Քաղաքականություն

ԱԺ հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակի վերաբերյալ հայտարարության նախագծին

6 րոպեի ընթերցում

ԱԺ հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակի վերաբերյալ հայտարարության նախագծին

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը մայիսի 15-ի նիստում քննարկեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ներկայացրած՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ ԱԺ հայտարարության նախագիծը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Տիգրան Աբրահամյանը նշեց, որ հայտարարության անհրաժեշտությունը պայմանավորված է հայ ժողովրդի զգալի մասնակցությամբ և կարևոր ներդրմամբ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում։ 

Աբրահամյանը ընթերցեց հայտարարության տեքստը, որում նշված է․ 

«Ուղիղ 80 տարի առաջ քաղաքակիրթ մարդկությունը հավաքական ջանքերով և մեծ զոհողությունների գնով կարողացավ հաղթանակ տանել նացիստական Գերմանիայի և նրա դաշնակիցների նկատմամբ:
Երկրորդ համաշխարհային պատերազմը ոչ միայն իր ծավալներով էր աննախադեպ, այլ նաև իր բնույթով, այն քաղաքակրթական պայքար էր ընդդեմ այլատյացության:

Ֆաշիզմի դեմ հաղթանակում առանցքային էր Խորհրդային Միության դերը: Պատերազմում  բեկումնային էին  Ստալինգրադի և Կուրսկի ճակատամարտերը, իսկ Եվրոպայի ազատագրումը ֆաշիզմից  անհնար էր առանց խորհրդային զինվորի սխրանքի:

Հայ ժողովուրդն աշխարհի տարբեր անկյուններում հսկայական ներդրում է ունեցել չարիքի առանցք հանդիսացող նացիզմի դեմ տարված հաղթանակում:

Հայության ներդրումը հատկապես շոշափելի էր Հայրենական մեծ պատերազմի տարիներին: Լինելով Սովետական Միության կազմի մեջ մտնող համեմատաբար փոքրաթիվ բնակչություն ունեցող հանրապետություններից՝ Հայաստանի Սոցիալիստական Հանրապետության մասնակցությունը հաղթանակի կերտման գործում ուղղակի հսկայական էր: Հայրենիքի պաշտպանության ընդհանուր գործում զգալի էր նաև արցախահայերի ավանդը, ընդ որում՝ այդ ավանդը ոչ միայն ռազմական գործողություններին ուղղակի մասնակցության մեջ դրսևորվեց, այլ նաև հաղթանակին նպաստող այլ բնագավառներում:

Անուրանալի է հայկական ազգային դիվիզիաների հերոսական մարտական ուղին, հայ զորահրամանատարների ու բարձր հրամանատարական կազմի ներկայացուցիչների բացառիկ կազմակերպչական տաղանդն ու զինվորների սխրանքը:

Ֆաշիզմի դեմ հաղթանակում բացառիկ էր նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և սփյուռքի դերակատարումը:
Հայությունն իր կարևոր մասնաբաժինն ունի մեծ հաղթանակի կերտման փառահեղ գործում, ու այդ ամենն արվել է նաև հայ ժողովրդի որդիների արյամբ և տառապանքի գնով:

Ի դեպ, նույն խորհրդանշական օրը, Մեծ հաղթանակի ժառանգները, 1992-ի մայիսի 9-ին ազատագրեցին հայոց բերդաքաղաք Շուշին՝ հաղթանակ ապահովելով նեոֆաշիստական ռեժիմի դեմ:

80 տարի առաջ նացիստական Գերմանիան պարտվեց, բայց դժբախտաբար ֆաշիզմի, այլատյացության ու անհանդուրժողականության դրսևորումներն այսօր էլ ոչ միայն գոյություն ունեն, այլ նաև ակտիվորեն կիրառվում և պարբերաբար կյանքի են կոչվում աշխարհի տարբեր անկյուններում:

2023 թ. սեպտեմբերին Ադրբեջանը կազմակերպեց Արցախի բնիկ հայերի էթնիկ զտումներ, որը հանգեցրեց այնտեղ հազարամյակներով ապրող ողջ հայ բնակչության բռնի տեղահանման:

Սա ի՞նչ է, եթե ոչ ֆաշիզմի դասական դրսևորում: Եվ եթե ժամանակին գերմանական ֆաշիզմն ու դրա պարագլուխները դատապարտվեցին, ապա նեոֆաշիզմի գաղափարախոսները հանդես են գալիս կեղծ թեզերով՝ չարժանանալով քաղաքակիրթ մարդկության պատշաճ դատապարտմանն ու պարսավանքին։

Մենք համոզված ենք, որ քաղաքակիրթ մարդկությունն իր վճռական «ոչ»-ը պետք է ասի 21-րդ դարում ֆաշիզմի և նացիզմի ցանկացած դրսևորմանը»։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, հարակից զեկուցող Հասմիկ Հակոբյանը նշեց, որ թեև ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը ամբողջ մարդկության համար է մեծ իրադարձություն, բայց հայտարարության տեքստում այն ներկայացվում է չափազանց միակողմանի։ 

«Այն համամարդկային համագործակցությունը, որն ապահովեց այս հաղթանակը, փաստացի անտեսված է։ Շեշտը դրված է բացառապես Խորհրդային Միության վրա՝ շրջանցելով այնպիսի պետությունների ներդրումը, ինչպիսիք են Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և այլն»,- ընդգծեց պատգամավորը։

Նա նաև տարակուսանք հայտնեց տեքստում արված համեմատության վերաբերյալ՝ նկատի ունենալով Հայրենական մեծ պատերազմի ավարտը և Շուշիի ազատագրումը։

«Սրանք 47 տարվա տարբերությամբ տեղի ունեցած իրադարձություններ են, որոնց կապն արհեստական է՝ հաշվի առնելով պատմական ժամանակի, քաղաքական ու միջազգային ընկալման համատեքստերը»,- ասաց նա։

Հասմիկ Հակոբյանը հավելեց, որ հայտարարության բուն իմաստը պետք է միավորող լիներ՝ հիմնված խաղաղության, հաշտեցման ու պատմական ճշմարտության վրա, մինչդեռ փաստացի այն պարունակում է բաժանարար շեշտադրումներ։ 

Նա հիշեցրեց, որ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ նման հայտարարությունները նախկինում արվել են երկրի բարձրագույն ղեկավարների՝ նախագահի, վարչապետի կամ ԱԺ նախագահի անունից, և նախադեպ չի եղել ԱԺ կողմից առանձին հայտարարության ընդունման։

Հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց նախագծին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում