ԿԸՀ նախագահը հայտնեց Հայաստանի նոր խորհրդարանի առաջին նիստի օրը
2 րոպեի ընթերցում

Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված խորհրդարանի առաջին նիստը տեղի կունենա օգոստոսի 2-ին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարություն է տարածել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի 100-րդ հոդվածի առաջին մասով, ինչպես նաև Ազգային ժողովի կանոնակարգ Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 32-րդ հոդվածի առաջին մասով, համաձայն որի՝ հերթական ընտրությունների դեպքում նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը հրավիրվում է նախորդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտի օրը, ժամը 10։00-ին, որի մասին հայտարարում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը՝ հայտարարում եմ.
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններով ընտրված նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի հրավիրման օրն է 2026 թվականի օգոստոսի 2-ի ժամը 10։00-ն»,- ասված է ԿԸՀ նախագահի հայտարարության մեջ։
Հուլիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արձանագրություններ է ստորագրել հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով խորհրդարան անցած քաղաքական ուժերին մանդատների տրամադրման մասին։ Ըստ այդմ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 29 մանդատ, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ։