Թուրքիա

Իսրայելը և Թուրքիան Ադրբեջանում բանակցություններ կանցկացնեն Սիրիայի հարցով

2 րոպեի ընթերցում

Իսրայելը և Թուրքիան Ադրբեջանում բանակցություններ կանցկացնեն Սիրիայի հարցով

Թուրքիան և Իսրայելը մայիսի 8-ին Բաքվում կանցկացնեն Սիրիայում լարվածության նվազեցման և բախումների կանխարգելման վերաբերյալ բանակցությունների երկրորդ փուլը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Syria TV-ն։

Իսրայելի հեռուստառադիոհեռարձակող ընկերությունը հայտարարել է, Ադրբեջանի միջնորդությամբ բանակցությունները նպատակ ունեն մեղմել լարվածությունը և կանխել Իսրայելի ու Թուրքիայի միջև բախումը Սիրիայում։

Բանակցությունների ընթացքում Իսրայելը կներկայացնի երկու հիմնական պահանջ՝ առաջին՝ ապահովել, որ Սիրիայի հետ սահմանի մոտ իր անվտանգությանը սպառնացող որևէ ռազմական ուժ չլինի, և երկրորդ՝ հաստատել, որ Սիրիան չի ունենա ռազմավարական զենքեր, որոնք կարող են անմիջական սպառնալիք ներկայացնել Իսրայելի ազգային անվտանգության համար։

Ավելի վաղ՝ ապրիլի 10-ին, Բաքվում տեղի էր ունեցել Սիրիայում լարվածությունը նվազեցնելու և բախումները կանխելու նպատակով Թուրքիայի և Իսրայելի միջև բանակցությունների առաջին փուլը։ 

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի կողմից տարածված հայտարարության մեջ հաստատվել էր, որ երկու երկրների բարձր մակարդակի պատվիրակությունների միջև տեղի է ունեցել «անվտանգային-քաղաքական» հարցերին առնչվող հանդիպում՝ Սիրիայում թուրքական ռազմական ներկայության շուրջ լարվածության սրման ֆոնին տարածաշրջանային տարաձայնությունները քննարկելու համար։

The Times of Israel-ը, վկայակոչելով իսրայելցի պաշտոնյայի, հայտնել էր, որ Իսրայելը «լավատեսորեն է տրամադրված» Սիրիայում Թուրքիայի հետ լարվածության թուլացման շուրջ բանակցությունների հարցում։ Պաշտոնյան հավելել էր, որ Իսրայելը «նույնիսկ պատրաստ է Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքում սահմանափակ ռազմական բազա պահպանելու հնարավորությանը»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում