Մշակույթ

Միայն սերն է ինձ ոգեշնչում երգել, գրել, ստեղծագործել. Ավրաամ Ռուսոն Երևանում հանդիպեց երկրպագուներին

4 րոպեի ընթերցում

Միայն սերն է ինձ ոգեշնչում երգել, գրել, ստեղծագործել. Ավրաամ Ռուսոն Երևանում հանդիպեց երկրպագուներին

Ազգությամբ հայ երգիչ, ՌԴ վաստակավոր արտիստ Ավրաամ Ռուսոն, որն ավելի քան քսան տարի առաջ իր յուրահատուկ ձայնով, ինքնատիպ ոճով ու երաժշտական մոտեցումներով նոր շունչ հաղորդեց ռուսական շոու բիզնեսին, երբեք չի կորցրել կապը Հայաստանի հետ։ Հատկապես վերջին տարիներին արտիստը հաճախ է այցելում Հայաստան, հանդես գալիս համերգներով, նոր ձայնագրություններով ու համագործակցություններով։

Այս անգամ նրան Երևան էին բերել առաջիկա համերգն ու իր հեղինակած գրքերը, որոնք Ռուսոն ներկայացրեց ապրիլի 22-ին երկրպագուների հետ կազմակերպված հանդիպմանն ու համերգին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ անգամ անձրևն ու քամին չխանգարեցին, որ Ռուսոն զրուցի ներկաների հետ, պատմի գրքերի մասին ու կատարի իր հիթերը, որոնք նրա հետ հավասար երգեցին բոլոր երկրպագուները։

Ավրաամ Ռուսոն ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում։ Հայրը Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից է եղել, մայրը՝ բժշկուհի։ Հոր մահից հետո Ռուսոն մոր և եղբոր հետ տեղափոխվել է Փարիզ, որտեղ մասնակցել է տարբեր երաժշտական մրցույթների։ Ավրաամ Ռուսոն հետագայում մի քանի տարի անցկացրել է Լիբանանի փակ վանքերից մեկում։ Տասնվեց տարեկանից գումար է վաստակել՝ երգելով սրճարաններում և ռեստորաններում։ Համալսարանն ավարտելուց հետո պրոֆեսիոնալ երգով է զբաղվել։

Նրա երաժշտական կարիերան ծաղկում է ապրել Մոսկվայում, որտեղ ծնվել են նրա լավագույն երգերը։ 

«Իմ մայրը մահացել է հունվարին Հայաստանում՝ իր սիրելի հողի վրա։ Նա շատ հայրենասեր էր։ Շատ էր ցանկանում ինձ նվիրել Աստծուն, ուզում էր՝ վարդապետ դառնամ։ Դժբախտաբար կամ բարեբախտաբար այդ ուղին չընտրեցի, չմնացի վանքում, չընդունվեցի ճեմարան, այլ սկսեցի երգել, սակայն ուսանողական տարիներին աստվածաբանություն եմ ուսումնասիրել։ Այս գրքերով ցանկացա ցույց տալ այն ճշմարտությունը, որն ինքս եմ բացահայտել»,-պատմում է երգիչն ու հավելում՝ գնացի այն ուղղությամբ, ուր քամին ինձ տարավ։

«Մի ուժ, որը դու չես նկատում,  տանում է քեզ այն ճանապարհով, որն անհրաժեշտ է։ Միայն սերն է ինձ ոգևորում երգել ու գրել, սերը բոլորի հանդեպ, սերն ինձ ուժ ու ստեղծագործելու կարողություն է տալիս»,-նշում է նա։

Ռուսոյի խոսքով՝ եթե գտնվի գեթ մեկ մարդ, որին իր գրքերը կօգնեն նորովի բացահայտել աշխարհը, ինքը երջանիկ կլինի։

Անդրադառնալով հայ լինելուն՝ երգիչն ասում է. «Ես մաքուր հայ եմ, այլ արյուն չունեմ, և հայ ազգն ինձ համար մեծ նշանակություն ունի։ Սիրում եմ յուրաքանչյուրիդ, յուրաքանչյուր մարդու, ով ներկա է այս երեկոյին, ով ապրում է այս հիանալի երկրում՝ Հայաստանում։ Ուզում եմ, որ երկիրը ծաղկի, իսկ սերն ու խաղաղությունը ներկա լինեն բոլորի տներում»,-մաղթում է երգիչն ու ընդգծում՝ Հայաստանում շատ լավ է իրեն զգում, զբոսնում է փողոցներում առանց ոևէ մեկի ուղեկցության։ Ասում է՝ կարող է սիրել ու բավականություն ստանալ ամեն բանից։

Ավրաամ Ռուսոն շուրջ մեկ ամիս առաջ երգ է ձայնագրել Արման Հովհաննիսյանի հետ, սիրով կհամագործակցի նաև այլ հայ արտիստների հետ, սակայն հաճախ է շրջագայում և պատասխանատվությամբ է մոտենում նաև զուգերգերին։ Նշում է՝ համագործակցությունները ժամանակ են պահանջում։ 

Ռուսոն, որն այժմ ապրում է ԱՄՆ-ում, առաջիկայում տոն կնվիրի իր երկրպագուներին՝ Երևանում հանդես գալով «25 տարի բեմում» հոբելյանական մենահամերգով, որը տեղի կունենա հունիսի 18-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում