Թուրքիա

ՆԱՏՕ-ի արտգործնախարարներն Անթալիայում քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտությունը. Ռյուտե

3 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ի արտգործնախարարներն Անթալիայում քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտությունը. Ռյուտե

Անթալիայում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման ժամանակ քննարկման գլխավոր թեմաներից մեկը եղել է ռուս-ուկրաինական հակամարտությունը։ Կողմերն իրենց աջակցությունն են հայտնել հակամարտությունը լուծելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործադրած ջանքերին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters գործակալությունից, այս մասին նախարարական հանդիպումից հետո հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

«Մենք քննարկել ենք Ուկրաինայի դեմ Ռուսաստանի շարունակվող պատերազմը։ Մենք վերահաստատել ենք մեր լիակատար աջակցությունը նախագահ Թրամփի հրատապ ջանքերին՝ հնարավորինս արագ պատերազմը հասցնելու արդար և տևական ավարտի», - ասել է Ռյուտեն։

Նա շեշտել է, որ երբ կողմերի միջև հրադադարի կամ խաղաղության համաձայնություն ձեռք բերվի, այն պետք է լինի տևական։

«Գնդակը, միանշանակ, Ռուսաստանի դաշտում է։ Ռուսները հիմա ուղարկել են ցածր մակարդակի պատվիրակություն, և չեն օգտվում հնարավորությունից։ Ուկրաինան, ակնհայտորեն, պատրաստ է խաղալ գնդակ, բայց գնդակը հիմա Ռուսաստանի դաշտում է», - հավելել է Ռյուտեն։

Բացի այդ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Եվրաատլանտյան տարածքում կայունության պահպանման գրավականներից մեկն է համարել պաշտպանական ոլորտում ներդրումների ավելացումը։

«Այս ամենը, պաշտպանական ոլորտում ներդրումների ավելացումը, պաշտպանական արդյունաբերական հզորությունների բարձրացումը և Ուկրաինային շարունակական աջակցությունը կօգնեն պահպանել կայունությունը մեր Եվրատլանտյան տարածքում», - ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը:

Ռյուտեն նշել է, որ պաշտպանական ծախսերն ավելացնելու հարցով Գերմանիան սկսում է առաջատարի տեղ գրավել։ Ըստ Ռյուտեի՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցները պետք է կենտրոնանան պաշտպանական արդյունաբերական արտադրության վրա։

«Ռուսաստանը, որոշ հաշվարկներով, երեք ամսում զինամթերքի առումով արտադրում է այնքան, որքան ամբողջ ՆԱՏՕ-ն արտադրում է մեկ տարվա ընթացքում, իսկ Ռուսաստանն ունի ՆԱՏՕ-ի ընդհանուր տնտեսության ընդամենը 5%-ը.... Ռուսաստանը երկարաժամկետ սպառնալիք է», -  ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Թուրքիայում մայիսի 15-ին տեղի են ունենում մի քանի կարևոր հանդիպումներ՝ Անկարայում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի միջև, Անթալիայում՝ ՆԱՏՕ-ի երկրների արտգործանխարարների միջև, իսկ Ստամբուլում ակնկալվում են ռուս-ուկրաինական ուղիղ բանակցություններ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում