ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել արտահանման սահմանափակումները մեղմելու շուրջ
3 րոպեի ընթերցում
ԱՄՆ-ի և Չինաստանի պաշտոնյաները հայտարարել են, որ Լոնդոնում կայացած բանակցությունների ժամանակ համաձայնության են եկել շրջանակային համաձայնագրի շուրջ, որի շնորհիվ կողմերը կիրագործեն առևտրային տարաձայնությունները վերացնելուն ուղղված քայլերը, ԱՄՆ-ն կվերացնի արտահանման արգելքները, իսկ Չինաստանը կվերացնի հազվագյուտ մետաղների արտահանման սահմանափակումները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Լոնդոնում հունիսի 9-10-ի երկօրյա լարված բանակցությունների ավարտին ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լուտնիկը նշել է, որ շրջանակային համաձայնագիրն ավելի մեծ հստակություն է մտցնում մայիսին Ժնևում ձեռք բերված համաձայնության առումով։
Լուտնիկը հավելել է, որ Լոնդոնում ձեռք բերված համաձայնագիրը կվերացնի ԱՄՆ-ի կողմից վերջերս ընդունված որոշ արտահանման սահմանափակումներ, սակայն այլ մանրամասներ չի հայտնել։
«Մենք հասել ենք շրջանակային համաձայնագրի՝ իրագործելու Ժնևում ձեռք բերված փոխհամաձայնությունը և երկու նախագահների միջև հեռախոսազրույցի (խմբ.՝ պայմանավորվածությունները)», - լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լուտնիկը։
Նա հավելել է, որ երկու պատվիրակությունները կխոսեն իրենց երկրների նախագահների հետ և հաստատման դեպքում կսկսեն ձեռք բերված համաձայնության իրագործումը։
Առանձին ճեպազրույցի ժամանակ Չինաստանի առևտրի փոխնախարար Լի Չենգանգը նույնպես հայտարարել է, որ սկզբունքորեն ձեռք է բերվել համաձայնություն, որը կներկայացվի ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարներին։
Երկու կողմերն առևտրային լարվածությունը մեղմելուն ուղղված ավելի համապարփակ համաձայնագրի հասնելու ժամանակ ունեն մինչև օգոստոսի 10, այլապես ԱՄՆ-ն չինական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը մոտ 30%-ից նորից կբարձրացնի մինչև 145%, իսկ Չինաստանը՝ 10%-ից մինչև 125%։
Ավելի վաղ Լուտնիկը հայտարարել էր, որ ԱՄՆ-Չինաստան առևտրային բանակցությունները Լոնդոնում լավ են ընթանում։
«Կարծում եմ՝ բանակցություններն իսկապես շատ լավ են ընթանում։ Մենք շատ ժամանակ, ջանք և էներգիա ենք ներդնում. բոլորը խորասուզված են աշխատանքում՝ սերտորեն համագործակցելով», - նշել էր Լուտնիկը։
Քննարկումները, հնարավոր է, ավարտվեն հունիսի 11-ի երեկոյան, բայց կարող են շարունակվել մինչև հունիսի 12-ը։