Տեղի է ունեցել ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի խորհրդի ամենամյա նիստը
9 րոպեի ընթերցում
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Խթանելով ՀՀ ԱԺ արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը (Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան ՆՀԺԽ 2.0)» ծրագրի խորհրդի մայիսի 5-ին տեղի է ունեցած ամենամյա նիստին մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը, ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրները, ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը, ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը, ներկայացուցիչներ ԱԺ աշխատակազմից:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, ողջունելով խորհրդի նիստի մասնակիցներին՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը համոզմունք է հայտնել, որ խորհրդարանական զարգացման ծրագրի գործունեությունն Ազգային ժողովում դժվար է թերագնահատել: Այն ընդգրկում է ծավալուն աշխատանք թե՛ մշտական հանձնաժողովների և թե՛ Ազգային ժողովի աշխատակազմի հետ: ԱԺ նախագահն առանձնացրել է մի քանի ոլորտ, որտեղ ծրագրի ներգրավվածությունը կենսական է եղել Ազգային ժողովի արդյունավետ գործունեության համար: Դրանց թվում են թվայնացման օրակարգի խթանումը, նախաօրենսդրական գործընթացներին աջակցությունը, երիտասարդների ներգրավման ծրագրերը, կարողությունների հզորացումն ու Ազգային ժողովի բարեփոխումների ռազմավարության նախապատրաստական աշխատանքները:
Ալեն Սիմոնյանը վստահեցրել է, որ ընթացիկ տարում այս ձեռքբերումների վրա կկառուցվեն հետագա քայլերը, և մատնանշել առաջնահերթ ուղղությունները՝ Ազգային ժողովի թվայնացման օրակարգի զարգացում, ԱԺ բարեփոխումների ռազմավարության ընդունման և իրագործման աջակցություն, հանրային քաղաքականության գործընթացների ամրապնդում, կանանց և երիտասարդների ներգրավման ընդլայնում, Ազգային ժողովի՝ որպես կանաչ խորհրդարանի կարողությունների զարգացում:
«Այս գործընթացներում մեզ համար անգնահատելի է Շվեդիայի և Կանադայի կառավարությունների աջակցությունը, ինչպես նաև ՄԱԶԾ խորհրդարանական զարգացման ծրագրի ներդրումը Հայաստանի խորհրդարանական ժողովրդավարության ամրապնդման գործում: Երախտապարտ եմ բոլոր գործընկերներին համատեղ աշխատանքի համար: Շնորհակալ եմ Ազգային ժողովի աշխատակազմին և վստահ եմ, որ հետագայում ևս խորհրդարանական զարգացման ծրագիրը շարունակելու է նպաստել Հայաստանի Ազգային ժողովի ինստիտուցիոնալ զարգացմանը՝ ամրապնդելով թափանցիկ, արդյունավետ և ներառական խորհրդարանական համակարգ»,- ելույթի ավարտին ընդգծել է ԱԺ նախագահը:
«Շվեդիան երկար ժամանակ եղել է հանձնառու գործընկեր՝ աջակցելու Հայաստանում ժողովրդավարական կառավարմանը, թափանցիկությանն ու ներառականությանը: «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագիրը վկայությունն է Հայաստանի աներկբա հանձնառության՝ ամրապնդելու ժողովրդավարական հաստատությունները»,- ողջունելով խորհրդի նիստի մասնակիցներին՝ ասել է ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը: Նա նշել է, որ անցյալ տարի նշանակալի ձեռքբերումներ են արձանագրվել, որոնք առանցքային քայլեր են դեպի ավելի արձագանքողունակ, հաշվետու և քաղաքացիակենտրոն Ազգային ժողով: Ընդգծելով հանրային իրազեկման և ներառականության ուղղությամբ իրականացված գործողությունները՝ դեսպանը տեղեկացրել է, որ ծրագրի շրջանակում կոնկրետ քայլեր են ձեռնարկվել համաներառելու գենդերազգայուն քաղաքականությունները Հայաստանի խորհրդարանում: Պատրիկ Սվենսոնը կարևոր նախաձեռնություն է համարել նաև ծրագրի շրջանակում տեղի ունեցած Կլիմայի փոփոխության և էներգետիկ անցման թեմայով համաժողովը: Նշվել է, որ համաժողովի ընթացքում ընդգծվել է բնապահպանական կայունության առումով օրենսդրական գործողություններ ձեռնարկելու հրատապ անհրաժեշտությունը: Դեսպանն ընդգծել է, որ Շվեդիան պատրաստ է շարունակելու աջակցել Հայաստանին՝ նշելով, որ արդիականացման ջանքերը կարևոր են Հայաստանում ժողովրդավարության զարգացման ու ամրապնդման գործընթացներում:
«Ժողովրդավարությունը շարունակական գործընթաց է: Հայաստանում ժողովրդավարության ուղղությամբ իրականացվող քայլերը տպավորիչ են: Հայաստանն ու Ազգային ժողովը կարևորագույն դերակատարում ունեն ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման հարցում»,- ասել է ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրները՝ ընդգծելով Կանադայի մասնակցությունն ու աջակցությունը Հայաստանին:
ԱԺ տեղեկացմամբ՝ ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, շնորհակալություն հայտնելով ռազմավարական գործընկերներին աջակցության համար, նշել է, որ խորհրդարանները ժողովրդավարական կառավարման սիրտն են: «ՄԱԶԾ-ն ևս շարունակում է իր հանձնառությունը՝ աջակցել Հայաստանում ժողովրդավարական կառավարման, թափանցիկության և ներառական քաղաքականության մշակման գործընթացին»,- ասել է Նաթիա Նացվլիշվիլին՝ տեղեկացնելով, որ անցած տարվա ընթացքում էական քայլեր են իրականացրել ԱԺ ինստիտուցիոնալ կարողությունների ընդլայնման հարցում: «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագիրը նա բնութագրել է որպես կերպափոխիչ ծրագիր:
ՄԱԶԾ «Խթանելով ՀՀ ԱԺ արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը (Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան ՆՀԺԽ 2.0)» համակարգող Ռուզաննա Հայրապետյանը ներկայացրել է ծրագրի՝ 2024 թվականի հիմնական ձեռքբերումները, ինչպես նաև 2025 թվականի գործողությունների պլանը: Շնորհակալություն հայտնելով նախորդ տարի կատարված աշխատանքների համար՝ Ռուզաննա Հայրապետյանը նշել է, որ 2024 թվականին նախանշվել և հաստատվել է ՀՀ ԱԺ ռազմավարության տեսլականը: Իսկ 2025 թվականին արդեն առկա է ռազմավարության և ճանապարհային քարտեզի նախագիծը, ինչպես նաև իրականացվելիք գործողությունների պլանը: Մանրամասն ներկայացնելով իրականացվող ծրագրերը` Ռուզաննա Հայրապետյանն անդրադարձել է գենդերային հավասարության և սոցիալական ներառականության, «Երիտասարդների խորհրդարան» ծրագրերին, կայուն զարգացման նպատակներին վերաբերող նոր գործիքակազմին, Հաշվեքննիչ պալատի թվայնացմանը, Հաշվեքննիչ պալատի մարդկային ռեսուրսների համակարգի արդիականացմանը: Նա տեղեկացրել է, որ 2025 թվականին տեղի են ունենալու կիբեռանվտանգության համատեքստում արհեստական բանականությանը վերաբերող մի շարք վերապատրաստման դասընթացներ, ինչպես նաև մի շարք հարթակներում կկայանան քննարկումներ կլիմայի փոփոխությունների օրակարգի վերաբերյալ: Հարցուպատասխան ձևաչափի շրջանակում ծրագրի համակարգողը տվել է պարզաբանումներ իրականացվող աշխատանքների վերաբերյալ:
Ներկայացնելով ՀՀ Ազգային ժողովի նոր պաշտոնական ինտերնետային կայքէջի կառուցվածքը, տեսլականը՝ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը նշել է, որ համատեղ աշխատանքներում և ծրագրերում անկյունաքարային է Հայաստանի Ազգային ժողովի և Ազգային ժողովի աշխատակազմի գործունեության թվայնացման գործընթացների աջակցությունը:
Ամփոփելով՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել աջակցության համար՝ հույս հայտնելով, որ համագործակցությունը շարունակական բնույթ կկրի:
ՄԱԶԾ-ի «Խթանելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը» ծրագիրն իրականացվում է Շվեդիայի կառավարության, Կանադայի կառավարության և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աջակցությամբ: