Երկարաժամկետ կայուն աճի ապահովման համար անհրաժեշտ են կառուցվածքային բարեփոխումներ. ԿԲ նախագահ
2 րոպեի ընթերցում

Երկարաժամկետ կայուն տնտեսական աճի ապահովման համար առանցքային են կառուցվածքային բարեփոխումները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մայիսի 6-ի ասուլիսում հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշի կանխատեսման հնարավոր վերանայման վերաբերյալ լրագրողի հարցին:
«Լավատեսական, վատատեսական սցենարներ այլևս չունենք: Ասում ենք, որ Հայաստանի տնտեսության զարգացման հնարավոր ուղիների վերաբերյալ ունենք որոշակի հեռանկարային սցենարներ, որոնց ներքո փորձում ենք կառուցել մեր քաղաքականության առաջնագիծ ընթացքը: Արդեն արձանագրեցի ներկայացրածս Բ տիպի սցենարների նյութականանալու ավելի մեծ հավանականության մասին: Քննարկման ընթացքում ԿԲ խորհրդի որոշ անդամներ բարձրաձայնել են այն թեզը, որ հնարավոր է տնտեսությունը թուլանա ավելի արագ տեմպերով, քան ակնկալում է շուկան, ինչի արդյունքում մեր արձագանքը պետք է լինի տոկոսադրույքների նվազեցումը: Բայց դրան հակակշիռ խոսել ենք նաև Ա տիպի սցենարների մասին, որոնք կարող են բերել մեր տոկոսադրույքների երկարաժամկետ մակարդակով ավելի բարձր ցուցանիշին: Այս երկուսը հավասարակշռելով ենք տոկոսները թողել անփոփոխ»,- նշեց Մարտին Գալստյանը:
Նա գտնում է, որ Հայաստանում երկարաժամկետ կայուն տնտեսական աճ ապահովելու համար ավելի շատ անհրաժեշտ է կենտրոնանալ կառուցվածքային փոփոխությունների վրա:
«Միջին եկամտային կամ միջին բարձր եկամտային խմբի երկրների համար, եթե մտածում ենք երկարաժամկետ կայուն աճ ապահովելու հեռանկարի կամ աճի կետերի մասին, կառուցվածքային բարեփոխումներն առանցքային են»,- նշեց ԿԲ նախագահը:
ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը մայիսի 6-ի նիստում որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման գործող տոկոսադրույքը՝ 6.75%։