Միացյալ Նահանգներ

Չինական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը «զգալիորեն կնվազեն». Թրամփ

2 րոպեի ընթերցում

Չինական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը «զգալիորեն կնվազեն». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է, որ Չինաստանից ներմուծվող ապրանքների համար հայտարարված 145% մաքսատուրքերը չափազանց բարձր են, և խոստացել է նվազեցնել դրանք ու հասնել Պեկինի հետ առևտրային համաձայնության: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփն ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։ 

«145% (մաքսատուրքերը) շատ բարձր են: Եվ դրանք այդքան բարձր չեն լինի։ Դրանք այդքան բարձրացել են, երբ մենք խոսում էինք ֆենտանիլի մասին. տարբեր տարրեր են նպաստել, որ այդ թիվը հասնի 145%-ի։ Ոչ, դրանք (մաքսատուրքերը) նույնիսկ մոտ չեն լինի այդ թվին։ Դրանք զգալիորեն կնվազեցվեն, բայց չեն զրոյանա», - Թրամփի և լրագրողների հարցուպատասխանի տեսանյութն է տարածել LiveNOW from Fox-ը:

Թրամփը նաև լավատեսություն է հայտնել Չինաստանի հետ առևտրային համաձայնագիր կնքելու առնչությամբ։

«Մենք շատ սիրալիր կլինենք: Նրանք շատ սիրալիր կլինեն, և մենք կտեսնենք, թե ինչ կլինի: Բայց, ի վերջո, նրանք ստիպված կլինեն գործարք կնքել, քանի որ հակառակ դեպքում նրանք չեն կարողանա գործ ունենալ Միացյալ Նահանգների հետ», - ասել է նախագահը:

Նա պարզաբանել է, որ նման լավատեսության պատճառը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ իր «հիանալի հարաբերություններն» են։

Ավելի վաղ ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը կարծիք էր հայտնել, որ Չինաստանի հետ առևտրային դիմակայությունը վաղ թե ուշ կհանդարտվի։

«Կողմերից ոչ մեկը չի կարծում, թե ներկայում ստեղծված իրավիճակը երկար կտևի», - փակ միջոցառումներից մեկի ժամանակ ասել է Բեսենթը, որի խոսքից մեջբերումներ է արել The Associated Press գործակալությունը:

Միևնույն ժամանակ նախարարը նշել էր, որ Պեկինի հետ բանակցությունները դյուրին չեն լինելու և պաշտոնապես դեռ չեն մեկնարկել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում