադրվում է Ֆրանսիայի Սենտ-Էտիեն քաղաքի միջազգային դիզայնի 13-րդ բիենալեում՝ «Ծալք ու ծավալ. ստեղծագործել Հայաստանում» ցուցադրության շրջանակում, որտեղ Հայաստանը հրավիրվել է որպես պատվո հյուր։ 

Հունիսի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը «Ոսկե ծիրան»-ի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը շեշտեց՝ AHA Collective-ի հետ վաղուց են համագործակցում։ «Գորգերի փոփոխության գաղափարի հիմքում ընկած էին տարբեր հանգամանքներ. մեզ թվաց, որ ինչ-որ բան, որը հայաստանյան համատեքստում ունի մեծ մշակութային արժեք, ժառանգություն և ավանդույթներ, ինչպիսին է գորգագործությունը, հնարավորություն կտա փոխել անփոփոխ թվացող  կարմիր գորգը, որը փառատոնային աշխարհում սրբազան մասունք է թվում։

Սովորաբար ոչ մի միջազգային փառատոն նման քայլի չի գնում, որովհետև կարմիր գորգն անփոփոխ է ու փառատոնի ձևաչափի անբաժան մասն է, բայց գուցե այլ երկրներում նման մտահղացման համար հանգամանքներ չեն եղել»,-ասաց Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ կարելի է ամեն տարի ներկայացնել մի նոր գորգ, որն ինքնին արվեստի գործ է։

Այս միջազգային համագործակցության հայելային նախաձեռնության շրջանակում AHA collective-ը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան, Ֆրանսիական ինստիտուտի հետ համատեղ հրավիրել է փարիզյան Normal Studio դիզայներներ Ժան-Ֆրանսուա Դինքջեանին և Էլուա Շաֆային՝ մասնակցելու երկրորդ թողարկման ձևավորմանը։ 

Դիզայներներն այցելել են Հայաստան, աշխատել գորգագործների հետ և ծանոթացել բնական ներկման եղանակներին։ AHA collective-ի երկրորդ հավաքածուն 100 տոկոս տեղական ձեռագործ արտադրություն է։ Նոր հավաքածուի դիզայնը խաղում է գորգի կառուցվածքի՝ հենքի հետ՝ ստեղծելով ստորաբաժանումներ, որոնք զարգանում են իրենց խտությամբ։ Օպտիկական ազդեցությամբ կարմիրի և կանաչի երանգները կենդանություն են հաղորդում ութ կարպետներից կազմված, 16 մետր երկարությամբ գորգի ընդհանուր հարթությանը։ Գորգի ստեղծման յուրաքանչյուր փուլ՝ սկսած հայկական բրդի ձեռքբերումից մինչև բնական ներկում և ձեռքով հյուսում, իրականացրել են տեղացի վարպետները՝ համագործակցելով Armenian Wool Project-ի, Woolway Studio-ի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված մայր ու դուստր Միլենա և Անահիտ Օրդյանընցների հետ։ Այս համապարփակ մոտեցումը խթանում է կայունությունը և իրական սոցիալական ազդեցություն թողնում գորգագործների համայնքի վրա` վերակենդանացնելով արհեստն ու զարգացնելով ժամանակակից տեսողական մշակույթը։ 

Նախագիծն իրականացվում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան, Ֆրանսիական ինստիտուտի, Ֆրանսիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի, ինչպես նաև Armenian Wool Project-ի համատեղ նախաձեռնությամբ։ 

Կարմիր գորգի նոր հավաքածուն ամբողջությամբ կներկայացվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման օրը՝ հուլիսի 13-ին։

Հայերեն Русский

Ակնաշենի համայնքային փոքր տունը հաշմանդամություն ունեցող երեխաների համար դարձել է մատչելի կենսակերպի հարմարավետ կեցավայր

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը՝ «գող Բջե»-ն և ևս մեկ անձ՝ «Տեցիկ»-ը, ձերբակալվել են

Հայաստան ներմուծվող բանջարեղենը կներկայացվի նմուշառման և նիտրատային ստուգման. ՍԱՏՄ

Շիրակի մարզի հեռավոր համայնքներում տեղակայված տեղամասերը կահավորվում են

Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Պարույր Սևակին նվիրված «Անմահության դատապարտվածը» խորագրով ներկայացմանը

Հրազդանի նախկին քաղաքապետից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցը բավարարվել է

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ կայացվել է ձերբակալելու որոշում

Նորակերտ համայնքի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել է փողերի լվացում. գործը հանձնվել է դատարան

ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին

Եվրոպական ինդեքսներ - 05/06/26