Մշակույթ

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը դաշնակահար Յուջա Վանգի մասնակցությամբ շքեղ համերգով տոնեց 100-ամյակը

10 րոպեի ընթերցում

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը դաշնակահար Յուջա Վանգի մասնակցությամբ շքեղ համերգով տոնեց 100-ամյակը

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախուբը, որը հարյուր տարի աշխարհին է ներկայացնում հայ և համաշխարհային երաժշտարվեստը, մայիսի 14-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում շքեղ համերգով տոնեց հոբելյանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգի հատուկ հյուրն էր հանրաճանաչ դաշնակահարուհի Յուջա Վանգը, որին ոլորտի ներկայացուցիչները սենսացիոն երաժիշտ են համարում։

Սպասված երեկոյին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ կատարեց Դմիտրի Շոստակովիչի «Տոնական նախերգանք»-ը, այնուհետև նվագախմբին միացավ Յուջա Վանգն ու վիրտուոզ կատարմամբ հնչեց Սերգեյ Պրոկոֆևի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը։ Համերգի երկրորդ հատվածում նվագախումբը կատարեց Արամ Խաչատրյանի թիվ 2 սիմֆոնիան («Զանգերով»):

Համերգին ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, այլ պաշտոնյաներ, մշակույթի և արվեստի ոլորտի ներկայացուցիչներ։

Մինչ համերգի մեկնարկը բեմ բարձրացավ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նա նշեց՝ արդեն 100 տարի Ֆիլհարմոնիկի ﬕջոցով հաղորդակցվում ենք երաժշտական մշակույթի գլուխգործոցներին, 100 տարի է, ինչ անընդﬔջ յուրացնում ենք դասականության չափանիշները, 100 տարի է, ինչ հաստատում ենք համաշխարհային երաժշտության և ազգային կոմպոզիտորական արվեստի տարածման ﬔր հանձնառությունը՝ լինելով ﬕջազգային երաժշտական ընտանիքի լիիրավ անդամ: 

«Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ﬔր քաղաքակրթական ցուցիչն է, որն արդեն 100 տարի մասնագիտական բարձրագույն չափանիշներով և պատասխանատվությամբ, դասական արժեքներին անշեղ հավատարմությամբ պահպանում է երաժշտական սերունդները։ Այս ընթացքը նրանք առաջ են տարել ﬔր պատմության վերելքներով և անկուﬓերով, ազգային հուսահատության պահերին, բայց ﬕշտ՝ վերականգնվող հավատով և լավատեսությամբ։ Այս գործին և գաղափարին այսպիսի նվիրումով կարող էին ծառայել ﬕայն պետականակենտրոն դեմքերը՝ անկախ պետության այս կամ այն շրջանի կարգավիճակից և ընկալուﬕց։ Մեր խոնարհուﬓ ենք բերում անցյալի բոլոր լուսավոր անուններին՝ դիրիժոր, թե կատարող, պետական գործիչ, թե մանկավարժ, որոնք իրենց կյանքն ու աշխատանքը նվիրել են Ֆիլհարմոնիկ նվագախմբի կայացմանը, զարգացմանը»,-ասաց նախարարը։

Անդրեասյանը շեշտեց՝ այսօր էլ հպարտությամբ կարող ենք փաստել, որ Ֆիլհարմոնիկ նվագախումբը հավատարիմ է ﬓում համաշխարհային դասական երաժշտության յուրացման, հանրայնացման իր առաքելությանը։ 

Նվագախմբի 100-ամյակը հավուր պատշաճի նշանավորելու համար ՀՀ վարչապետի որոշմամբ կազմավորվել է հոբելյանական հանձնաժողով՝  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ: Տարվա ընթացքում նախատեսվում են համերգներ այլ հռչակավոր երաժիշտ կատարողների և դիրիժորների մասնակցությամբ, ինչպես նաև մարզային և արտերկրյա հյուրախաղեր։

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հիմնադրվել է 1925-ին երաժշտագետ Արշակ Ադամյանի և կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի կողմից: Կազմավորվելով խորհրդային ժամանակաշրջանում՝ այն տարիներ շարունակ ճանաչվել է նախկին Խորհրդային Միության առաջատար նվագախմբերից մեկը: Նվագախումբը եղել է աշխարհահռչակ հայազգի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մի շարք ստեղծագործությունների առաջին կատարողը՝ հաճախ հենց նրա ղեկավարությամբ: Ֆիլհարմոնիկի հետ Խաչատրյանի առաջին հեղինակային համերգը տեղի է ունեցել 1939-ին: Այդ տարիներին նվագախումբը հանդես է եկել այնպիսի անվանի դիրիժորների ղեկավարությամբ, ինչպիսիք են Ալեքսանդր Մելիք-Փաշայանը, Կուրտ Մազուրը, Կարլո Չեկկին, Ֆրանց Կոնվիչին, Ռեյնգոլդ Գլիերը և շատ ուրիշների: Ելույթ է ունեցել համաշխարհային հռչակ վայելող երաժիշտներ Դավիդ Օյստրախի, Սվյատոսլավ Ռիխտերի, Մստիսլավ Ռոստրոպովիչի, Էմիլ Գիլելսի և այլոց հետ: Այդ շրջանում զարգացում ապրեց նաև հայ կատարողական արվեստը, Ֆիլհարմոնիկի հետ ելույթներով փայլեցին թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանը, ջութակահարներ Ժան Տեր-Մերկերյանը, Անահիտ Ցիցիկյանը, Ռուբեն Ահարոնյանը, մեներգիչներ Նար Հովհաննիսյանը, Շարա Տալյանը, Գոհար Գասպարյանը, Տաթևիկ Սազանդարյանը, Լուսինե Զաքարյանը և այլք:

Հատուկ նվագախմբի համար ստեղծագործություններ են գրել հայ ժամանակակից կոմպոզիտորներ Ավետ Տերտերյանը, Ղազարոս Սարյանը, Էդգար Հովհաննիսյանը և Տիգրան Մանսուրյանը: Նվագախումբը սերտ համագործակցել է ժամանակակից կոմպոզիտորներ Գիա Կանչելիի, Սոֆյա Գուբայդուլինայի, Ռոդիոն Շեդրինի, Դմիտրի Կաբալևսկու և Քշիշտոֆ Պենդերեցկու հետ: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ստեղծման պաշտոնական տարեթիվը համարվում է 1925-ի մարտի 20-ը, որը նշանավորվել է պետթատրոնում կայացած համերգով: Այդ ժամանակ նվագախումբը կոչվում էր Կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախումբ, 1933-ի հունվարի 20-ին բացվեց օպերային թատրոնը, որն իր կազմում ներգրավեց Կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախումբը՝ Գ. Բուդաղյանի ղեկավարությամբ: Նվագախմբի սիմֆոնիկ համերգները հիմնականում տեղի էին ունենում հայֆիլհարմոնիայի փոքր դահլիճում (այժմ՝ Առնո Բաբաջանյանի համերգասրահ):

1956-ի սեպտեմբերի 4-ին ՀՍՍՀ կուլտուրայի մինիստրության կոլեգայի որոշմամբ հայֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախումբը վերանվանվեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և շուրջ 34 տարի հայտնի էր այդ անվամբ։ 1990-ի սեպտեմբերի 16-ին նվագախմբի ընդհանուր ժողովը որոշեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը վերանվանել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի, իսկ 2015-ին ստացավ ազգային կարգավիճակ և մինչ այժմ գործում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ անվամբ:

1953-ի մայիսի 17-ին բացվեց հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճը, այժմյան «Արամ Խաչատրյան» համերգասրահը, բացումը նշանավորվեց ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով, որը ղեկավարում էր դիրիժոր Մ. Մալունցյանը: «Արամ Խաչատրյան» համերգասրահը հանդիսանում է Ֆիլհարմոնիկ նվագախմբի հանդիսավայրը: 

Այսօր Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Հայաստանում պրոֆեսիոնալ նվագախմբային արվեստի ազգային կենտրոն է, որը դասական կատարողական արվեստի բնագավառում սահմանել է բարձր նշաձող ողջ տարածաշրջանի համար: 

Այս տարիներին Ազգային ֆիլհարմոնիկն ունեցել է 18 գլխավոր դիրիժոր, որնց թվում են ականավոր դիրիժորներ Արշակ Ադամյանը, Ալեքսանդր Սպենդիարյանը, Սուրեն Չարեքյանը, Գևորգ Բուդաղյանը, Կոնստանտին Սարաջյանը, Միքայել Մալունցյանը, Օհան Դուրյանը, Արամ Քաթանյանը, Դավիթ Խանջյանը: Նվագախմբի միակ այլազգի գլխավոր դիրիժորը եղել է Վալերի Գերգիևը (1980-1985):

Նվագախմբի պատմության մեջ կարևոր տարիներ էին հետխորհրդային 90-ականները, երբ սիմֆոնիկ նվագախումբ ունենալը մեծ շքեղություն էր թվում պատերազմից, երկրաշարժից ու շրջափակումից հյուծված և զգալի արտագաղթ ունեցող նորանկախ Հայաստանի Հանրապետության համար: Այդ ճակատագրական ժամանակահատվածում նվագախումբը ղեկավարում էր դիրիժոր, կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանը (1989 - 1998 և 1999 - 2000թթ): Այս եռանդուն ու նվիրված ղեկավարի ջանքերով Ֆիլհարմոնիկը ոչ միայն գոյատևեց, այլև հույսի ու գոտեպնդման աղբյուր դարձավ հայ ժողովրդի համար: Այդ մութ ու ցուրտ տարիներին «Արամ Խաչատրյան» համերգասրահը միակ լուսավոր ու տաք օջախն էր, ուր մարդիկ ամեն ուրբաթ գալիս էին ջերմացնելու իրենց սրտերը դասական երաժշտության հնչյուններով: Նվագախմբի կազմում գործում էր նաև մեծ երգչախումբ, կից կար նաև երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբ: 

2000-ից Ազգային ֆիլհարմոնիկը թևակոխեց մեկ այլ նշանակալի ժամանակաշրջան՝ գեղարվեստական ղեկավարն և գլխավոր դիրիժորը Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ: Թոփչյանը նվագախմբի ամենաերկարակյաց գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է։ 2025-ին լրանում է Թոփչյանի ղեկավարման 25 տարին: Նրա ղեկավարման տարիներին նվագախմբի կատարողական վարպետությունը սրընթաց բարձրաձավ միջազգային բարձր մակարդակի: 

Ազգային ֆիլհարմոնիկն իր ակտիվ և բազմամյա գործունեության շնորհիվ դարձել է Հայաստանի մշակութային դեսպանը ողջ աշխարհում` հանդես գալով երկու տասնյակից ավելի երկրների հեղինակավոր համերգասրահներում նաև Հայաստանում հյուրընկալելով միջազգային մեծ համբավ ունեցող բազում մենակատարների և դիրիժորների:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում