Միացյալ Նահանգներ

Փաշինյանը ողջունել է Հայաստանում AI ենթակառուցվածքներ կառուցելու ուղղությամբ NVIDIA-ի գործընկերությունը և Firebird-ի հետ աշխատանքը

5 րոպեի ընթերցում

Փաշինյանը ողջունել է  Հայաստանում AI ենթակառուցվածքներ կառուցելու ուղղությամբ NVIDIA-ի գործընկերությունը և Firebird-ի հետ աշխատանքը

Firebird արհեստական ​​բանականության ամպային ընկերությունը և Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ NVIDIA-ի աջակցությամբ, հայտարարել են տեխնոլոգիական նորարարություններն արագացնելու և Կովկասի տարածաշրջանը՝ որպես արհեստական ​​բանականության կենտրոն դարձնելու համար առաջադեմ արհեստական ​​բանականության ենթակառուցվածքներ կառուցելու գաղափարի մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Firebird ընկերության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Firebird-ը այս նախագիծը նախատեսում է գործարկել 2026 թվականին՝ NVIDIA Blackwell-ի հազարավոր գրաֆիկական պրոցեսորներով՝ նախագծելով 100 մեգավատից ավելի հզորությամբ ենթակառուցվածք։ 

Firebird-ը ներկայացրել է ՀՀ կառավարության հետ 500 միլիոն դոլարի պետական-մասնավոր գործընկերության տեսլականը, որը կխթանի երկրում արհեստական ​​բանականության տեխնոլոգիաների զարգացումն ու աճը: 

«Այս նախաձեռնությունը կնպաստի տեղական տեխնոլոգիական էկոհամակարգի աճին՝ միավորելով բարձր արդյունավետությամբ ենթակառուցվածքները, տաղանդը և նորարարությունը: Արդյունաբերության և կառավարության հետ համագործակցելով՝ Firebird-ը նպատակ ունի աջակցել տնտեսական աճին և օգնել բիզնեսներին, ձեռնարկատերերին և ակադեմիական ոլորտին մնալ առաջատար արհեստական ​​բանականության ոլորտում»,-ասված է տարածված հաղորդագրության մեջ։ 

Ընդգծվում է, որ արհեստական ​​բանականության նոր գործարանը նշանակալի հանգրվան է Հայաստանի՝ հաջորդ սերնդի տեխնոլոգիաների առաջատար դառնալու ճանապարհին։ 

«Մենք ողջունում ենք NVIDIA-ի գործընկերությունը և Firebird-ի հետ աշխատանքը՝ Հայաստանում արհեստական ​​բանականության ենթակառուցվածքներ կառուցելու համար: Սա մեր տեխնոլոգիական ոլորտի և գլոբալ գործընկերությունների ամրապնդման ուղղությամբ կարևոր քայլ է»,-ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ կառավարությունն ուրախ է աջակցել այս նախաձեռնությանը և նոր հնարավորություններ բացել հայ ժողովրդի և տարածաշրջանի համար: 

NVIDIA-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգն, իր հերթին, նշել է, որ արհեստական ​​բանականության գործարանները 21-րդ դարի ենթակառուցվածքներն են։

«Մեր համագործակցությունը Հայաստանի հետ կօգնի զարգացնել արհեստական ​​բանականության հիմնարար կարողությունները և բացել նոր հնարավորություններ նորարարության և տնտեսական աճի համար ամբողջ տարածաշրջանում»,-ասել է Հուանգը։ 

Firebird.ai-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Ռազմիկ Հովագիմյանը շեշտել է, որ խոսքը նորարարության մեկնարկային հարթակ ստեղծելու մասին է՝ Հայաստանից մինչև աշխարհ։ 

«Մենք ներդրումներ կկատարենք նորարարական մոդելների, ռոբոտաշինության և գիտությունների մեջ՝ համագործակցելով աշխարհի առաջատար համալսարանների հետ, և կստեղծենք նորարարների հաջորդ սերնդին Հայաստանում ինկուբացնելու կարողություններ»,-ասել է Հովագիմյանը: 

Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն էլ իր ոգևորվածությունն է արտահայտել նախագծի վերաբերյալ՝ նշելով․

«Մենք ոգևորված ենք ԱՄՆ տեխնոլոգիական արտահանման և արհեստական ​​բանականության առաջատար ներուժով՝ խթանելու ավելի շատ նորարարություններ Հայաստանի դինամիկ տեխնոլոգիական ոլորտում, ինչը օգուտ կբերի Միացյալ Նահանգներին և Հայաստանին»։ 

Դեսպանը հավելել է, որ ԱՄՆ ընկերություններն, ինչպիսին է NVIDIA-ն, շարունակում են առաջարկել աշխարհում առաջատար համակարգչային և արհեստական ​​բանականության լուծումներ։ 

«Մենք հպարտ ենք, որ նրանք հայ գործընկերների համար նախընտրելի գործընկերներ են»,-նշել է դեսպանը։

Firebird.ai-ը Սան Ֆրանցիսկոյում և Երևանում տեղակայված արհեստական ​​բանականության ամպային ընկերություն է, որը 2026 թվականին կթողարկի Կովկասի առաջին և ամենամեծ արհեստական ​​բանականության սուպերհամակարգիչը՝ NVIDIA Blackwell GPU-ներով: Firebird-ի ապագա մասնաճյուղերը կմատակարարեն կայուն, բարձր արդյունավետությամբ արհեստական ​​բանականության ենթակառուցվածքներ աշխարհի արագ զարգացող շուկաներին՝ վերաներդնելով իրենց եկամտի մի մասը տեղական տեխնոլոգիական հզորությունների զարգացման համար:

 

Կարդացեք հոդվածը` FrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում