Փաշինյանը ողջունել է Հայաստանում AI ենթակառուցվածքներ կառուցելու ուղղությամբ NVIDIA-ի գործընկերությունը և Firebird-ի հետ աշխատանքը
5 րոպեի ընթերցում
Firebird արհեստական բանականության ամպային ընկերությունը և Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ NVIDIA-ի աջակցությամբ, հայտարարել են տեխնոլոգիական նորարարություններն արագացնելու և Կովկասի տարածաշրջանը՝ որպես արհեստական բանականության կենտրոն դարձնելու համար առաջադեմ արհեստական բանականության ենթակառուցվածքներ կառուցելու գաղափարի մասին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Firebird ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Firebird-ը այս նախագիծը նախատեսում է գործարկել 2026 թվականին՝ NVIDIA Blackwell-ի հազարավոր գրաֆիկական պրոցեսորներով՝ նախագծելով 100 մեգավատից ավելի հզորությամբ ենթակառուցվածք։
Firebird-ը ներկայացրել է ՀՀ կառավարության հետ 500 միլիոն դոլարի պետական-մասնավոր գործընկերության տեսլականը, որը կխթանի երկրում արհեստական բանականության տեխնոլոգիաների զարգացումն ու աճը:
«Այս նախաձեռնությունը կնպաստի տեղական տեխնոլոգիական էկոհամակարգի աճին՝ միավորելով բարձր արդյունավետությամբ ենթակառուցվածքները, տաղանդը և նորարարությունը: Արդյունաբերության և կառավարության հետ համագործակցելով՝ Firebird-ը նպատակ ունի աջակցել տնտեսական աճին և օգնել բիզնեսներին, ձեռնարկատերերին և ակադեմիական ոլորտին մնալ առաջատար արհեստական բանականության ոլորտում»,-ասված է տարածված հաղորդագրության մեջ։
Ընդգծվում է, որ արհեստական բանականության նոր գործարանը նշանակալի հանգրվան է Հայաստանի՝ հաջորդ սերնդի տեխնոլոգիաների առաջատար դառնալու ճանապարհին։
«Մենք ողջունում ենք NVIDIA-ի գործընկերությունը և Firebird-ի հետ աշխատանքը՝ Հայաստանում արհեստական բանականության ենթակառուցվածքներ կառուցելու համար: Սա մեր տեխնոլոգիական ոլորտի և գլոբալ գործընկերությունների ամրապնդման ուղղությամբ կարևոր քայլ է»,-ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ կառավարությունն ուրախ է աջակցել այս նախաձեռնությանը և նոր հնարավորություններ բացել հայ ժողովրդի և տարածաշրջանի համար:
NVIDIA-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգն, իր հերթին, նշել է, որ արհեստական բանականության գործարանները 21-րդ դարի ենթակառուցվածքներն են։
«Մեր համագործակցությունը Հայաստանի հետ կօգնի զարգացնել արհեստական բանականության հիմնարար կարողությունները և բացել նոր հնարավորություններ նորարարության և տնտեսական աճի համար ամբողջ տարածաշրջանում»,-ասել է Հուանգը։
Firebird.ai-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Ռազմիկ Հովագիմյանը շեշտել է, որ խոսքը նորարարության մեկնարկային հարթակ ստեղծելու մասին է՝ Հայաստանից մինչև աշխարհ։
«Մենք ներդրումներ կկատարենք նորարարական մոդելների, ռոբոտաշինության և գիտությունների մեջ՝ համագործակցելով աշխարհի առաջատար համալսարանների հետ, և կստեղծենք նորարարների հաջորդ սերնդին Հայաստանում ինկուբացնելու կարողություններ»,-ասել է Հովագիմյանը:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն էլ իր ոգևորվածությունն է արտահայտել նախագծի վերաբերյալ՝ նշելով․
«Մենք ոգևորված ենք ԱՄՆ տեխնոլոգիական արտահանման և արհեստական բանականության առաջատար ներուժով՝ խթանելու ավելի շատ նորարարություններ Հայաստանի դինամիկ տեխնոլոգիական ոլորտում, ինչը օգուտ կբերի Միացյալ Նահանգներին և Հայաստանին»։
Դեսպանը հավելել է, որ ԱՄՆ ընկերություններն, ինչպիսին է NVIDIA-ն, շարունակում են առաջարկել աշխարհում առաջատար համակարգչային և արհեստական բանականության լուծումներ։
«Մենք հպարտ ենք, որ նրանք հայ գործընկերների համար նախընտրելի գործընկերներ են»,-նշել է դեսպանը։
Firebird.ai-ը Սան Ֆրանցիսկոյում և Երևանում տեղակայված արհեստական բանականության ամպային ընկերություն է, որը 2026 թվականին կթողարկի Կովկասի առաջին և ամենամեծ արհեստական բանականության սուպերհամակարգիչը՝ NVIDIA Blackwell GPU-ներով: Firebird-ի ապագա մասնաճյուղերը կմատակարարեն կայուն, բարձր արդյունավետությամբ արհեստական բանականության ենթակառուցվածքներ աշխարհի արագ զարգացող շուկաներին՝ վերաներդնելով իրենց եկամտի մի մասը տեղական տեխնոլոգիական հզորությունների զարգացման համար: