Հայաստան

Արայիկ Հարությունյանը լրատվամիջոցներին կոչ է արել միասին աշխատել՝ շտկելու ոլորտում առկա իրավիճակը

2 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանը լրատվամիջոցներին կոչ է արել միասին աշխատել՝ շտկելու ոլորտում առկա իրավիճակը

Կառավարությունը շարունակելու է ամենաժողովրդավար պետությունների փորձի ներդրումը, բայց լրատվամիջոցների, լրագրողների կողմից արագ ինքնակարգավորումը պետք է դառնա օրվա հրամայական: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին շեշտել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: 

«Սիրելի լրագրողներ, լրատվամիջոցներ և լրագրողական միություններ, այսօր հետևել եմ Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանի լուրջ առաջընթացի վերաբերյալ հրապարակումների մեկնաբանություններին: Հաստատ լուրջ մտորելու տեղ ունեք, որովհետև ակնհայտ է, որ հանրությունն արձանագրել է, որ պետությունն ապահովել է մամուլի աննախադեպ ազատություն, բայց ձեր կողմից այդ ազատությունը մեկնաբանվում է որպես սանձարձակություն, անհանդուրժողականության հրահրման հնարավորություն, սադրանք հրահրելու միջոց»,– «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման մեջ նշել է Հարությունյանը:

Նա վստահեցրել է, որ շարունակելու են ամենաժողովրդավար պետությունների փորձի ներդրումը, բայց լրագրողների, լրատվամիջոցների կողմից արագ ինքնակարգավորումը պետք է դառնա օրվա հրամայական:

«Այլապես հանրությունը ստիպելու է իշխանություններին կարգավորման լուրջ գործիքներ կիրառել, որը դուք կորակեք որպես խոսքի ազատության սահմանափակում: Կոչ եմ անում միասին աշխատել այս իրավիճակը շտկելու համար: Մանավանդ, որ աշխատակազմում ստեղծվել է Մասնակցային և բաց կառավարման վարչություն, որը պատրաստ է քննարկել այդ հարցերը»,–եզրափակել է Հարությունյանը:

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության հրապարակած «Մամուլի ազատության համաշխարհային ինդեքս» 2025–ում Հայաստանը բարելավել է իր դիրքերը 9 հորիզոնականով և հայտնվել 34–րդ հորիզոնականում:  

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում