Նիկոս Վերտիսը երևանյան համերգին երկրպագուներին կտանի երևակայական աշխարհ. երգիչը նաև հայկական երաժշտությամբ երգ կկատարի
6 րոպեի ընթերցում

Հունական էստրադայի ամենաինքնատիպ երգիչներից Նիկոս Վերտիսին այնքան է ջերմացրել Հայաստանի հանդիսատեսը, որ երևանյան առաջին համերգից երկու տարի անց վերադարձել է ավելի մեծ դահլիճում մենահամերգով ներկայանալու համար։
Վերտիսի սպասված համերգային երեկոն տեղի կունենա հունիսի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ «Արմենպրես»-ի թղթակիցը բաց չի թողել համերգի փորձին ներկա լինելու և Վերտիսի հետ զրուցելու հնարավորությունը։
-Բարև Ձեզ, պարոն Վերտիս։
-Ողջույն։
-Ուրախ ենք երկրորդ անգամ տեսնել Ձեզ Հայաստանում։
-Շնորհակալ եմ հյուրընկալելու համար։
-Ինչպե՞ս եք։
-Հրաշալի։ Շատ երջանիկ եմ, որ կրկին այստեղ եմ։ Համերգային դահլիճը լավն է, ինչը ոգևորում է։ Իրականում և՛ ուրախ եմ, և՛ հաճելիորեն լարված, որովհետև ցանկանում եմ, որ հանդիսատեսը մեծագույն բավականություն ստանա համերգից։
-Երկու տարի առաջ ներկա էի Ձեր համերգին։ Դրական էներգիա կար դահլիճում։ Լավ տպավորություննե՞րը Ձեզ վերադարձրին մեր երկիր։
-Նախորդ համերգը հրաշալի էր։ Հանդիսատեսը շատ ջերմ էր։ Հավատում եմ, որ մարդիկ, որոնք մասնակցում են համերգների և լավ ժամանակ են անցկացնում, հաջորդ համերգներին հրավիրում են իրենց ընկերներին, մտերիմներին։ Եթե երկրորդ համերգիս ներկաների թիվն ավելի մեծ լինի, շատ զգացված կլինեմ։
-Շատ արտիստներ խոստովանում են՝ չնայած համերգային հարուստ փորձին՝ ելույթ ունենալիս հուզվում են։ Ձեր պարագայում ինչպե՞ս է։ Սրտի թրթիռ կա՞։
-Երբ տարիներ առաջ բեմ էի բարձրանում, հուզվում էի, բայց հիմա միայն դրական, ուժեղ էներգիա եմ ստանում, ադրենալինս բարձրանում է։ Ինձ դուր է գալիս այն փաստը, որ կարողանում են բարձրացնել մարդկանց տրամադրությունը, երջանկացնել նրանց, իմ երաժշտության միջոցով հնարավորություն եմ տալիս ճամփորդել երևակայական աշխարհում։ Յուրաքանչյուր հանդիսատես իմ երգերում իր կյանքից որևէ դրվագ է գտնում։ Դա ինձ համար կարևոր է։
-Երբ լսում եմ Ձեր քնարական ստեղծագործությունները, թվում է, թե միայն ինձ համար եք երգում։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր երկրպագու այդպես է զգում։ Ինչպե՞ս է Ձեզ հաջողվում հասնել ունկնդրին։
-Յուրաքանչյուր երգ կարող է տարբեր մեկնաբանություններ ստանալ, տարբեր կերպ ընկալվել։ Երգն ունկնդրելիս ինչ-որ մեկը կարող է կյանքի գեղեցիկ պահերը հիշել, մեկ ուրիշը՝ տխուր։
-Ի՞նչ եք կարծում՝ երգիչը պետք է սիրահարվա՞ծ լինի իրական հույզեր փոխանցելու համար, թե՞ փորձն ու մասնագիտական որակները բավարար են։
-Երգելիս, սիրո մասին խոսելիս պարտադիր չէ սիրահարված լինել։ Ավելի կարևոր է զգալ երգերը և հիշել կյանքիցդ որոշ դրվագներ կամ պատմություններ, որոնք քեզ պատմել են։ Հաճախ է այդպես պատահում. կամ քո կյանքի մասին ես երգում, կամ՝ մեկ այլ մարդու։
-Ձեր An eisai ena asteri երգը մինչ օրս չափազանց սիրված է նաև Հայաստանում։ Անգամ թարգմանվել է հայերեն։ Ինչպե՞ս է այն ծնվել։ Երգի հետ կապված հետաքրքիր պատմություն կա՞։
-Մի լավ ընկեր ունեի, որը հիմնականում լիրիկական ստեղծագործություններ էր գրում։ Նա այնքան էլ հայտնի չէր։ Խոսքը Կիրիակոս Պապադոպուլուսի մասին է։ Նա երգի երաժշտության հեղինակն է։ Երբ զանգահարեց ու խնդրեց լսել երաժշտությունը, ես էլ զանգահարեցի մյուս ընկերոջս՝ Գիորգոս Ցոպանիսին, որպեսզի նա գեղեցիկ տողեր գրի։ Նա թողեց իր բոլոր գործերն ու մեկ կամ երկու ժամ անց ուղարկեց բառերը։ Այդպես ծնվեց An eisai ena asteri-ին։ Երգը դեռ ապրում է, և ես հավատում եմ, որ երկար կյանք կունենա։
-Իսկ ծանո՞թ եք հայկական երաժշտությանը։
-Չեմ հիշում կատարողեների կամ հեղինակների անունները, բայց շատ եմ հավանում ձեր ժողովրդական երգերը։ 2000-ականների իմ ալբոմներից մեկում ներառել եմ Gia ena tis fili երգը, որի հիմքում հայկական ժողովրդական երաժշտություն է։ Մոռացա նախորդ համերգին երգել այն, բայց այս համերգին անպայման կկատարեմ։
-Հաճույքով կսպասենք։ Ձեր գործունեությանը հետևելիս տպավորություն է, որ ռոմանտիկ, հուզառատ մարդ եք։ Ինչպիսի՞ն է Նիկոս Վերտիսը կյանքում։
-Ես լավ դերասան եմ։ Հեշտ մարդ չեմ, բայց փորձում եմ միշտ ազնիվ լինել, արտահայտել այն, ինչ իրականում զգում եմ և խաղեր չխաղալ, որովհետև որքան անկեղծ ես մարդկանց հետ, այնքան քիչ խնդիրներ կարող ես ունենալ հետագայում։ Երբ ընկերներդ, քեզ շրջապատող մարդիկ հասկանում են, թե ով ես դու, կողքիդ կլինեն անգամ ամենածանր իրավիճակներում։
-Իսկ ի՞նչն է Ձեզ հունից հանում։
-Երբ ստիպված եմ կրկնել ինքս ինձ։ Երբ ասում եմ, որ սա պետք է այսպես լինի, և որևէ մեկը սխալվում է մեկ կամ երկու անգամ, տանելի է, բայց, եթե դա շարունակական բնույթ է կրում, մի քիչ զայրանում եմ։ Պետք է խոստովանեմ, որ տարիների ընթացքում ավելի հանգիստ եմ դարձել։ Որքան երիտասարդ ես, այնքան բռնկվող ես։
-Եթե չեմ սխալվում, երգել սկսել եք վեց տարեկանից։ Ինչի՞ մասին էիք երազում այդ ժամանակ։
-Բնավ չէի երազում հանրաճանաչ լինել, որովհետև երաժիշտ էի, բուզուկի էի նվագում։ Ցանկանում էի զբաղվել իմ սիրած գործով։ Շատ բախտավոր եմ, որ իմ ցանկությունն իրականացավ։
-Նախորդ համերգին կատարեցիք Ձեր հիթերն ու նոր երգեր, որոնք սիրվեցին։ Ի՞նչ է սպասվում այս երեկո։
-Անակնկալ է։
-Եվս մեկ անգամ շնորհակալ եմ, որ ժամանակ տրամադրեցիք մեզ։ Հաճելի էր Ձեզ հետ զրուցելը։ Անհամբերությամբ սպասում ենք համերգին։
-Շատ շնորհակալ եմ։