REA ցանցի ճարտարապետական ուսանողական շաբաթը Գյումրիում համախմբել էր տարբեր երկրների գիտնականների և ուսանողների
5 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի և Արևելյան ու Կենտրոնական Եվրոպայի բարձրագույն ճարտարապետական դպրոցների ցանցի (REA) և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կողմից կազմակերպվող ամենամյա համաժողովն այս տարի անցկացվեց Հայաստանում։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ծրագրին հայկական կողմից մասնակցել են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դասախոսներն ու ուսանողները՝ ընդհանուր 17 դասախոս և 22 ուսանող՝ 11-ը Հայաստանից, 11-ը՝ արտերկրից՝ Լեհաստանից, Ֆրանսիայից և Ուկրաինայից։

Ապրիլի 22-ից մայիսի 3-ն անցկացված համաժողովի այս տարվա թեման էր՝ «Քաղաքային լքված տարածքներ. սահմանը հնի ու նորացվածի միջև»։ Ծրագիրն իրականացնելու համար ընտրվել էր Գյումրին, իսկ ուսանողական հետազոտության առարկան՝ ՀԽՍՀ ժողովրդական ճարտարապետ Արթուր Թարխանյանի հայտնի մոդեռնիստական հուշարձան հանդիսացող «Ջրի էլեգիա» շատրվանը։

Ցանցը, որը գործում է արդեն ավելի քան 20 տարի, նախատեսում է տարբեր երկրների ուսանողների մասնագիտական աշխատանքային շաբաթ։ «Կարծում եմ՝ թեմային շատ համահունչ էր Գյումրու ընտրությունը․ հետաքրքիր ու բազմաշերտ քաղաք է, և մենք կարողացանք մեր գործընկերներին փոխանցել նրա մշակույթը։ Արտերկրից ժամանած ուսանողները կվերադառնան նոր գիտելիքներով ու տպավորություններով, իսկ Գյումրին ու Հայաստանը կմնան նրանց մասնագիտական կենսագրության անբաժան մասը։ Այս համագործակցությունը միավորում է տարբեր ճարտարապետական դպրոցներ և ուսուցման ձևեր։ Սա ոչ միայն ուսումնական և մասնագիտական փոխանակում է, այլև՝ մշակութային ու բարեկամական կապերի ամրապնդում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի քաղաքաշինության ամբիոնի վարիչ Զարուհի Մամյանը՝ հավելելով, որ շաբաթը ներառել է նաև դասախոսական գիտաժողով, նախագծային աշխատարաններ, ճանաչողական այցեր պատմամշակութային վայրեր, ինչպես նաև հանդիպումներ՝ միջազգային ճանաչում ունեցող ճարտարապետների հետ։

Հայաստանը վերջին անգամ ուսանողներին և դասախոսներին հյուրընկալել էր 2007 թվականին՝ Ջերմուկ քաղաքում։
Գյումրիում Ֆրանսիան ներկայացնող՝ Լեոնի ճարտարապետական դպրոցի ներկայացուցիչ, ճարտարապետ և ինժեներ Հոնորինե Սալոմեն նշեց, որ տեսնում է տարածքի մեծ ճարտարապետական ներուժը։ Նա առաջարկում է «Ջրի էլեգիա» շատրվանի տարածքը կանաչապատել, ինչը, ըստ նրա, կլինի առաջին քայլը տարածքը վերակենդանացնելու ուղղությամբ։

Թուլուզի Ազգային ճարտարապետական դպրոցի դասախոս, ճարտարապետ Պիեր Կուրտադը, ով արդեն երկրորդ անգամ էր այցելում Հայաստան, բարձր է գնահատել համագործակցությունը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ։ «REA ցանցի նպատակը դասախոսների և ուսանողների համատեղ աշխատանքն է՝ տարբեր երկրներում տարբեր թեմաների շուրջ։ Այս տարի ունենք երեք դասախոսություն, որոնք ներկայացնում են բացառապես ուսանողների կատարած աշխատանքները։ Սա վկայում է հայ ուսանողների բարձր պատրաստվածության մասին»,- նշեց Պիեր Կուրտադը։
Ուսանողները աշխատել են խմբակային ձևաչափով՝ ինչպես նախապես մշակված նախագծերի, այնպես էլ տեղում իրականացված աշխատանքների միջոցով։

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մագիստրատուրայի ուսանողուհի Դիանա Ասլանյանն այս փորձառությունը համարում է ոչ միայն մասնագիտական, այլև ուսման մեծ մոտիվացիա։ «Սա մեծ հնարավորություն է մեզ համար։ Տեսնում ենք՝ ինչպես են տարբեր երկրներից ուսանողները մոտենում նախագծմանը, համեմատում ենք, սովորում միմյանցից։ Յուրաքանչյուր տարի REA ցանցը բարձրաձայնում է որևէ կարևոր ճարտարապետական խնդիր, և մենք փորձում ենք տալ մասնագիտական լուծումներ։ Օրինակ՝ անցած տարի Թուլուզում քննարկվող թեման ջրային տարածքների ազդեցությունն էր հարակից բնակավայրերի վրա, իսկ մեր խումբը ներկայացրել էր «Սևանա լճի և հարակից բնակավայրերի կառուցապատման խնդիրները» թեմայով նախագիծ»։
Ֆրանսիայի և Արևելյան ու Կենտրոնական Եվրոպայի բարձրագույն ճարտարապետական դպրոցների ցանցը (REA) իր գործունեությունը սկսել է 1989 թվականից։ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի անդամակցությունը ցանցին համարվում է ռազմավարական նշանակություն ունեցող քայլ և նպաստում է միջազգային կապերի զարգացմանը։