Մշակույթ

SUMMEET Հայաստանում ժամանակակից պարի միջազգային ամառային փառատոնը 5-րդ անգամ հանդես է գալիս հագեցած ծրագրով

5 րոպեի ընթերցում

SUMMEET Հայաստանում ժամանակակից պարի միջազգային ամառային փառատոնը 5-րդ անգամ հանդես է գալիս հագեցած ծրագրով

SUMMEET Հայաստանում ժամանակակից պարի միջազգային ամառային փառատոնը, որը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 1-ը, այս տարի ներկայանում է հագեցած ծրագրով ու մասնակցության ընդլայնված աշխարհագրությամբ։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում SUMMEET Հայաստանում ժամանակակից պարի միջազգային ամառային փառատոնի պրոդյուսեր, «Սարեր» մշակութային հասարակական կազմակերպության նախագահ Էռնա Ռևազովան նշեց, որ հետաքրքրիր ու ինքնատիպ ծրագիր է սպասվում։ 

«Արդեն 5-րդ տարի իրականացվում է փառատոնը։ Մենք ունենք բավական խորը արմատներ պարարվեստում և այս ոլորտում ունենք մեր ասելիքը։ Նպատակն է, պահպանելով ազգայինը, մեր արմատները ու այդ ամենը ներկայացնել ժամանակակիցի մեջ։ Մեր փառատոնը ունի «Հայկական պարարվեստի ծրագիր», որին այս ընթացքում մասնակցել է 28 պարուսույց, այս տարի ևս 10 պարուսույց ավելանալու է»,-ասաց Էռնա Ռևազովան։

SUMMEET Հայաստանում ժամանակակից պարի միջազգային ամառային փառատոնի անցկացմանն աջակցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, կարևորելով փառատոնի անցկացումը, նշեց, որ իրականացվող միջոցառումներին նախարարությունն աջակցում է հաշվի առնելով մի քանի բաղադրիչ։ 

«Մեր կողմից ֆինանսավորվող ծրագրերը պարտադիր պետք է ունենան մարզային բաղադրիչ։ Կամ ամբողջության մարզում իրականացվեն կամ եթե Երևանում են, ապա գոնե ինչ-որ մի հատված պետք է մարզում իրականացվի։ Այս փառատոնն այս տարի որպես մարզային բաղադրիչ ընտրել է Գյումրին։ Մենք դա շատ կարևորում ենք, որովհետև մշակութային իրադարձությունները պետք է հասանելի լինեն նաև մարզերի մեր բնակիչներին»,-ասաց Դանիել Դանիելյանը։ 

Փառատոնի միջազգային պրոդյուսեր Հայկ Վարդանյանը տեղեկացրեց, որ  փառատոնին միջազգային ներգրավվածությունը տարեց տարի ընդլայնվում է։ Ավանդական եվրոպական մասնակցությանը միացել է ամերիկյան թևը։ 

 «Այս տարի հասանք նաև հեռավոր Արևելք։ Մի անգամից առիթ ունեցանք Ճապոնիայի ու Հարավային Կորեայի կարևոր պարուսույցների ներգրավել։ Հարավկորեացի պարուսույց Սուջոն Կիմը ներկայանալու է իր մենապարով։ Ճապոնացի հայտնի պարուսույց, «Բուտո» (Butoh) պարի ներկայացուցիչ Կացուրա Կանն էլ արդեն Երևանում է։ Նա այստեղ է իր աշխատարաններով։ Ունենք առանձնացված երեկոներ՝ ճապոնական, ֆրանսիական երեկոներ, հայկական պարադիտում և այլն»-,-ասաց Հայկ Վարդանյանը։ Եվ ահա գերմանացի աշխարհահռչակ բեմադրիչ Մարկո Գյոկեի կողմից բեմադրված մենապարն էլ ներկայացվելու է  Հանովերի թատրոնի մենապարուհի Լիլիթ Հակոբյանի կողմից: 

Այս տարի փառատոնն առանձնանում է նաև այն հանգամանքով, որ ունի առանձին ծրագիր երեխաների համար՝ SUMMEET 4 Kids։ Մանրամասները ներկայացրեց փառատոնի գեղարվեստական ղեկավար Վալերիա Կասպարովան, որը այսպիսի նպատակ է ունեցել հենց փառատոնի հիմնադրման օրերից։ 

«Շատ կարևոր է պատանեկան ծրագիրը ունենալը, հատկապես նոր հանդիսատեսին կրթելու առումով։ Մեր առաջնային նպատակը հենց  կրթությունն է։ Այսինքն, մենք անվճար իրականացում ենք մաստեր կլասներ, որին մասնակցել են ոչ միայն մասնագետներ, այլև նրանք, որոնք շատ են սիրում պարել ու ուզում են զարգացնել իրենց հմտությունները։ Շատ կարևոր է, որ մեր լսարանը շատ զարգացավ»,-ասաց Վալերիա Կասպարովան։ 

Փառատոնին մեծ ներգրավվածություն ունի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը։ Մասնավորապես, ինստիտուտի շրջանավարտները մասնակցում են իրենց ներուժը ցույց տալու, ինչպես նաև պրոֆեսիոնալների հետ շփվելու համար։ Ինստիտուտի ռեկտոր Սառա Նալբանդյանը նշեց, որ SUMMEET փառատոնը ներգրավում է մասնագիտական բարձր մակարդակ ունեցող արտիստների։ 

«Եվ դա լավ հնարավորություն է մեր երկրում տեսնելու, թե ինչ է կատարվում աշխարհի բեմերում՝ իրենց լավագույն դրսևորումներով։ Փառատոնը շատ կարճ ժամանակահատվածում դաշտում իր տեղը գտավ և իր ազդեցությունն ունեցավ ժամանակակից պարի հանրահռչակման գործում։ Այսօր տեսնում ենք, որ մեծ հետաքրքրություն կա շատ կրթական հաստատությունների, պարային առանձի խմբերի կողմից»,-ասաց Սառա Նալբանդյանը։ 

Փառատոնի գալա համերգը տեղի է ունենալու հուլիս 1-ին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում