Իրան

Իրանի նավահանգստում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ

2 րոպեի ընթերցում

Իրանի նավահանգստում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ

Առնվազն 4 մարդ է զոհվել Պարսից ծոցի ափին գտնվող իրանական Շահիդ Ռաջայի նավահանգստում ապրիլի 26-ի կեսօրին տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի փրկարար ծառայության ղեկավար Բաբակ Մահմուդին: Հայտարարվել է նաև 516 տուժածի մասին:

Նավահանգստի բեռների տերմինալի ղեկավար Փաժման Բեհզադպուրն ավելի վաղ իրանական Etemad Online գործակալությանը հայտնել էր, որ պայթյունը որևէ կապ չունի բեռների ընդունման տերմինալի և վտանգավոր նյութերի պահեստի հետ: Այդպիսով, նա հերքել էր նավահանգստի մաքսային վարչության հնչեցրած այն ենթադրությունը, որ պայթյունը, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել վտանգավոր և քիմիական նյութերի պահեստում: 

Բենդեր Աբբաս քաղաքից 23 կմ արևմուտք գտնվող նավահանգստում հզոր պայթյունը որոտացել է ապրիլի 26-ի կեսօրին՝ վառելիքի բաքում բռնկված հրդեհի հետևանքով: Այն այնքան ուժեղ է եղել, որ զգացվել է կիզակետից առնվազն 20 կիլոմետր հեռավորության վրա՝ Պարսից ծոցի Քեշմ կղզում։ Մի քանի կիլոմետր շառավղով գտնվող կառույցներում վնասվել են պատուհանները: Փլուզվել է նավահանգստի շենքերից մեկը։

Հաղորդվում է նաև, որ դեպքի վայրում բռնկված հրդեհի մարմանը ներգրավվել են  Արտակարգ իրավիճակների ծառայությունների ուղղաթիռները: Մոտակա քաղաքներից դեպքի վայր են ուղևորվել շտապօգնության 15 մեքենաներ և արտակարգ իրավիճակների 4 ավտոբուսներ։ Ջահրոմ և Լար քաղաքների արտակարգ ծառայությունները լիակատար պատրաստության վիճակում են։

Ներկայում ամբողջ նավահանգստի աշխատանքը դադարեցված է։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում