Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցությունը շարունակաբար ընդլայնվում է. Գորիսում ընթանում է ապակենտրոնացված համագործակցության համաժողովը

6 րոպեի ընթերցում

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում ընթանում է Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովը։ 

Համաժողովի բացման արարողության ժամանակ ելույթ ունեցավ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ 

«Սրտանց ողջունում եմ բարձրաստիճան ներկայացուցչական կազմով Հայաստան ժամանած մեր ֆրանսիացի գործընկերներին, պատվիրակություններին, որոնցում ընդգրկված են ինչպես կառավարության ներկայացուցիչներ, ազգային և տեղական ընտրովի մարմինների ղեկավարներ, այնպես էլ հասարակական գործիչներ։ Հայաստանը բարձր է գնահատում ձեր արժեքավոր ավանդը Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների շարունակական զարգացման գործում։ Գոհունակությամբ եմ արձանագրում, որ Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցությունը, որը մեր միջպետական հարաբերությունների ամենադինամիկ ոլորտներից է, ամուր և ինստիտուցիոնալ հիմքերի վրա է։ Ուշագրավ է, որ դեռևս մինչև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը մեր երկու երկրների միջև արդեն Փարիզի շրջանի Բանյո քաղաքը քույր քաղաք է եղել Հայաստանի Վանաձոր քաղաքի հետ, իսկ հիմա մեր համագործակցության արդյունքում 5 տասնյակից այդպիսի քաղաքներ, քաղաքային միավորումներ ու համայնքներ կան։ Ֆրանսիայի տեղական իշխանությունների մեծաթիվ ներկայությունն այս համաժողովին արտահայտում է մեր ժողովուրդների բարեկամությունը, որի ողջ խորությունը վերջին տարիներին ավելի է ընդգծվել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Խուդաթյանը։ 

Նախարարը հավելել է, որ կանոնավոր և բարձրաստիճան երկխոսության շնորհիվ Հայաստանի և Ֆրանսիայի միջև ընդգրկուն օրակարգ է ձևավորվել է տարբեր ոլորտներում։ 

«Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է Սյունիքի մարզի դիմակայունության բարձրացումը, որը միտված է ինչպես անվտանգության, այնպես էլ տնտեսական, կրթական, առողջապահական և այլ կարողությունների զարգացմանն ու ամրապնդմանը։ Այս հարցում միջազգային մեր գործընկերների շարքում Ֆրանսիան ունի առանցքային դերակատարում, ինչի համար շնորհակալ եմ բոլորիդ»,- նշեց նախարարը։ 

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը իր ելույթում ընդգծեց, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև բազմաոլորտ համագործակցության ամենադինամիկ ուղղություններից մեկի՝ ապակենտրոնացված համագործակցության համաժողովի կազմակերպումը Գորիսում բնական է և սպասելի՝ հաշվի առնելով Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող շրջանների և դրանց թվում առաջնահերթ Սյունիքի մարզի զարգացման և դիմակայունության  բարձրացման նպատակը։ «Այս հստակ քաղաքական կամքի մասին է խոսում այսօր Գորիսում կայանալիք Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսի գրասենյակի պաշտոնական բացումը։ Հուսով ենք, որ ի կատարումն մեր երկու կառավարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության՝ մոտ ապագայում Սյունիքում կտեսնենք ֆրանսիական ընկերությունների ներգրավումը ռազմավարական նշանակության ենթակառուցվածքային նախագծի իրականացման գործում։ Պատմական բարեկամության վրա խարսխված մեր պետությունների միջև հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա՝ նպատակ ունենալով նաև օժանդակել Հայաստանին՝ հաղթահարելու տարածաշրջանային մարտահրավերները»,- ասաց Կոստանյանը։  

Փոխնախարարը հավելեց՝ Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցությունը շարունակաբար ընդլայնվում է՝ ներառյալ ռազմավարական ոլորտներում, որտեղ երկու երկրների կապերն օրեցօր ամրապնդվում են։ 

Տեսաուղերձով համաժողովի մասնակիցներին դիմեց նաև Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Դավիթ Վերտոլոտին, որը հայտարարեց, որ ելույթ է ունենում և համաժողովի բացման մասին հայտարարում է նախարար Ժան-Նոել Բարոյի անունից։ 

«Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին անվերապահ է, լիակատար և մշտական։ Մեր երկկողմ հարաբերությունների ամրապնդումն անհնարին կլիներ, առանց տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության ամենօրյա ներգրավվածության։ Դժվար է գտնել մեր երկու ժողովուրդների բարեկամության և սերտ կապերի ավելի գեղեցիկ օրինակ։ Այժմ մեր պարտքն է ավելի շատ կապեր ստեղծել և համակարգել մեր գործողությունները՝ դրանց ազդեցությունը բազմապատկելու նպատակով։ Հենց այս շրջանակում և այս ոգով էլ կազմակերպվել են այս հանդիպումները, որոնք պետք է ծառայեն որպես գործընկերների միջև շփումների, փորձի փոխանակումների հարթակ՝ Հայաստանի ինքնիշխանությանն ու դիմակայունությանն աջակցելու անընդհատ ձգտումով։ Այս համաժողովը կարևոր հանդիպում է և հնարավորություն կտա հստակ կերպով անդրադառնալ ապակենտրոնացված համագործակցության գործունեությանը վերաբերող մի շարք առանցքային թեմաների՝ ի նպաստ տարածքների տնտեսական զարգացման, երիտասարդության, տեղական կառավարման, կառավարման ոլորտում կանանց դերի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայ փախստականների կարիքների աջակցության»,- ասված է ուղերձում։

 

 

 

Հայերեն English Español Français Русский

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին

«Ուժեղ Հայաստան»-ի երևանյան գրասենյակի պատասխանատուն ընտրակաշառքներ է բաժանել․ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել

Այս տարվա հունվար–մայիս ամիսներին Հայաստան զբոսաշրջային այցելությունների ռեկորդային արդյունք է գրանցվել․ ԷՆ

Կառավարությունն ավելի քան 7 մլրդ դրամ կուղղի տարբեր ճանապարհահատվածների հիմնանորոգմանն ու կառուցմանը

Ռուսաստանը Հայաստանի արտադրանքի նկատմամբ սահմանափակումներ չի մտցրել․ Օվերչուկ

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ