Եթե Իրան-Իսրայել կոնֆլիկտը դառնա տևական, դա կազդի նաև Հարավային Կովկասի վրա. փորձագետները՝ վերջին զարգացումների մասին
6 րոպեի ընթերցում

Հայաստանի կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտի (APRI ARMENIA) կողմից կազմակերպված համաժողովում տեղի ունեցավ պանելային քննարկում Իսրայելի կողմից Իրանի դեմ հարձակման ու դրա հետևանքով առաջացած լարվածության վերաբերյալ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իսրայելի հարցերով փորձագետ, միջազգայնագետ, APRI ARMENIA վերլուծական կենտրոնի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը նշեց, որ Իսրայելն ի սկզբանե նպատակադրվել էր հնարավորինս խոցել իրանական միջուկային ենթակառուցվածքները, թիրախավորել միջուկային ծրագրի շրջանակում աշխատող գիտնականներին և ռազմական բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք նույնպես պատասխանատու են միջուկային ծրագրի համար։
«Անշուշտ, Իսրայելի վերջին հարվածները բնավ չոչնչացրին իրանական միջուկային ծրագիրն ու բալիստիկ հրթիռների գործարանները, բայց այստեղ ցուցաբերվել է նույն մոտեցումը, ինչպես ՀԱՄԱՍ-ի և «Հըզբոլլահ»-ի դեպքում, երբ փորձ է արվում առաջին հերթին վերացնել ռազմական ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաններին, որոնք որոշումներ են կայացնում, և այդ կերպ ձգտում են թուլացնել ռազմական համակարգը։
Այդուհանդերձ, մենք տեսնում ենք, որ Իրանը շատ արագ ադապտացվեց ու անմիջապես ընդունեց համապատասխան որոշումներ՝ զոհված անձանց փոխարեն նշանակելով նոր կադրեր»,- ասաց Մելքոնյանը։
«APRI ARMENIA»-ում ռազմական վերլուծաբան և հետազոտող Լեոնիդ Ներսիսյանը հիշեցրեց, որ Իսրայելը նախկինում էլ նման քայլեր է ձեռնարկել Իրանի դեմ, սակայն ոչ նման մեծ մասշտաբով, երբ միանգամից ավելի քան տասը ազդեցիկ դեմքեր սպանվեցին։ Այս անգամ իսրայելական կողմն օգտագործել է անօդաչու թռչող սարքեր հենց Իրանի տարածքում՝ ձգտելով շարքից հանել ՀՕՊ համակարգը և այդ նպատակով օգտագործվել են ինչպես հետախուզական տվյալները, այնպես էլ գործակալական ցանցը։
«Երբ մտնում ես ռիսկային ժամանակաշրջան, ապա պետք է բարձրաստիճան պաշտոնյաների պաշտպանությունն ու անվտանգությունը մղվի առաջին պլան, նրանք նույնիսկ չպետք է գիշերեն իրենց բնակարաններում։ Եվս մեկ անգամ ականատես ենք լինում, որ ոչ կանոնավոր մոտեցումների համադրումը կոնվենցիոնալ բանակի ռազմական մեթոդների հետ դարձել է շատ արդյունավետ, քանի որ իրականացվում է բարձր տեխնոլոգիաների միջոցով։ Դա վկայում է նաև կազմակերպչական կարողությունների առկայության մասին»,- պարզաբանեց Ներսիսյանը։
«APRI ARMENIA» վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Բենիամին Պողոսյանն իր հերթին նշեց, որ եթե ամեն ինչ ավարտվի երկու օրում, Իրանը հասցնի պատասխան հարված, ու դրանից հետո կրքերը հանդարտվեն, ինչպես երկու անգամ տեղի ունեցավ 2024 թվականին, ապա վերջին սրացումը էական փոփոխություններ չի բերի Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետության մեջ, բայց եթե ռազմական գործողությունները շարունակվեն և ընդլայնվեն, Իրանի պատասխան հարվածը հանգեցնի ԱՄՆ-ի ներգրավմանն այս հակամարտության մեջ, ապա այդ դեպքում զարգացումները որոշակի ազդեցություն կունենան տարբեր տարածաշրջանների, այդ թվում՝ Հարավային Կովկասի վրա։
«Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին Հայաստանի դեմ Ադրբեջանի նոր հարձակումը զսպող ռազմական հիմնական գործոններից մեկը հենց Իրանն է, նրա հստակ դիրքորոշումը, որ իրանական կողմը թույլ չի տա սահմանների փոփոխություն։ Եթե Իրանն այժմ ներքաշվի երկարաժամկետ ու լայնածավալ ռազմական գործողությունների մեջ, ապա կարող է առաջանալ վտանգ, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կարող է մտածել, թե հիմա, թերևս, ամենահարմար պահն է Հայաստանին նոր հարված հասցնելու համար։ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ իր ռազմական ուժերը պատրաստ լինեն ցանկացած պահի նոր էսկալացիա սկսելու համար։ Այդ նպատակով ձեռք է բերվում նոր սպառազինություն և այս օրերին Նախիջևանում տեղի են ունենում թուրք-ադրբեջանական զորավարժություններ»,- ասաց Պողոսյանը։
Նա հավելեց, որ իրանա-իսրայելական վերջին բախմանն անդրադարձել են և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան։ Հայկական կողմը քննադատել է Իսրայելի գործողությունները, մինչդեռ ադրբեջանական տեքստում չկա «քննադատում ենք» բառը կամ դիվանագիտական ճանապարհով խնդիրը կարգավորելու կոչ։
«Ի տարբերություն Ադրբեջանի, Թուրքիան խստագույնս դատապարտել է Իսրայելի կողմից ձեռնարկված ռազմական քայլերը։ Ադրբեջանը փորձում է որոշակի հավասարակշռված մոտեցում ցուցաբերել՝ հաշվի առնելով մի կողմից Իսրայելի հետ ռազմավարական հարաբերությունները, մյուս կողմից կապերն իսլամական աշխարհի և Թուրքիայի հետ։ Ադրբեջանի հայտարարությունը բնույթով չեզոք էր, կար դրական մոտեցում Իրանի նկատմամբ, սակայն չկար քննադատություն Իսրայելի հասցեին։ Հայաստանի և Թուրքիայի դիրքորոշումները կարելի է գնահատել շատ ավելի կոշտ, քան Ադրբեջանինը»,- նշեց Պողոսյանը։