Հայաստանը գնում է ճիշտ ճանապարհով. Արայիկ Հարությունյանն անդրադարձել է միջազգային կազմակերպության հրապարակած տվյալներին
2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության հրապարակած տվյալներին, ըստ որոնց՝ «Մամուլի ազատության համաշխարհային ինդեքս» 2025–ում Հայաստանը բարելավել է իր դիրքերը և հայտնվել 34–րդ հորիզոնականում՝ 73.96 միավորով: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ Հայաստանը գնում է ճիշտ ճանապարհով:
«Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանը շատ բարձր՝ 34-րդ տեղում է: Իհարկե, այս լուրը գրելուց վերնագրերը կրկին կլինեն մանիպուլյատիվ: Բայց ով ինչ գրի, ամեն դեպքում գնում ենք չափազանց ճիշտ ճանապարհով, ինչի առիթով շնորհավորում եմ բոլորիս: Սա մի ցուցանիշ է, որի մասին մի 20 տարի շարունակ կարելի էր միայն երազել:
«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպությունը հրապարակել է 2025 թվականի Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսը, որում Հայաստանը 9 տեղով բարելավել է նախորդ տարվա ցուցանիշը։
180 երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է 34-րդ հորիզոնականը։ 2024 թվականին Հայաստանը 71,6 միավորով զբաղեցրել էր 43-րդ հորիզոնականը, իսկ 2023-ին 70,61 միավորով 49-րդ տեղում էր։
Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է մամուլի ազատության առումով։ Վրաստանը նախորդ տարվա համեմատ նահանջել է 11 հորիզոնականով և զբաղեցնում է 114-րդ տեղը, Ադրբեջանը 167-րդ տեղում է, Թուրքիան 159-րդն է, Իրանը՝ 176-րդ, ՌԴ-ն նախորդ տարվա համեմատ նահանջել է 9 տեղով և այժմ 171-րդն է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը: