Նոր համակարգով անապահով ընտանիքների աշխատունակ անդամներին կառաջարկվի աշխատանք. Փաշինյան
2 րոպեի ընթերցում

Անապահովության գնահատման նոր համակարգի առանցքում լինելու է աշխատունակ շահառուներին աշխատանք առաջարկելու և նրանց աղքատության շեմից դուրս բերելու քաղաքականությունը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին կառավարության հունիսի 12-ի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը շեշտեց, որ աղքատության հաղթահարման միակ ճանապարհը աշխատանքն է, և կառավարության նպատակը լինելու է ոչ թե մարդկանց պահելը աղքատության վիճակում, այլ նրանց դեպի աշխատաշուկա ուղեկցելը։
«Մեր նոր համակարգի ռազմավարական նպատակն է մարդուն աջակցելը, որ նա հաղթահարի աղքատությունը, իսկ աղքատությունը հաղթահարելու գործիքը, ինչպես խոսել ենք, աշխատանքն է, և մենք հիմա հետևյալ տրամաբանությամբ ենք գնում, որ անապահով գնահատված ընտանիքի աշխատունակ անդամին առաջարկելու ենք աշխատանք և աշխատանքի միջոցով աղքատության հաղթահարում»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ անհրաժեշտության դեպքում կտրամադրվի նաև ուսուցում՝ շահառուի կարողությունների զարգացման համար։
Փաշինյանի խոսքով՝ սոցիալական ծառայությունները ոչ միայն կաջակցեն շահառուին, այլ նաև կուղեկցեն գործատուին՝ ապահովելով արդյունավետ համագործակցություն։
«Եվ դա կանենք մինչև այն կետը, երբ կարողանանք գնահատել, որ աշխատունակ մարդը, գործունակ մարդը վերադարձել է աշխատանքի շուկա և նա արդեն կարող է իր հետագա գործունեությունը աշխատանքի շուկայում դասավորել»,- ընդգծեց Փաշինյանը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը իր հերթին նշեց, որ նոր մոտեցման շրջանակում յուրաքանչյուր ընտանիքի և յուրաքանչյուր սոցիալական դեպքի հետ կապված իրականացվելու է անհատական աշխատանք։
«Մենք գործ ունենք անհատականացված սոցիալական աշխատանքի հետ՝ ներառյալ խորհրդատվություն, անհրաժեշտ ծառայություններ։ Այս ամենը համակցվում է և կատարվում է ոչ միայն զբաղվածության, այլև համապարփակ սոցիալական աջակցության շրջանակում»,-ասաց Ժամակոչյանը։