Գիտության ոլորտի ֆինանսավորումը կախված է նաև գիտնականներից և նրանց նախաձեռնություններից. ՀՀ նախագահ
4 րոպեի ընթերցում

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հայտարարել է, որ Հայաստանը վերջին տարիներին գիտության բնագավառում ձեռքբերումներ ունի, որոնք հետևողական աշխատանքի արդյունք են։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ նախագահն ասել է Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ժողովի ժամանակ։
«Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ժողովների ժամանակ միշտ էլ խոսում ենք և դրականի և բացասականի մասին, բայց այսօրվա իրավիճակում ավելի կարևոր է խոսելն այն մարտահրավերների մասին, որոնց առջև կանգնած է ոչ միայն Հայաստանը, այլև ամբողջ մարդկությունը։ Միայն արհեստական բանականությունը բավարար է, որպեսզի մենք օրերով, ամիսներով, տարիներով խոսենք, թե ինչ կարող ենք անել և ինչ պետք է անենք, որ այսպիսի լրջագույն բարեփոխումներից հետ չմնանք, որպեսզի կարողանանք մենք էլ մեր ներդրումն ունենանք դրանում։ Սա միայն Հայաստանին չի վերաբերում, բոլոր երկրներն էլ ցանկանում են իրենց ներդրումն ունենալ։ Ես վստահ եմ, որ այս հարցում Հայաստանն էլ այստեղ իր տեղն ու դերը պետք է ունենա»,- ասաց ՀՀ նախագահը։
Նախագահը հիշեցրեց, որ 2019 թվականին պետական բյուջեից գիտության ոլորտի ֆինանսավորումը կազմել է 16.8 միլիարդ դրամ, 2024 թվականին՝ 32 միլիարդ դրամ՝ շեշտելով, որ 2019-2024 թվականներին գիտության ոլորտի ֆինանսավորումը գրեթե կրկնապատկվել է։
Խոսելով ռազմարդյունաբերության ոլորտի մասին՝ նախագահը շեշտեց, որ 2021 թվականից այդ ոլորտը լրջորեն ֆինանսավորվել է, սակայն մինչ օրս թերակատարում է եղել։ «Անընդհատ մոտ 5-6 միլիարդ դրամի հատկացումներ են կատարվել, բայց ծախսվել է դրա 40-50 տոկոսը։ Ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում։ Ես շատ բնական եմ համարում, որ իսկապես այդպես էլ կարող է լինել։ Ի վերջո, գումարը կա, իսկ այդ ոլորտում գործունեությունը ենթադրում է գիտահետազոտական լուրջ աշխատանք։ Մենք այստեղ մի խնդիր ունենք, ակտիվություն է պետք, պետք է այդ բնագավառում գործունեություն ծավալող անձանց պետք է խնդրենք ավելի ակտիվ լինենք։ Ես վստահեցնում եմ, որ վերջին տարիներին այս ոլորտում կառավարման որակը բարելավվել է, ամեն ինչ արվել է, որ ոլորտը հեռու լինի բյուրոկրատական քաշքշուկներից։ Սա խրախուսված չի եղել նախկինում, որովհետև մեր ընդհանուր քաղաքականությունը եղել է այն, թե ինչու մենք պետք է ներսում սպառազինություն արտադրենք, եթե դրսից ձեռք բերելը տնտեսապես ավելի արդյունավետ է։ 2020 թվականի պատերազմը ցույց տվեց, որ սա սխալ քաղաքականություն է եղել։ Ես կարող եմ ձեզ ասել, որ գործող կառավարության հետևողական քաղաքականության արդյունքում այս ոլորտում լուրջ աշխատանքներ են իրականացվել։ Ես չեմ կարող հրապարակավ ասել, թե մենք ինչ հաջողություններ ունենք այստեղ, բայց վստահ եղեք, որ դրանք ի նպաստ են Հայաստանի անվտանգության ու պաշտպանունակության բարձրացմանը։ Ֆինանսական միջոցները իրականում կան, եկեք տեր կանգնենք դրանց և արդյունավետ օգտագործենք»,- նշեց նախագահը։
Վահագն Խաչատուրյանի խոսքով՝ գիտության ոլորտի ֆինանսավորումը կախված է նաև գիտնականներից և նրանց նախաձեռնություններից։ «Եթե կան այնպիսի նախաձեռնություններ, որոնք իսկապես ի նպաստ են լինելու պետության զարգացմանը, անվտանգությանը, պաշտպանունակության բարձրացմանը, դրանց համար գումարներ հաստատ կլինեն»,- վստահեցրեց Խաչատուրյանը։
ՀՀ նախագահը խոսեց նաև կրթության որակի բարձրացման կարևորության մասին։ Այդ համատեքստում նա անդրադարձավ ՀՀ կառավարության Ակադեմիական քաղաք նախագծին՝ գիտնականներին կոչ անելով սատար կանգնել այդ ծրագրի կյանքի կոչմանը։ «Ես ձեզ վստահեցնում եմ, որ Ակադեմիական քաղաքը նոր հնարավորություններ է տալու»,- նշեց նա։