Երկրները պետք է հարգեն միմյանց տարածքային ամբողջականությունը. Փեզեշքիանը՝ Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման մասին
2 րոպեի ընթերցում

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա երկրների կողմից միմյանց տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի հիման վրա։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Իրանի նախագահը հայտարարել է ադրբեջանական AzTv պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով Հարավային Կովկասում հաղորդակցային ուղիների ապաշրջափակման հարցի շուրջ Երևանի և Բաքվի միջև առկա տարակարծություններին և բարդություններին։
Հարցազրույցը պարսկերենից թարգմանել է Caspian Frontiers տելեգրամյան ալիքը
Փեզեշիքանը, պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է Իրանը տեսնում Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցի լուծումը, մասնավորապես Ադրբեջանի բուն տարածքից Հայաստանի Հանրապետության տարածքով դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն անցման ապահովումը, նշել է, որ երկրները պետք է հարգեն միմյանց տարածքային ամբողջականությունը և աչք չունենան միմյանց տարածքների վրա։
Իրանի նախագահի դիտարկմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային և տարածքային խնդիրները կարող են վերանալ միայն այն ժամանակ, երբ երկու երկրների քաղաքական և առևտրային հարաբերությունները կարգավորվեն՝ հաշվի առնելով երկու կողմերի իրավունքները։
«Սա առաջին և հիմնական օրենքն է։ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային և տարածքային խնդիրները կարող են վերանալ միայն այն ժամանակ, երբ երկու երկրների քաղաքական և առևտրային հարաբերությունները կարգավորվեն՝ հաշվի առնելով երկու կողմերի իրավունքները։ Այս խնդրի լուծմանն օժանդակելու համար մենք այժմ աշխատում ենք պատրաստել Իրանի ճանապարհը, որպեսզի Ադրբեջանի մեր սիրելի եղբայրներն ու քույրերը կարողանան Իրանի տարածքով հասնել Նախիջևան։ Այդ ուղղությամբ ճանապարհաշինական և երկաթուղային աշխատանքները ընթանում են արագ տեմպերով։ Մենք արդեն այդ հարցի շուրջ պայմանավորվել ենք, և, Աստծո կամքով, Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության հաստատման հարցում որևէ խոչընդոտ չի առաջանա»,-նշել է Իրանի նախագահը։