3 րոպեի ընթերցում
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանի ահազանգին, ըստ որի՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն իրենց հասցեին վիրավորական արտահայտություններ է հնչեցրել և սպառնալիքներ ներկայացրել:
Ավելի վաղ նաև ակտիվիստ Արթուր Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր, որ Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարը իրենց հրապարակած տեսանյութից հետո զանգահարել է իրեն և Մեսրոպ Մանուկյանին՝ սպառնալով և անհարգալից խոսքեր հնչեցնելով։
«Գիտեք, արդեն երեք տարի է, ինչ քաղաքապետարանի տարբեր աշխատանքների վերաբերյալ ստանում եմ նմանատիպ ահազանգեր։ Տարբեր դեպքերում մենք ուսումնասիրել ենք այդ ահազանգերը, և մոտավորապես միայն 5 տոկոս դեպքերում է իրապես խնդիր արձանագրվել։
Կոնկրետ այս դեպքում, որ նկարագրում եք, խոսքը մի մանկապարտեզի մասին է, որը քաղաքապետարանը դեռևս չի ընդունել (խմբ. խոսքը հրապարակված տեսանյութի մասին է)։ Այո, այնտեղ կան խնդիրներ. Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչությունը ամբողջությամբ դեռ չի վճարել գումարը։ Հիմա ընթանում է այդ խնդիրների լուծման գործընթացը՝ շինարարին, տեխնիկական հսկողին և մնացած պատասխանատուներին աշխատեցնելու միջոցով, ինչով էլ զբաղվում է Երևանի քաղաքապետը։
Արդեն երեք տարի է, բոլոր այն շինարարական ծրագրերում, որտեղ խնդիրներ են եղել, մենք դրանց արձագանքել և համապատասխան շտկումներ ենք իրականացրել։ Այսինքն՝ երբեք չի եղել դեպք, երբ մենք աշխատանքն ավարտած և ընդունած լինենք, և այնուհետև պարզվի, որ բարձրաձայնված մտահոգությունները համապատասխանում են իրականությանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Ավինյանը։
Քաղաքապետը նշեց, որ այն պահից, երբ անձանց կողմից անձնական վիրավորանք է հնչում կամ անցնում են բարոյականության սահմանը, բնական է, որ ցանկացած մարդ կարող է նյարդայնանալ։
«Ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ՝ ով կարծում է, թե կարող է վիրավորել անձին և պատասխան չստանալ, չարաչար սխալվում է»,- եզրափակեց Ավինյանը։
Ավելի վաղ, ակտիվիստ Արթուր Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր, որ Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարը իրենց հրապարակած տեսանյութից հետո զանգահարել է իրեն և Մեսրոպ Մանուկյանին՝ սպառնալով և անհարգալից խոսքեր հնչեցնելով։