ՀՀ ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային շեմը հանվում է

6 րոպեի ընթերցում

ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն առաջարկում է մի շարք փոփոխություններ և լրացումներ  կատարել ՀՀ ոստիկանությունում ծառայության անցնելու մասին օրենքում, ինչի արդյունքում կառույցում ծառայության անցնելու տարիքային շեմը կհանվի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 8-ին կայացած ՀՀ կառավարության նիստի ժամանակ Արփինե Սարգսյանը շեշտեց, որ պարբերաբար փոփոխում են այն կարգավորումները, որոնք խոչընդոտում են կադրային քաղաքականության որդեգրված մոտեցմանը, որն ունի ՀՀ կառավարությունը ոստիկանության հանդեպ, այն է՝ ճկուն մեխանիզմների պայմաններում ներգրավվել բարեվարք և պրոֆեսիոնալ կադրերի, պարբերաբար նրանց անցկացնել կրթական տարբեր խողովակներով՝ զարգացնելով նրանց կարողություններն ու հմտությունները։

«Ծառայության մասին օրենքի համաձայն՝ 18-ից 35 տարեկան անձիք կարող են հավակնել մուտք գործել ոստիկանական համակարգ։  Երբ ցանկանում ենք հասկանալ պատճառաբանությունը, հիմնավորումներն այդ տարիքի նախատեսմամբ, փաստում ենք, որ չկան հիմնավորումներ, որոնք թույլ կտան շարունակել պահպանել այս կառուցակարգը։ Միջազգային պրակտիկան, ոստիկանական աշխատանքի փոփոխության միտումները մեզ թույլ են տալիս նշելու, որ կարևորը որակն է, որակական հատկանիշներն են, որոնք պետք թույլ տան պետությանը ընտրելու, ֆիլտրելու և հետագայում ծառայության անցկացնելու ոստիկանության համակարգում։ Ըստ այդմ՝ առաջարկում ենք վերին շեմը՝ 35 տարին դուրս բերել օրենսդրական կարգավորումներից և կենտրոնանալ անձի որակական հատկանիշների վրա, ֆիզիկական պատրաստակամության, կրթության վրա ու տարբեր պրոցեսների արդյունքում արդեն ընտրել կոնկրետ ոստիկանության ծառայողին»,-շեշտեց Սարգսյանը։

Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ արդեն ունեն համանման մեխանիզմ, որը պետք է դառնա համընդհանուր ոստիկանության ծառայության դեպքում։ «Ցանկանում ենք իրականացնել բաց ընդունելություն, բաց ընդունելության արդյուքնում IQ թեստավորման, ֆիզիկական պատրաստության ստուգման, հետագայում նաև հոգեբանի ներգրավմամբ իրականացված հարցազրույցի արդյունքներով ընտրել այն կադրերին, որոնք պետք է անցնեն կրթական համապատասխան խողովակով և ոստիկանության մասը կազմեն»,-ավելացրեց ՆԳ նախարարը։

Անդրադառնալով  համայնքային ոստիկանությանը՝ Արփինե Սարգսյանն ընդգծեց, որ շուրջ 700 թափուր հաստիք ունեն։

«Այս ծառայությունը կարևոր նշանակություն ունի համայնքի հետ ամենօրյա սերտ աշխատանքի,  ոչ մեծ, միջին ծանրության հանցագործությունների  բացահայտման և պրոֆիլակտիկ աշխատանքների տեսանկյունից։ Քրեական ոստիկանության օրինակով առաջարկում ենք անցկացնել բաց ընդունելություն, որին կարող են մասնակցել թե՛ քաղաքացիական անձիք, թե՛ ոստիկանության գործող ծառայողները՝ անցնելով բոլոր ֆիլտրերով, որոնք վկայակոչեցի։ Եթե նրանք ՀՀ ներքին գործերի նախարարության կրթահամալիրում բարեհաջող ավարտեն կրթական պրոցեսը, ապա կհամարվեն ատեստավորված և կշարունակեն ծառայությունը համայնքային ոստիկանությունում»,-ասաց նախարարը։

Նա հավելեց՝ այս նախաձեռնությունը շուրջ 250 հազար ՀՀ դրամի չափով դրամական բավարարում ստացող ծառայողին թույլ կտա ունենալ շուրջ 500 հազար դրամական բավարարում, ինչը մի կողմից կբարձրացնի ծառայության գրավչությունը, մյուս կողմից չի խոչընդոտի այն բոլոր սկզբունքների իրացմանը, որոնք որդեգրել է ոստիկանությունը՝ ընտրել այն կադրերին, որոնք ունակ են իրականացնելու ոստիկանության առջև դրված խնդիրները և ստանալ արժանապատիվ վարձատրություն։

«Սա  մեկանգամյա կիրառման պրոցես է լինելու, որովհետև հաջորդիվ գնալու ենք միասնական ընդունելության խողովակով, որը պարեկային ծառայության ընդունելության խողովակն է։ Հաշվի առնելով դրա ժամանակատարությունը՝ այս պահին սա որպես միջանկյալ միջոց ենք առաջարկում, որը թույլ կտա կարգավորել ընթացիկ հարցերը»,-նշեց նախարարը։

Նա խոսեց նաև ատեստավորման համակարգից բխող մեկ այլ մոտեցման մասին։ Սարգսյանն ասաց՝ արդեն իսկ ընդունված օրենսդրական կարգավորումներով համակարգ ընդունված թույլ աշխատակցին միայն վեց ամիս անց էին թույլ տալիս հավակնել ատեստացիայի և ավելացնելու դրամական բավարարումը։ Այժմ վեց ամսվա փոխարեն նախատեսում են կիրառել երկու ամսվա կանոնը, որովհետև կարծում են՝ դա ևս լրացուցիչ խթան կլինի ոստիկանության համակարգ մուտք գործող անձանց մոտիվացնելու, ինչպես նաև պատրաստվելու ատեստավորման, բարձրացնելու ֆինանսական բաղադրրիչը, որը կարող է ծառայողն ունենալ ծառայության անցնելու պայմաններում։

Նախարարի զեկույցը լսելուց հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ ինքը ևս մտածել է այն հարցի շուրջ, թե ինչու 36 տարեկան մարդուն չի կարելի ոստիկանական ծառայության անցնել, ուստի ողջունում է նախագիծը։ Վարչապետն առաջարկեց նաև վերանայել մարդկանց աշխատանքի ընդունելիս նրանց հասակին ուշադրություն դարձնելու պահանջը՝ շեշտելով, որ, եթե մարդը ցածրահասակ է, չի նշանակում, որ չի կարող ունենալ համապատասխան հմտություններ ոլորտում աշխատելու համար։

Հայերեն

Արման Թաթոյանը համոզված է, որ հզոր պետություն ունենալու հիմքում հզոր գիտությունն է

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է. Մարկո Ռուբիո

ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով

Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը

Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին