Քաղաքականություն

Առանց Հայոց ցեղասպանության ճանաչման Թուրքիան չի կարող ապագա կառուցել․ «Ցեղասպանության հակառակորդների միության» ղեկավարներ

6 րոպեի ընթերցում

Առանց Հայոց ցեղասպանության ճանաչման Թուրքիան չի կարող ապագա կառուցել․ «Ցեղասպանության հակառակորդների միության» ղեկավարներ

Ֆրանկֆուրտում գործող «Ցեղասպանության հակառակորդների միության» ղեկավար կազմի ներկայացուցիչներ Սելայ Էրտեմը և Էրան Գյունդուզը վստահ են, որ եթե Թուրքիան իր սեփական պատմության հետ չառերեսվի, չճանաչի Հայոց ցեղասպանությունը և չհատուցի դրա համար, ապագայում որպես պետություն ո՛չ առաջընթաց կունենա, ո՛չ էլ կկարողանա ժողովրդավարական ապագա ձևավորել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ազգությամբ թուրք Սելայ Էրտեմը և քուրդ Էրան Գյունդուզը նման կարծիք են հայտնել «Թուրքիան կարող է ապագա ունենալ միայն այն դեպքում, եթե ճանաչի Ցեղասպանությունը և կատարի հատուցում» խորագրով ասուլիսի ընթացքում։ 

Ասուլիսի սկզբում ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, պատմական գիտությունների դոկտոր, ցեղասպանագետ Աշոտ Հայրունին նշեց, որ Ֆրանկֆուրտում գործող «Ցեղասպանության հակառակորդների միությունը» բավականին լուրջ և կարևոր գործունեություն է իրականացնում։ Սկսած միության հիմնադրումից՝ 1998 թվականից, այն իր հիմնական առաջադրանքներից մեկն է համարում Թուրքիայի պետական վարչակազմի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու հատուցումը․ «Միությունն այդ ամենն իրականացնում է անձնուրացաբար և մեծ նվիրվածությամբ»,- ասաց Հայրունին։

Միության ղեկավար կազմի ներկայացուցիչ Էրան Գյունդուզը նշեց, որ միությանն անդամակցել է 2000 թվականից և Հայաստանում է գտնվում արդեն 4-րդ անգամ։  

«Այս անգամ ես շատ ավելի ծանր զգացողությամբ եմ եկել Հայաստան, ինչը պայմանավորված է Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ տեղի ունեցած իրադարձություններով։ Ես քուրդ ալևի եմ, արտագաղթել եմ Գերմանիա, սակայն ես իմ պարտքն եմ համարում, որպեսզի Հայոց ցեղասպանությունը ճանաչվի և դատապարտվի»,-ասաց Գյունդուզը՝ նկատելով, որ հայ և քուրդ ժողովուրդներն ինչ-որ իմաստով բախտակիցներ են, քանի որ Թուրքիայի կողմից մշտապես ենթարկվել են հետապնդումների, ինչը շարունակվում է մինչ օրս։

Նա հավելեց, որ ինքը՝ որպես Ֆրանկֆուրտում գործող «Ցեղասպանության հակառակորդների միության» անդամ, տեսնում է այդ շարունակական բռնությունը Թուրքիայի կողմից և հաճախ ինքն իրեն հարց է տալիս, թե որտեղի՞ց է գալիս թուրքական այդ բռնությունը․ «Տարբեր վերլուծությունների արդյունքում գալիս ենք այն եզրակացությանը, որ այդ բռնության աղբյուրը հայերի և այլ ազգերի ցեղասպանության ժխտումն է, իրենց իրականացրած ցեղասպանություններին չառերեսվելը»։

Էրան Գյունդուզի խոսքով՝ կազմակերպության նպատակն է իրազեկել Թուրքիայի հասարակությանը և այդ ճանապարհով նպաստել ժխտողականության վերացմանը։

«Եթե Թուրքիան իր սեփական պատմության հետ չառերեսվի, ապա այդ դեպքում նա ոչ մի առաջընթաց չի ունենա, նա չի ունենա նաև ապագա»,-ընդգծեց Գյունդուզը։

«Ցեղասպանության հակառակորդների միության» ղեկավար կազմի ներկայացուցիչ Սելայ Էրտեմն ընդգծեց, որ կազմակերպության ստեղծման օրվանից իրենց կարևորագույն խնդիրն է եղել յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին հայ ժողովրդի հետ մասնակցել Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան նվիրված արարողություններին։ 

«Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի պատմության ամենաառանցքային մասն է, և եթե մենք չառերեսվենք դրա հետ և չկարողանանք տեսնել այն, ինչ իրականում եղել է, ապա Թուրքիան չի կարող առաջ գնալ։ Թուրքիան չի կարող նաև ժողովրդավարություն կառուցել։ Մենք ապրիլի 24-ին գնալու ենք Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Հուսանք, որ օրերից մի օր այդ օրը կհիշատակվի նաև Թուրքիայում։ Ցեղասպանությունից արդեն անցել է 110 տարի, սակայն, ցավոք, Թուրքիան այդ ոճրագործության ճանաչման ուղղությամբ ոչ մի քայլ չի իրականացրել»,-ասաց Սելայ Էրտեմը։

Ասուլիսին մասնակցում էր նաև տարիներ առաջ Թուրքիան լքած համշենահայ Ղուկաս Պապյանը։ Նա նշեց, որ բավական ուշ է իր ինքնությունը պարզել և հասկացել, որ ծագումով հայ է։ Նա պատմեց, որ Թուրքիայում 10 տարի բանտարկության մեջ է եղել նաև այն պատճառով, որ ազգությամբ հայ է։ Ղուկաս Պապյանը նշեց, որ բանտարկությունից ազատվելուց հետո կարողացել է լքել Թուրքիան՝ հաստատվելով Շվեյցարիայում։

«Համշենահայության շրջանում կա սոցիալական դուալիզմ․ նրանց մի մասը իր ինքնությանը հաղորդակից է, խոսում է հայերեն և ձգտում է պահպանել հայկական ինքնությունը, իսկ մյուս մասն՝ ընդհակառակը, փորձում է կոծկել, որ հայ է»,-ասաց Պապյանը։

Ասուլիսի ընթացքում Սելայ Էրտեմը և Էրան Գյունդուզն, անդրադառնալով հարցին, թե ի՞նչը կարող է ստիպել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, և թուրք հասարակությունը պատրա՞ստ է արդյոք Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ընդգծեցին․ «Թուրք հասարակությունը պատրաստ է ճանաչմանը, սակայն դրա համար անհրաժեշտ է տեղեկացվածություն ապահովել նրանց համար, քանի որ թուրք ժողովրդի մեծ մասը պարզապես տեղյակ չէ իրական պատմական իրադարձություններից։ Ինչ վերաբերում է Թուրքիա պետության կողմից ճանաչմանը, ապա այստեղ պետք է գործի միջազգային իրավունքը՝ ստիպելու Անկարային և գործող իշխանություններին առերեսվել իրականության հետ, ճանաչել Ցեղասպանությունը»։  

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում